|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ինչի՞ համար են ստեղծված նախարարություններն ու ի՞նչ գործառույթներ ունեն դրանց ղեկավարները, ավելին՝ ինչի համար են ահռելի մեծ աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանում այդ ինստիտուտներում, եթե բոլորի գործառույթները, լավն ու վատը մի կողմ, իրացնում է երկրի վարչապետը, դե, համենայն դեպս, փորձում է իրականացնել:
Նկատենք, որ բացի պաշտպանության նախարարից, մենք ուրիշ «անկախ» նախարար չունենք, ավելի ճիշտ` ունակ, որովհետև բոլոր նախարարները, չնչին բացառություններով, ունակ չեն իրենց պարտականությունները պատշաճ կատարել ու ծայրը ծայրին հասցնել: Նրանցից ոմանք նույնիսկ չեն էլ պատկերացնում իրենց վրա դրված առաքելությունը:
Քանի դեռ Հայաստանի Հանրապետության տարածքում առողջապահական ճգնաժամի վտանգ կամ այլ լուրջ խնդիր չկար, և նախարարի «ամենահերոսական» անելիքը բուժհաստատություններ լուծարելն ու ինքնապարգևատրումն էր, իշխանական օղակները պնդում էին, որ Արսեն Թրոսյանն իր գործառույթներում չի թերանում, որոշ մարդիկ էլ նրան մի շրջան այնքան էին գովաբանում-փառաբանում, որ, եթե ալիքը կանգ չառներ, բժշկական համալսարանը կկոչվեր նրա անունով:
Բայց արի ու տես, որ կորոնավիրուսի վտանգի ժամանակ Արսեն Թորոսյանը ոչ միայն չկարողացավ հատիկն ու հարդը տարբերել իրարից, այլև այնաստիճան խեղճացավ ու ընկավ անճարակության գիրկը, որ վարչապետն ստիպված դարձավ նաև Առողջապահության նախարար: Արդյունքում՝ մարդիկ սկսեցին կասկածել՝ Արսեն Թորոսյանը Առողջապահության նախարա՞ր է, թե՞ եռաչափ արձան:
Փաստորեն Էդուարդ Շարմազանովն ամիսներ առաջ ճիշտ էր ասում, որ, եթե հանկարծ Փաշինյանը նույնիսկ երկու օրով հիվանդանա, կամ հեռախոսն անջատի, ամբողջ կառավարությունը ճգնաժամի մեջ կընկնի: Հիմա այդ խոսքերն այլևս հավելյալ հիմնավորման կարիք չեն զգում:
Առողջապահության նախարարը չկարողացավ պատշաճ կատարել իր պարտականությունները, նախապես ձեռք չառավ անհրաժեշտ միջոցները, որոնց պատճառով, եթե կորոնավիրուսը, Աստված մի արասցե, մեծ տարածում գտնի, իսկական աղետի կենթարկվենք: Եվ մի' բերեք հինգաստղանի կարանտինի օրինակը, մի' բերեք վիրուսի «շրջափակման» օրինակը. ձեռնարկված բոլոր քայլերը պատկանում են վարչապետին:
Վիրուսի «մուտքից» դեռ երկու շաբաթ առաջ ՀՀ-ի պես փոքր պետության ներսում անհնար էր դիմակ ու ախտահանող միջոցներ գտնել, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը նախապես պատրաստվում էր և օրական հազարավոր դիմակներ ու ախտահանող միջոցներ ստեղծում: Մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությանն փորձն այդ առումով օրինակելի է, այնտեղ ամեն օր ստեղծվում էր քսան հազար դիմակ, և քսան հազար լիտր ախտահանող միջոց, ի դեպ, այդ գործընթացի մեջ գլխավորապես ներգրավված էր երկրի Պաշտպանության նախարարությունը:
Նույն ժամանակամիջոցում ՀՀ-ում ոչ թե պատրաստվում էին, այլ` հայտարարում, որ վիրուսը լուրջ չէ, վտանգավոր չէ, և չարժե անհանգստանալ: Բայց այսօր, այդ «անլուրջ», «անվտանգ» վիրուսի պատճառով փակ է այն սահմանը, որն Արցախյան ազատամարտի տարիներին հույսի ճանապարհ է եղել մեզ համար. հիմա ասեք, վիրուսը լու՞րջ է, թե՞ լուրջ չէ: Ավելին, երբ բոլորը գտնում էին, որ պետք է դադարեցվի Իտալիայի հետ օդային շփումը, վարչապետն ուշադրություն չդարձրեց այդ ամենին, դրա համար այսօր ունենք այն, ինչ ունենք: Իսկ ինքը՝ նույն վարչապետը, մեկուսացել էր Սևանա թերակզում և կատարում էր Առողջապահության նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները:
Այսքանը տեսնելիս` արդեն կարելի է ենթադրել, եթե հանկարծ պարենամթերքի խնդիր ստեղծվի, ինչ վիճակում ենք հայտնվելու մենք (նմանատիպ մյուս նախարարների պատճառով): Եվ Աստված չանի, որ վաղը կրկին ունենանք «ունիվերսալ» Նիկոլ Փաշինյան:
Հ.Գ. Հույս ունեմ` իրավիճակի շտկումից ու բարելավումից հետո վարչապետն, արդեն հասկացած լինելով պատկան նախարարների անճարակությունը, կազատի նրանց այդ պաշտոններից:
Գևորգ Գյուլումյան