Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Չգիտեմ Հայաստանն ինչպես կարող է օգտվել թագավարակից, բայց կփորձեմ ամփոփել այն տնտեսական մարտահրավերները, որոնք սպառնում են Հայաստանի և Արցախի Հանրապետություններին:
1. Պղնձի և այլ գունավոր մետաղների գների անկում:
Մեկ ամսվա ընթացքում պղնձի մեկ գծային տոննայի (metric ton) գինը Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange) $ 5,715-ի%ց ընկավ մինչև $ 5,530: Ընդ որում, ուրբաթ օրը, գները հինգշաբթի օրվա կատաստոֆիկ մինիմումից՝ $5,386 -ից մի քիչ բարձրաձցավ: Ի դեպ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում, պղնձի գները խիստ փոփոխական էին: Տե՛ս նկ. 1
Մոլիբդենի թիթեղի գները շարունակում են ընկնել, ճիշտ է ավելի դանդաղ քան փետրվարի վերջին երկու շաբաթների ընթացքում: Մեկ ամսում մեկ ֆունտի գինը $10.75-ից հասավ $9.08-ի: Ի տարբերությունը պղնձի ու ցինկի, նախորդ շաբաթ մոլիբդենի գինը «մարմանդ» սահում էր վար: Տե՛ս նկ. 2
Ցինկի գնի դինամիկան համարյա նույնությամբ կրկնում է պղնձի գների դինամիկային: Մեկ ամիս առաջ Լոնդոնում պղնձի մեկ տոննան վաճառվում էր $ 2,155-ով: Ուրբաթ երեկո բորսան փակվեց $ 1,986 գծանիշի վրա: Նախորդ շաբաթվա գները խիստ փոփոխական էին: Տե՛ս նկ. 3
Հստակեցնեմ, որ նշել եմ կանխիկ (cash) գները: Պղնձի երեք ամսվա պայմանագրային գինը $ 5,546 է:
Ինչու՞ սկսեցի գունավոր մետաղներից: Մեր արտահանման նոմենկլատուրայի առաջին հորիզոնականում պղնձի խտանյութն է, սար ենք քանդում ամենահետամնաց ազգերի նման: 2019 թ. արտահանել ենք 562,015.7 հազար տոննա պղնձի հանքաքար և խտահանք՝ 626,668.4 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ: Մեկ տոննա պայմանական հանքաքարն ու խտահանքի գինը կազմել է 1,115 դոլար: Համեմատության համար ասեմ, որ 2018-ին գինե կազմել է 1,237 դոլար: Գնի անկման պայմաններում հասույթի աճը կազմել է ավելի քան 19%: Հանքի արտահանումներն աճել են 32%: Կրկնեմ. սար ենք քանդում ամենահետամնաց ազգերի նման:
Մոլիբդենի խտահանքի և հանքաքարի արտահանումները կազմել են 17,901.9 հազար ԱՄՆ դոլար (2,092.4 տոննա), ցինկինը՝ 16,475.1 հազար ԱՄՆ դոլար (12,158.51 տոննա):
2019 թ. պղնձի հանքաքարի և խտահանքի արտահանումները կազմել են մեր արտահանումների .... 23.8%-ը: Նշված երեք մետաղների հանքանյութի արտահանումները կազմել են մեր արտահանումների 25.1%: Վստահ եմ, գիտակցում եք, թե ինչ հետևանք կունենա մետաղների գների անկումը մեր տնտեսության վրա:
Աղբյուր՝ https://www.petekamutner.am/Content.aspx…
2. Ռուսական ռուբլու արժեզրկում ՀՀ դրամի նկատմամբ:
Մեկ ամսվա ընթացքում ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ 7.52-ից (13.02.2020) իջավ մինչև 6.71 (13.03.2020): Դրամն արժևորվեց առավել քան 10%-ով:
Աղբյուր՝ https://www.cba.am/am/SitePages/ExchangeArchive.aspx…
Տես նկար 4.
