կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-20 14:35
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միայն մագիստրատուրա ավարտած անձի դատավոր դառնալը ճիշտ չէ․ Արթուր Դավթյան

Եթե մարդ ուզենա դատավոր դառնալ, պետք է 3 հատ տարբեր օրենք կարդա՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ նկատի ունենալով, որ «Իմ քայլի» պատգամավորներ Աննա Կարապետյանը եւ Արթուր Դավթյանը հեղինակել են դատական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծ, որը դատավոր դառնալու պահանջների միայն մի մասն է սահմանում, իսկ մյուս մասը ավելանալու է կառավարության առաջադրած՝ Դատական օրենսգրքի նախագծով։

Պատգամավորների առաջադրած օրինագիծը նախատեսում է, որ դատավոր դառնալու համար միայն մագիստրոսի կրթությունը բավարար չլինի․ ամրագրվի թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսի կրթության պահանջ, քանի որ, ըստ նրանց, դատավորը հիմնական կրթությունը ստանում է բակալավրիատում։ Իսկ եթե անձը միայն բակալավրի աստիճան ունի, բայց մագիստրատուրա չի ավարտել, ունենա իրավաբանի գործունեության 15 տարվա ստաժ։

Գևորգ Պետրոսյանը հակադարձեց, որ միայն բակալավրի ու մագիստրոսի կրթություն ունեցողին, որը չունի աշխատանքային ստաժ, ճիշտ չէ թույլ տալ՝ դատավոր աշխատել։  

Արթուր Դավթյանը պատասխանեց, որ դա էլ կարգավորվում է կառավարության կողմից շրջանառության մեջ դրված Դատական օրենսգրքի նախագծով, որում ասվում է, որ բակալավրի ու մագիստրոսի կրթություն ունեցողը պետք է ունենա նաև 3 տարվա աշխատանքային ստաժ։

Գևորգ Պետրոսյանը տարակուսեց՝ այդ դեպքում ի՞նչն է խանգարում, որ Արթուր Դավթյանի մյուս առաջարկներն էլ ներառվեն կառավարության առաջադրած նախագծի մեջ և մեկ փաստաթղթով կարգավորեն դատավոր դառնալու պահանջները։ Դավթյանը պարզաբանեց, որ եթե կառավարությունը համաձայն լինի այդ փոփոխությունները ներառել իր նախագծի մեջ, ինքը խնդիր չի տեսնում, բայց կասկածում է, որ կառավարությունը համաձայն կլինի։

«Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ մագիստրոսի կրթությունը որքանո՞վ է փոխարինում աշխատանքային ստաժին. «Կարող է լիմոնադի գործարանում իրավաբան է աշխատել՝ մի ոլորտում, որը կարող է չվերաբերել իրավունքի այն ճյուղերին, որոնք դատարանում կքննվեն»: Արթուր Դավթյանը պատասխանեց՝ գործող օրենքով 15-ամյա ստաժն ամրագրված է, եւ եթե անձը լիմոնադի ցեխի իրավաբան է եղել եւ ունի բարձրագույն կրթություն, դա իր համար բավարար է՝ ՍԴ դատավոր դառնալու համար. «Հետեւաբար, ՍԴ դատավոր դառնալու պահանջն ավելի բարձր պետք է լինի, քան առաջին ատյանի դատավորի համար»:

Գործող օրենսդրությամբ՝ ՍԴ դատավորի հանդեպ ավելի մեղմ պահանջ կա, քան առաջին ատյանի դատավորի համար, որին մագիստրատուրա ավարտելու պահանջ է ներկայացված: Դավթյանը պարզաբանեց, որ իր առաջարկն այն է, որ եթե անձն ունի և՛ մագիստրոսի, և՛ բակալավրի կրթություն, դատավոր դառնալու իրավունքը նրան վերապահվի: Բայց եթե չունի  մագիստրատուրա, դրա փոխարեն ունենա իրավաբանի 15 տարվա ստաժ, ինչի դեպքում միայն դատավոր դառնալու իրավունք ունենա:

«Չեմ կարծում, որ ՍԴ դատավորի հանդեպ դրված պահանջներն ավելի մեղմ պետք է լինեն առաջին ատյանի դատավորի առաջ դրված պահանջներից»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում․