Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը և դեսպանության աշխատակիցները ծաղկեպսակներ կխոնարհեն Վիեննայի կենտրոնում գտնվող Ֆրանց Վերֆելի հուշարձանի և հայ առաքելական Սբ․ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
Այս մասին դեսպան Պապիկյանը հայտնել է իր ուղերձում։
«Այսօր այլ երկրների շարքում մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ավստրիային և Սլովակիային հայ համայնքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտող դիրքորոշումների համար։ Հիշելով և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մենք ասում ենք. «Այլևս երբեք»»,- նշել է Արմեն Պապիկյանը։
Օսմանյան կայսրության կողմից 1915 թ․ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։
Ավստրիայի խորհրդարանի բոլոր` վեց խմբակցությունները 2015 թվականի ապրիլի 22-ին ընդունել են համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Հայտարարությունը հստակ սահմանում է, որ 1915 թ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է հղում Թուրքիային` առերեսվելու պատմության հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով:
Սլովակիայի ազգային ասամբլեայում 2004 թվականի նոյեմբերի 30-ին ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը։ 2011 թվականին էլ ընդունված օրենքի համաձայն՝ ցեղասպանության ժխտումը պատժվում է 5 տարի ազատազրկմամբ։