կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-03 18:13
Առանց Կատեգորիա

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի մեծ է, քան՝ Ադրբեջանի ու Վրաստանի թվերը միասին

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի մեծ է, քան՝ Ադրբեջանի ու Վրաստանի թվերը միասին

1. Հայաստանում վիրուսով վարակվածների թիվն ավելի մեծ է, քան՝ Ադրբեջանի ու Վրաստանի թվերը միասին։ Հայաստանում բնակվում է մոտ 3 մլն, Ադրբեջանում և Վրաստանում միասին մոտ՝ 14 մլն մարդ։ Ինչո՞ւ է այդպես. այդ հարցին իշխանությունները պետք է պատասխանեն։ Ընդ որում՝ դա պետք է արվի առողջապահութան նախարարից ավելի բարձր մակարդակով։ Ինչու՞... որովհետև հիմնական վարկածները նրա իրավասությունից դուրս են՝ քարոզարշավի չդադարեցում՝ մարդկանց հոծ խմբերի հավաքում, իտալական թռիչքների չդադարեցում, Իտալիայից եկածների պարտադիր խիստ մեկուսացման չիրականացում։ Բոլոր երեք կետերով իշխանությանը բազմիցս հորդորում էին՝ անել ադ քայլերը։

2. Մեր կազմակերպությունն օրեր առաջ պարետատանը առաջարկություն էր արել՝ նոր վարակվածների թվին զուգահեռ՝ հրապարակել նոր թեսթավորվածների քանակը։ Այսինքն՝ հասարակությունը պետք է հստակ իմանա՝ քանի թեսթի արդյունքում են տվյալ օրը ստացվել իքս դրական պատասխանները։ Հակառակ պարագայում տեղեկատվությունն ամբողջական չէ, իսկ պատկերն ընդհանուր վիճակի մասին՝ խիստ աղճատված։ Պաշտոնական տեղեկատվությունը որոշ չափով շտկվեց, և այժմ տրամադրվում է նաև լրացուցիչ թիվ՝ բացասական թեսթավորման արդյունքները։ Օրինակ ապրիլի 3-ի հաղորդագրության մեջ նշվում է՝ «բացասական արդյունք է արձանագրվել 3258 թեսթավորման դեպքում»։ Իրականում սա քիչ ինֆորմատիվ տեղեկատվություն է։ Մեր առաջարկի մեջ խոքը ոչ թե ի սկզբանե, համաճարակի ողջ ընթացքում թեսթերի արդյունքների մասին էր, այլ՝ օրվա կտրվածքով՝ քանի թեսթից ինչ արդյունք են ստացել։ Օրինակ, եթե ապրիլի 3-ի ժամը 11-ի դրությամբ ունենք 73 նոր դեպք, ապա քանի՞ թեստից, և ո՞ր միջավայրում արված։ Դա կարևոր է՝ հասկանալու համաճարակի իրական միտումները ևիրական չափերը մեր երկրում։ Մարդիկ իրավունք ունեն՝ օբյեկտիվ պատկերացնելու իրավիճակը։

3. Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը /Մասիվի հիվանդանոց/ ամբողջությամբ վերածվում է կորոնավիրուսով հիվանդացածների բուժկենտրոնի։ Սա ճիշտ որոշում է։ Այս հիվանդանոցն ունի միանգամից մեծ թվով հիվանդներ, այդ թվում՝ ծանր հիվանդներ ընդունելու փորձ, հզորություններ։ Երկար տարիների ընթացքում այդ հիվանդանոցը զարգացել է ենթակառուցվածքների, բուժանձնակազմի առումով՝ դառնալով շտապ բուժօգնության, էքստրեմալ վիճակների մասնագիտացված բավական լուրջ բուժհաստատություն։ «Մարդու գործն է միշտ անմահ» թումանյանական թևավոր դարձած խոսքը նորից հիշեցնել տվեց իրեն։ Կարելի է քրեական գործ հարուցել, աշխատանքից ազատել, հետախուզում հայտարարել, ասուլիսներ տալ Արա Մինասյանի դեմ, բայց ծանրագույն պահին որպես փրկօղակ տեսնել այդ մարդու ջանքերով ու երկար տարիների աշխատանքի արդյունքում կայացած բուժհաստատությունը։

4. Տխուր փաստերի շարքում իր ուրույն տեղն ունի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայությունը։ Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ։ Սա ավելի շատ փախուստի է նմանվում։ Երևանը հսկայական բարդ քաղաք է, որն այս պայմաններում լուրջ հակաճգնաժամային կառավարում է պահանջում։ Միջազգային լրահոսին հետևելով՝ կարելի է տեսնել այլ քաղաքապետերի առօրյան ու գործունեությունը համաճարակի ժամանակ։ Սա 80 տոկոս ձայն ստացած քաղաքապետն է։ Չի բացառվում, որ խնդիրը հենց 80 տոկոսի մեջ է։

5. Շրջանառվում են լուրեր, որ մեկուսացման վայրերի վերածված հյուրանոցների աշխատակիցների մոտ հայտնաբերվում է հիվանդացություն։ Սա խոսում է համապատասխան պաշտպանիչ միջոցների բացակայության կամ աշխատանքի վատ կազմակերպման մասին։ Պարետատան ուշադրությունն ենք հրավիրում սրա վրա ևս. անհրաժեշտ է այդ մարդկանց ապահովել լավ որակի պաշտպանիչ արտահագուստով և ինտենսիվացնել անձնական հիգիենայի, անձնական պաշտպանիչ միջոցառումների բացատրական, լուսավորչական աշխատանքները։ Եթե այդ հյուրանոցների սպասարկող անձնակազմը մեկուսացված չէ, ապա նրանք հանգիստ դառնալու են վարակի վտանգավոր աղբյուր՝ իրենց փոքր քաղաքներում և գյուղերոմ։


Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»