Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նավթի միջազգային գների անկումն աննախադեպ էր համաշխարհային տնտեսության պատմության ընթացքում, նման դեպք, երբ ունենք նավթի որոշ տեսակների բացասական գին, այսինքն ոչ թե զրոյական, այլ բացասական գին, լուրջ ցնցում է նավթի շուկայում, ընդ որում՝ այս ցնցումային իրավիճակը շարունակվելու է, մինչև խոշոր նավթարդյունահանող ընկերությունների կողմից վերջնական փոխհամաձայնացված որոշումներ չլինեն։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Նա ընդգծեց, որ վերջին շրջանում առկա միտումների պարագայում՝ Հայաստանում միանշանակ պետք է նավթամթերքի, մասնավորապես բենզինի գների անկում նկատվի։
«Բոլոր օբյեկտիվ հիմքերը կան նման գնանկում ունենալու համար, սակայն այդ գնանկումը պետք է լինի համարժեք համաշխարհային շուկայի գնանկման։ Այս պահին դեռևս գների նվազում չկա, սակայն օբյեկտիվորեն պետք է ասել, որ դա 1-2 օրվա համաշխարհային գների նվազումը չի կարող միանգամից ազդեցություն ունենալ հայկական շուկայում առկա բենզինի գնի վրա։ Նավթը գնվում է ֆյուտչերսներով, որոշակի խմբաքանակ՝ որոշակի գնով, և մանրածախ շուկայում գնի փոփոխությունը ինչ-որ ժամանակ է պահանջում, մինչև առկա խմբաքանակը վաճառվի, նոր խմբաքանակ ձեռք բերի արդեն ցածր գնով։ Կարծում եմ, օրերի ընթացքում պետք է տեսնենք նավթամթերքի գնի համարժեք նվազման փաստը։ Հակառակ պարագայում՝ կարող ենք պնդել, որ գործ ունենք այս ոլորտում գերշահույթների և մենաշնորհային իրավիճակի հետ»,-ասաց նա։
Տնտեսագետը միաժամանակ նշեց, որ նավթային գործոնով պայմանավորված առկա են նաև մտահոգություններ, որոնք առնչվում են ռուսական ռուբլու և Ռուսաստանի տնտեսության վրա դրա հետևանքներին։ Դրանք արդեն առկա է և խորանալու է միտում ունեն։
«Առնվազն կանխատեսելի է ռուսական ռուբլու արժեզրկման նոր փուլ։ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախվածությունը հենց Ռուսաստանի տնտեսության հետ է։ Բնական է, որ ռուսական ռուբլու արժեզրկումը բերելու է նաև ՀՀ ազգային արժույթի արժեզրկման նոր ալիք։ Ռուսական ռուբլու արժեզրկումը կրճատելու է ռուսական շուկայում առկա գնողունակությունը, իրական գնողությանկության կրճատումը վերաբերում է նաև Հայաստանից ներմուծվող ապրանքներին, գյուղմթերք, սննդամթերք, ոգելից խմիչքներ, ծխախոտ։ Արտահանվող ապրանքների իրացման շրջանառության նվազումը կհանգեցնի եկամուտների նվազման։ Չմոռանանք, որ մեր երկրի արտահանումների ¼-ը, որոշ ոլորտներում ավելի շատ՝ հենց ուղղված է ՌԴ շուկա»,-ասաց նա։
Ավետիսյանն ընդգծեց, որ այս փուլում հորդորն այն, որ որ չսպասենք, թե հետևանքները լինեն, մասնավորապես դրամը սկսվի գերարժեզրկվել, արտահանման ծավալների կրճատում լինի, նոր միայն տնտսվարողներն ու պետությունը որոշակի միջոցառումներ անել։
«Այս պահից սկսկած այն գերատեսչությունները, որոնք պատասխանատու են ազգային արժույթի կայունության համար և արտահանող տնտեսվարողները, պետք է վարքագծի վերանայում իրականացնեն։ Հակառակ դեպքում՝ տնտեսական ու նաև սոցիալական բլոկում կորուստներ ենք ունենալու»,-ասաց նա։