Ի՞նչ վտանգներով է սա հղի: Դեպի Ռուսաստան մեր արտահանումները կազմում են մեր ընդհանուր արտահանումների 30%-ը՝ 733011.1 հազար ԱՄՆ դոլար Ընդ որում՝ ոչ հանքարդյունաբերական մասը: ՌԴ է արտահանվում թունդ սպիրտային խմիչքների (կոնյակի) 83%-ը, տեքստիլ արդյունաբերության 52%-ը, գյուղ. մթերքների և գյուղ. վերմաշակման արտադրանքի 80%-ը: Սրանք այն արտադրատեսակներն են, որոնց պահանջարկը խիստ էլաստիկ է գնի նկատմամբ, այսինքն՝ ինչքան գինը բարձր, այնքան պահանջարկը ցածր: Դրամի 10%-ի արժևորումը ռուբլու նկատմամբ կբերի մեր արտահանումների գնի ավելացմանն ու արտահանումների նվազմանը:
Աղբյուր՝ https://www.petekamutner.am/Content.aspx…
Ավելին: Վերցնենք կոնյակը: Շիշը, խցանը, որոշ արտադրողների պիտակները ներկրվում են Եվրոպայից: Եվրոյի նկատմամբ դրամի արժևորումը բերում է կոնյակի ինքնարժեքի բարձրացմանը: Արժեզրկվող ռուբլու ու նվազող վաճառքների պայմաններում կոնյակ արտադրող ընկերությունների շահույթը կնվազի: Չգիտեմ որքան, բայց կնվազի: Այսինքն՝ մոտավորապես գիտեմ, բայց չէի ուզենա պաշտոնավարման ժամանակ ստացված տեղեկությունները հանրայնացնել:
3. Նավթի գների գահավիժում
Որպես նավթամթերք ներկրող երկիր, թվում էր, որ նավթի գների անկումը պետք է դրական ազդեր մեր տնտեսության վրա: Բայց, հաշվի առնելով ՌԴ տնտեսության ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա (երբ ռուսները հազում են, մենք թոքաբորբ ենք ընկնում), ՌԴ տնտեսության անխուսափելի տկարացումը չի կարող չազդել ՀՀ տնտեսության վրա:
Նավթի գներն ընկնում են: Կանխատեսվում է, որ գները կընկնեն մինչև $ 20-25 մեկ բարելի դիմաց:Այսօր բրիտանական Brent-ի գինը հասել է $32-ի մեկ բարելի դիմաց: Ամերիկյան WTI-ը և ռուսական Ուրալը վաճառվում են 29-ով (Ուրալի գինը 3 օր առաջ, WTI-ի գինն՝ այսօր):
ՏԵս Նկար 5.
Ենթադրում եմ, որ ամերիկացիք, ռուսներն ու սաուդիները շուտով համաձայնության կգան: Բայց ե՞րբ....
Ռուսական տնտեսության տկարացումը կազդի մեր տնտեսության վրա երկու հիմնական ուղղությամբ:
3.1. Կնվազեն դեպի Հայաստան կատարվող տրանսֆերտները թե՛ դոլարային, թե ռուբլու արտահայտությամբ: Ավելի պարզ. Ռուսաստում գործն ավելի քիչ կլինի ու ավելի քիչ մարդ կկարողանա գնալ արտագնա աշխատանքի: Գնացածների աշխատավարձը, եթե նույնիսկ ռուբլով չպակասի, դոլարով կպակասի: Հետևաբար, կպակասի Հայաստան ուղարկվող գումարը:
3.2. Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումն, անկասկած, կբերի հայաստանյան ապրանքների պահանջարկի նվազմանը:
4. Թագավարակով պայմանավորված զբոսաշրջային հոսքի նվազում
Զբոսաշրջությունը հանդիսանում և հանդիսացել է ՀՀ բոլոր կառավարությունների առաջնահերթությունը: 2019-ին մոտ 1.9 մլն զբոսաշրջիկ է այցելել Հայաստան (այստեղ չեմ ուզում անդրադառնալ հաշվարկի մեթոդաբանությանը): Ամբողջ աշխարհում գործող տեղաշարժի սահմանափակումը չի կարող չհարվածել Հայաստանի զբոսաշրջության վրա: Օտարերկրյա զբոսաշրջիկների բացակայությունն իրենց մաշկի վրա կզգան զբոսաշրջային գործակալությունները, հյուրանոցները, ռեստորանները, զվարճանքի վայրերը, զբոսավարները, «պարսիկի բրոքերներն» ու նույնիսկ տաքսիստները և մթերային խանութները:
5.Ամենօրյա կյանքի խաթարում
Աստված մի արասցե, բայց թագավարակով պայմանավորված վիճակի հետագա վատթարացումը կարող է ազդել հիմնարկ ձեռնարկությունների բնականոն աշխատանքի և արտադրանքի/ծառայությունների ծավալների վրա:
6 Թագավարակով պայմանավորված ուղղակի ծախսեր
Գաղտնիք չէ, որ թագավարակի դեմ պայքարը պահանջում է միջոցներ: Այն միջոցները, որ կարող էին ուղվել տնտեսության զարգացմանը, այժմ պետք է ուղվեն հիվանդության դեմ պայքարին և հետևանքների վերացմանը:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Ստեղծված պայմաններում պետությունը պետք է ակտիվորեն միջամտի, որպեսզի կարողանա կանխել կամ նվազագույնի հասցնել տնտեսական անկումը: Անհրաժեշտ է մեծացնել փողի առաջարկը և խրախուսվի ապրանքների ու ծառայությունների պահանջարկը: Դրամը պետք է արժեզրկել ռուբլու նկատմամբ....
Ավելի մանրամասն՝ հաջորդիվ»: