Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Պետական կառավարման հարցում պատահականությունների հույսին չեն մնում, և չեմ կարծում, որ Վրաստանում էլ նման բան է տեղի ունեցել։ Վրաստանն ունի շատ ավելի ակտիվ կապեր Չինաստանի, Իտալիայի հետ, և դեպի Վրաստան եկող հոսքը բավականին մեծ է, մշակութային առանձնահատկություններն էլ շատ չեն։ Հաշվարկ եմ արել և պատկերն այսպես է՝ եթե արտերկրից մարդիկ են գալիս և մնում հասարակության մեջ, ապա վիրուսի տարածումը կարող է տասնապատիկ ավելի արագ լինել։ Քանի որ Հայաստանը ուշ փակեց սահմանները, իսկ Վրաստանն ավելի վաղ էր դա արել, այդ 9 օրերի թողած ազդեցությունը բավականին մեծ է»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ցածր թվին և ՀՀ առողջապահության նախարարի այն հայտարարությանը, որ դա երջանիկ պատահականություն է։
Միքայելյանի հավաստմամբ Հայաստանում թվի արագ աճի պատճառը երկրի սահամանները ուշ փակելն էր, խնդիրները թերագնահատելն ու ուշացումով գործելը։
Ինչ վերաբերում է իշխանության կողմից առաջ քաշած այն թեզին, որ արտերկրում թվերը կեղծում են և գաղտնի պահվում, Միքայելյանի խոսքով նման տեսակետի համար չկա որևէ նախադրյալ։
«Հաճախ համեմատվում է թեստերի թիվը մեկ բնակչի հաշվով, և այն Հայաստանում մի փոքր ավել է, սակայն պետք է մի բան հաշվի առնել՝ թեստերն արվում են ոչ թե հենց այնպես, այլ թիրախավորված։ Կարևոր է վարակված և չվարակված մարդկանց հարաբերակցությունը թեստավորման խմբում, դա է ցույց տալիս, թե բնակչությունը որքանով է ընդգրկված թեստավորման մեջ։ Վրաստանում այդ հարաբերակացությունը մոտավորապես 30/1 է և սա բավական է, որ համավարակը կասեցվի։ Հայաստանում մի պահ թեստավորման աստիճանը մեծ էր, բայց հիմա հարաբերակցության թիվն իջել է, և սա վկայում է, որ մեզ մոտ չթեստավորված, չիմացած դեպքերի շատ ավելի մեծ պատկեր կա»,-նշեց նա։
Դիտարկմանը, որ հաճախ տեսակետ է հնչում, որ մեծ դեր ունի նաև քաղաքացիների՝ սոցիալական պատասխանատվության զգացումը, և հայերն ու վրացիները խնդիրը տարբեր կերպ են ընկալում, Միքայելյանը շեշտեց.
«Այդ բոլոր տեսակետները գալիս են իշխանամերձ շրջանակներից, քանի որ ուզում են որևէ մեկի վրա պատասխանատվություն բարդել, և սա դրա ակնհայտ դրսևորումն է։ Վրաստանում բնակչության մշակութային առանձնահատկությունները Հայաստանից որևէ կերպ չեն տարբերվում։ Տարբերությունը պետական կառավարման, քաղաքականության, իշխանության մոտեցման միջև է։ Հայաստանում անլրջություն է, որը գալիս է իշխանությունից»։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանն այսօր տարածաշրջանում կոլապսի առաջ կանգնած միակ երկիրն է, հաշվի առնելով հանգամանքը, որ Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվում է արտակարգ դրությունը, հուլիսից երկիրը բաց կլինի նաև զբոսաշրջիկների համար, հարևան երկներում ևս համեմատաբար հանդարտ իրավիճակ է, Հրանտ Միքայելյանը պատասխանեց.
«Նոր օրենքները, որոնք ընդունվում են այսօր, միտված են քաղաքական, ներքաղաքական խնդիրներին, այլ ոչ թե համավարակի դեմ պայքարին։ Թե որքան Հայաստանը կլինի այս ճգնաճամից ավելի տուժած, կարող ենք փաստել միայն այն դեպքում, երբ այս ամեն ինչն ավարտվի։ Հայաստանն արդեն մեծ խնդիրներ ունի և ունենալու է, բայց ուրիշ երկրների հետ համեմատություն անելիս պետք է սպասենք մինչև զարգացումների ավարտը»։
Մանրամասները՝ տեսանյութում.