Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանին հետաքրքրում է` ինչու են գործադիրի անդամները որոշել միացնել գյուղատնտեսության և էկոնոմիկայի, այլ ոչ, օրինակ, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները: Ասում է`այդ որոշման հիմնավորումը ոչ մի տեղ չի տեսել:
«Հայաստանը գյուղատնտեսական երկիր է, ՀՆԱ-ի 15 տոկոսը գյուղատնտեսությունից է առաջանում, և եթե դրան գումարենք նաև գյուղատնտեսական վերամշակումը, ՀՆԱ-ի քառորդն է կազմում: Այսինքն` ուզենք, թե չուզենք, Հայաստանը որոշ ժամանակ դեռ ագրարային է լինելու: Իսկ որպեսզի Հայաստանը դադարի կոչվել ագրարային երկիր, պետք է ոչ թե գյուղատնտեսությունը «սպանենք», այլ տնտեսության մյուս ճյուղերը համաչափ զարգացնենք: Ես հասկանում եմ, որ ինտելեկտուալ է պոստինդուստրիալ հեղափոխության մասին խոսելը` առաջ քաշելով թվային տեխնիկական և կենսաբանական միավորման թեզը, բայց դրան հասնելու համար երկար ճանապարհ ունենք անցնելու: Այսօր մեր երկում կես միլիոն մարդ գյուղատնտեսությամբ է զբաղվում, և մեր նպատակը, գյուղօգտագործողներին աջակցելով, ագրարային արդյունաբերությունը հնարավորինս արդյունավետ դարձնելն է: Եթե նայենք բյուջե-գյուղատնտեսական ՀՆԱ հարաբերակցությունը, ապա կտեսնենք, որ այն երեք անգամ ավելի քիչ է, քան Ադրբեջանում, Վրաստանում կամ Ռուսաստանում: Իսկ մենք ռուսական շուկայում մրցում ենք ադրբեջանական ու վրացական շուկաների հետ»,- ասում է նախկին նախարարը:
Նա շեշտում է, որ փոխանակ մտածենք, թե ինչպես ավելի շատ օգնենք մեր գյուղացիներին, ինչպես ավելի արդյունավետ աշխատենք, ուղղակի որոշել ենք միավորել, ու վերջ: Միավորման համար, վստահեցնում է Խաչատրյանը, հիմք պետք է լինի գործառույթների նմանությունը: «Նախ` պետք է ապահովել յուրաքանչյուր գերատեսչության արդյունավետությունը, հետո հասկանալ` պետք է միավորե՞լ, թե՞ ոչ: Բացի այդ` ո՞րն է միավորման հիմքը: Եթե մենք ունենք երկու կամ երեք ոչ արդյունավետ գերատեսչություն, ու դրանք միավորում ենք, ապա դրանից այդ գերատեսչություննների արդյունավետությունը չի բարձրանա, անարդյունավետների գումարն արդյունավետություն չի դառնում: Նախապես պետք էր հասկանալ` ինչն է այդ գերատեսչությունների անարդյունավետ աշխատանքի պատճառը, ապա նոր մտածել արդյունավետության բարձրացման մասին»,- ասում է Խաչատրյանը:
Նա ասում է, որ Վրաստանում, օրինակ, գյուղատնտեսության նախարարությունը միավորված է բնապահպանության նախարարության հետ. նրանք հետևել են եվրոպական օրինակին, ինչը հիմնական երեք նպատակ ունի` բարձրացնել պարենային ապահովությունը, գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամտաբերությունը, պահպանել կենսակերպը և ապահովել գյուղատնտեսության կայունությունը: «Ի՞նչ է նշանակում` գյուղատնտեսության կայունություն, այսինքն` հողը ոռոգելու համար գետների հերը չանիծել, կամ` անասուններին արածեցնելու համար անտառները չհատել: Այդ տրամաբանությունից դրդված` մարդիկ միավորում են գյուղատնտեսությունն ու բնապահպանությունը: Մեզ մոտ տրամաբանական այդ հենքը չեմ տեսել»,- բացատրում է ոլորտի մասնագետը:
Լրագրողների դիտարկմանը, թե նախարարությունների միավորումը գործադիրի անդամները բացատրում են բյուջեում ֆինանսների բացակայությամբ, Խաչատրյանն արձագանքում է` եթե բյուջեում փող չկա, պետք է ծախսերի արդյունավետության հաշվարկ լիներ, թե կրճատելով ինչքան ենք խնայում ու այդ գումարն ուր ենք ուղղում:
Անդրադառնալով կառավարության կազմից 10 հազար և ավելի կրճատվող մարդկանց ճակատագրին` Խաչատրյանը մտահոգություն է հայտնում. «Ի՞նչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը, վերապատրաստման դասընթացնե՞ր են անցկացնելու, որ անցնեն այլ աշխատանքի, թե՞ տոմս են առնելու, ասեն՝ վե'ր կաց, գնա' Չուկտոկա, մեզ մի' խանգարի: Անորոշության շղարշին խիստ դեմ ենք: Շեշտը ոչ թե գործիքի, այլ նպատակի վրա պետք է դրվի, բայց այդ նպատակը ես չեմ տեսնում: Օրինակ` ինչպե՞ս են պատկերացնում, որ մի մարդ պետք է գլխավորի սպորտը, երիտասարդությունը, մշակույթը, կրթությունը, նա պետք է առնվազն Նապոլեոնին հավասար մեկը լինի: Ի վերջո, մենք խոսում ենք մարդկային ճակատագրերի մասին, ոչ թե սնդիկի գնդիկների, որոնք գլորում-միացնում են իրար»: