կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-02 17:29
Հասարակություն

Փոխանցումով և ՀԴՄ-ով չի՝ կա՛մ դռան տակից փողը տվեք, կա՛մ կանջատենք. ահազանգ քաղաքացիներից

Փոխանցումով և ՀԴՄ-ով չի՝ կա՛մ դռան տակից փողը տվեք, կա՛մ կանջատենք. ահազանգ քաղաքացիներից

Մինչ հայաստանյան բանկային, հանրային և տնտեսական գործունեություն իրականացնող մի շարք ընկերություններ աշխարհում ահագնացող կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած արտակարգ և մեկուսացման պայմաններում հետաձգում են բազմաթիվ գործարքներով նախատեսված վճարային պարտավորությունները, որոշ ոչ բարեխիղճ ընկերություններ շարունակում են անտեսել ճգնաժամը։

Ջրվեժ թաղամասից Yerkir.am-ին ահազանգեցին մալուխային հեռուստատեսության և ինտերնետի մատակարար Family Net (F Net) կազմակերպության ոչ բարեխիղճ գործունեության մասին։

Քաղաքացիներից մեկը մեր հետ զրույցում նշեց, որ ապրիլի 1-ին ընկերությունից եկել և անջատել էին հեռուստատեսային ծառայությունը՝ պատճառաբանելով, որ դեկտեմբեր ամսին վճարում չի իրականացվել, սակայն հունվար, փետրվար և մարտ ամիսների համար վճարում կատարվել է։ Այնուհետև ընկերությունից ասել էին, որ մարդիկ կուղարկեն, որպեսզի դռան տակից գումարը փոխանցեն՝ հակառակ դեպքում կանջատեն. «Ոչ մի ՀԴՄ կտրոն, ոչ մի փոխանցման հնարավորություն։ Այսօր առավոտ եկել են, վերցրել ապրիլ, մայիսի գումարը» , - նշեց քաղաքացին։

Քաղաքացին նաև ընդգծեց, որ նման դեպք միայն իր հետ չի եղել, նաև այլ քաղաքացիներ են բողոքում անբարեխիղճ մոտեցումից։

«Օգտվում են այն առիթից, որ չենք կարող ասել՝ «հաջողություն, կգնամ ուրիշ կապ կվերցնեմ», քանի որ հիմա շատերը չեն աշխատում և անմարդկային ձևով ստիպում են վճարել», - ասաց զրուցակիցը։

Քաղաքացին կազմակերպությունից պահանջել է բանկային հաշվեհամար՝ գումար փոխանցելու համար, սակայն ընկերությունից պարզաբանել են, որ իրենք այդպես չեն աշխատում, պետք է գան և առձեռն տանեն դռան տակից։ Քաղաքացու՝ ՀԴՄ կտրոն տրամադրելու պահանջը ևս մերժվել էր, դրա փոխարեն ուղարկել էին թուղթ, որի վրա գրված էր մինչև մայիս կատարված վճարման մասին։

Հ.Գ. Ցավոք, չկարողացանք որևէ կերպ կապ հաստատել մալուխային հեռուստատեսության և ինտերնետի մատակարար Family Net (F Net) կազմակերպության հետ։ Yerkir.am-ը պատրաստ է հրապարակել նաև Family Net (F Net) կազմակերպության պարզաբանումները՝ քաղաքացու մատնանշած խնդրի վերաբերյալ։