կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-13 12:11
Տարածաշրջան

Քաղաքական ճգնաժամ Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով. հրաժարական է տվել երկրի ՆԳՆ նախարարը

Քաղաքական ճգնաժամ Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով. հրաժարական է տվել երկրի ՆԳՆ նախարարը

Երեկ երեկոյան Թուրքիայում հրաժարական է տվել երկրի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Ուրբաթ օրը երկրի 31 խոշոր քաղաքներում հայտարարվել էր պարետային ժամ։ Պարետային ժամը հայտարարվել էր դրա ընդունումից ընդամենը երկու ժամ առաջ։ Դրա հետևանքով երկրում խուճապ և բախումներ էր սկսել։

Պարետային ժամի անսպասելի ընդունումից հետո առաջացած քաոսի հետևանքով Սուլեյման Սոյլուն հրաժարական է տվել՝ ամբողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա։ Սակայն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ընդունել հրաժարականը։ Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահական նստավայրի Հանրային կապերի բաժինը։

Սոյլուն հրաժարականից հետո հանդիպում է ունեցել Էրդողանի հետ, սակայն դատելով նրանից, որ Թվիթթերում տեղ գտած հրաժարականի տեքստի չի հեռացվել, կարելի է ենթադրել, որ հանդիպումը ոչինչ չի փոխել։

Թուրքական Diken կայքը ներկայացրել է Էրդողանի և Սոյլուի զրույցից մի հատված։ Սոյլուն նշել է, որ երկրում առաջացած քաոսային իրավիճակի միակ մեղավորն ինքն է և ինքն էլ պետք է պատասխանատվություն կրի դրա համար, ինչին Էրդողանը արձագանքել է, որ դրա կարիքը չկա։ Սոյլուն էլ հավելել է, որ այս քայլին գնում է Էրդողանի վիճակը թեթևացնելու համար։

Հրաժարականի հայտարարությունից հետո Սոյլուն անջատել է իր բոլոր հեռախոսահամարները։ Թվիթերում արդեն արշավ է սկսվել «Սոյլու չենք ընդունում հրաժարականդ, հետ վերցրու այն» վերնագրով։ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Սոյլուն շարունակելու է իր պաշտոնավարումը և ոչ-ոք չի կարող կացնահարել իրենց միասնությունը։

Երկրի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նշում է, որ Սոյլուն հրաժարական է տվել Էրդողանին փրկելու համար, իսկ  İYİ (Լավ) կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները գտնում է, որ սեփական սխալն ու անհաջողությունը ընդունելը հասունության նշան է և շնորհակալություն է հայտնել Սոյլուին։

Թուրքական ԶԼՄ-ներն ու մի շարք մասնագետներ արդեն կարծիք են հայտնում, որ Սոյլուի հրաժարականի միջադեպը կդառնա նախադեպ այլ աղմկահարույց հրաժարականների համար։

Սուլեյման Սոյլուն համարվում է Թուրքիայի ամենաազդեցիկ գործիչներից մեկը։ Ծնունդով Տրապիզոնից Սոյլուն սկզբնական շրջանում հարում էր Թուրքիայի առաջին և վերջին կին վարչապետ Թանսու Չիլլերին և նրա «Ճշմարիտ ուղի» կուսակցությանը, համարվում Չիլլերի ամենասիրված գործիչներից մեկը։

Էրդողանի իշխանության գալուց հետո Սոյլուն աչքի էր ընկնում Էրդողանի խիստ քննադատությամբ։ 2007 թ. ՃՈՒԿ-ը վերանվանվում է Ժողովրդական կուսակցության, իսկ Սոյլուն դառնում կուսակցության ղեկավարը։ 2010 թ. երկրի սահմանադրական հանրաքվեի ժամանակ պաշտպանելով «Այո»-ի կողմը, որը ղեկավարում էր Էրդողանը, Սոյլուն հեռացվում է կուսակցությունից։ 2012 թ. Էրդողանի հրավերով, Էրդողանին բազմիցս խստագույն քննադատած Սոյլուն դառնում է Արդարություն և զարգացում կուսակցության անդամ։ 2015 թ. Ահմեթ Դավութօղլուի կառավարությունում դառնում է Աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար. իր կառավարման առաջին 7 ամսում Թուրքիայում գրացվել էր 1049 մահ աշխատավայրերում, ինչի հետևանքով արժանանում է քննադատությունների։ 2016 թ. Սոյլուն դառնում է Ներքին գործերի նախարար։ Այս ժամանակահատվածը համընկնում է երկրում հուլիսի 15-ի անհաջող ռազմական հեղաշրջման հետ։ Դրանից հետո սկսվում է «գյուլենականների որսը», որի գլխավոր ճարտարապետը Սոյլուն էր։ ՆԳՆ ղեկավար ընտրվելուց հետո երկրում դարձյալ ահագնանում են բախումները քրդերի հետ, տասնյակ մարդիկ մահանում են դրա արդյունքում, ձերբակալվում է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահեթթին Դեմիրթաշը, բազմաթիվ ընտրբած քուրդ քաղաքապետեր հեռացվում են իրենց պաշտոնից՝ նրանց փոխարեն նշանակվելով ԺՊ-ներ։

Չնայած մարտի 11-ից այս կողմ երկրում ահագնացող կորոնավիրուսի՝ Թուրքիայում առանձնապես հատուկ միջոցառումներ չէին իրականացվում՝ տնտեսությանը մեծ հարված չհասցնելու համար։ Թուրքիայում ապրիլի 13-ի դրությամբ վարակվել է 56,956 մարդ, որից 1198-ը մահվան ելք է ունեցել, իսկ 3446-ն էլ ապաքինվել է։