Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը ներկայացնում է ականավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի (Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, «Չարենցի կամար»-ի, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի կամարի և այլ կոթողների հեղինակն է) «Իմ մորուքի պատմությունը» գրքից մի հատված, որը հրատարակվել է 1961 թվականին «Սովետական գրող» հրատարակչության կողմից:
Հիսուն տարի է անցել այն օրից, երբ առաջին անգամ լսեցի «Հայաստան» անունը: 1915 թվականին էր… Մի սովորական օր էր, երբ այդ անունը մխրճվեց մանկական ուղեղիս մեջ: Այդ առավոտ, երբ մեր տուն բերին օրվա լրագիրը, զարմացած նկատեցի նրա արտասովոր գույնը:
Բոլոր էջերը կարմիր տառերով էին տպված:
Հայրս իմ հարցին պատասխանեց, թե Հայաստանը ողովել է արյամբ, լրագիրն էլ այդ բոթն արյան գույնով է տպել:
«Հայաստա՛ն», «կոտորա՛ծ», «ավերո՛ւմ»`այս բառերը հիշեցի:
Երբ քիչ մեծացա, իմացա, որ մեր ժողովրդի պատմությունը ավերումների պատմություն է եղել: Ազատության, գոյության անվերջանալի կռիվների մեջ սրբություն է դարձել մեր մայր հողը: Եվ հիմա, երբ ասում են «Հայաստան»` ակամա ոտքի եմ կանգնում: Մենք խոնարհվում ենք մեր անձնվեր նախնիների առաջ, որոնց կյանքի գնով մենք այսօր ունենք հայրենիք:
Այս հիսուն տարիներին է, որ շինարարը, քարի վարպետն իր գործերի մեջ հասել է աննախընթաց բարձունքների: Եվ մենք` ճարտարապետներս, լծվել ենք մեր լեռնաշխարհը կառուցելու մեծ գործին, որ ավելի գեղեցկանա մեր սքանչելի Հայաստանը, ավելի շեն ու շքեղ դառնան մեր գյուղերն ու քաղաքները, որ մեր երիտասարդ սերունդն ավելի լավ ճանաչի ու սիրի իր հայրենիքը: