կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 13:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավ է, որ կառավարությունն արձագանքեց կորոնավիրուսին, բայց մտահոգիչ է տնտեսության վերաբերյալ անտարբերությունն ու մակերեսային մոտեցումը. տնտեսագետ

Համաշխարհային տնտեսությունը սկսեց վնասներ կրել այն բանից հետո, երբ Չինաստանը հայտարարեց կորոնավիրուսի մասին: Արդյունքում նախնական հաշվարկներով այս պահի դրությամբ զարգացող շուկաներից ֆինանսական շուկաներ արտահոսքը կազմում է արդեն մոտ 40 մլրդ դոլար: Հունվարից ի վեր սկսվեց շուկաների շղթայական անկումը, ինչը հարված հասցրեց համաշխարհային տնտեսության աճի տեմպերին. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարեց տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանը՝ անդրադառնալով տնտեսական համաշխարհային շուկայում կորոնավիրուսի ազդեցության, նավթի գների անկման ու հնարավոր գնաճի թեմային, ինչպես նաև ՀՀ տնտեսությոան ու տնտեսական մարտահրավերներին:

Տնտեսագետը նշեց, որ քաղաքներ, հետագայում պետական սահմաններ ելումուտքերը սահմանափակվելու արդյունքում բեռնափոխադրումների, ավիափոխադրումների ծավալների կրճատումը հանգեցրեց նավթի համաշխարհային պահանջարկի նվազմանը, որը բերեց նավթի գների վրա ճնշմանը:

«Նավթի գները հիմնականում անկում ապրեցին մարտի սկզբից, երբ բանակցություններ սկսվեցին Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն - ՆԱԵԿ) միջև, որն ավարտվեց անհաջող: Դրանից հետո գներն արժեզրկվեցին 30 տոկոսով: Այս ամենը լուրջ հետևանքներ ունեցավ ոչ միայն ՌԴ-ի, այլև Սաուդյան Արաբիայի և ՕՊԵԿ-ի երկրների վրա», - նշեց Պետրոսյանը՝ հավելելով. դրա պատճառն այն է, որ տեղի է ունենում շուկաների պատերազմ, ՌԴ-ն չի ցանկանում զիջել իր շուկան. եթե կրճատի արդյունահանումը, կկորցնի իր գնորդներին, իսկ Սաուդյան Արաբիան, պատերազմ հայտարարելով ՌԴ-ին, պատերազմ է հայտարարում նաև ԱՄՆ-ին:

Պետրոսյանն իր գոհունակությունը հայտնեց, որ կառավարությունը երեկ վերջապես սկսեց ավելի լուրջ վերաբերվել կորոնավիրուսին, բայց մտահոգվեց, որ կա անտարբերություն և մակերեսային մոտեցում՝ տնտեսության վրա հնարավոր ազդեցությունների մասով:

«Իրականում Հայաստանն արդեն կրել է դրա բացասական հետևանքները: Հիմնական հարվածը ստացել է տնտեսության իրական հատվածը: Կան գնահատականներ, որ կարճաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսությունը չի տուժի: Եթե նայենք մակրոտնտեսական ցուցանիշներին, ապա հնարավոր է, որ էական փոփոխություն չլինի, բայց տնտեսական իրական վիճակը օր-օրի, ժամ-ժամ տուժում է», - ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ հիմնական տուժողը զբոսաշրջության և սպասարկման ոլորտն է, քանզի այս շրջանում իրանական Նովրուզ տոնի շրջանակներում Հայաստան այցելող իրանցիներն այս տարի չկան. «Թիրախային խմբերն են տաքսու վարորդները, որոնք Հայաստանում քիչ չեն, հյուրատները, հյուրանոցները, ռեստորանային ցանցերը, անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվողները, և սա կբերի կենսամակարդակի անկմանը», - նշեց տնտեսագետը:

Ըստ տնտեսագետի՝ ցավոք սրտի այսօրվա իշխանությունները շարունակում են նախկին իշխանության տնտեսական քաղաքականությունը, որն արդյունավետ չէր, և կենտրոնացած են մակրոտնտեսական ցուցանիշների վրա, ոչ թե աճի որակի վրա:

«Եթե չհաշվենք 2009 թ.՝ համաշխարհային ճգնաժամը հաջորդող տարին, ՀՀ տնտեսությունը միշտ աճ է արձանագրել, բայց մարդիկ միշտ դժգոհ են իրենց կենսամակարդակից, և պարզ է դառնում՝ տնտեսական աճ ապահովելով մարդկանց կենսամակարդակը չի փոխվում: Ավելի կարևոր է տնտեսական աճի բովանդակությունը և թե ինչքանով դա կանդրադառնա մարդկանց կենսամակարդակի վրա: Վրաստանի հետ համեմատվելիս՝ մի պահ հայտարարվեց, որ անցել էինք մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի եկամուտով, բայց հետո պարզվեց, որ չենք անցել ցավոք սրտի: Եթե խոսենք կենսամակարդակի մասին՝ մեր բոլոր քաղաքացիները կվկայեն, որ Վրաստանում գները գրեթե կրկնակի էժան են: Նույնիսկ ՀՆԱ-ի ցուցանիշով անցնելու դեպքում, միևնույնն է, մենք հետ ենք մնում կենսամակարդակով», - եզրափակեց Էդուարդ Պետրոսյանը: