կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 21:10
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հասմիկ Ինճէճիկեան. հայ երգի 42 տարիների երախտավոր-դեսպանը Կանադայում

   Սփյուռքահայերի ավագ ու միջին սերունդը կառչած է հայագիտությանը, մայրենիին։ Այդ սերունդն է, որ 100 տարուց ավելի փորձում է հայկական փշրանքները հավաքել, պահպանել, փոխանցել հաջորդ սերունդներին։ Կանադահայ երաժիշտ, մանկավարժ Հասմիկ Ինճէճիկեանը Մոնրեալում 42 տարի դասական վոկալ է դասավանդել։ Նրա սաները մեծ մասամբ օտարազգիներ են եղել, երբեմն էլ՝ հայեր։ Տիկին Ինճեճիկեանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ պարզ երգերից մինչև օպերաների արիաներ՝ նա կրթել ու մշակել է ոչ միայն իր սաների ձայնալարարն ու կոկորդը, այլև միտքն ու հոգին՝ նրանց ներկայացնելով յուրաքանչյուր երգի ստեղծման պատմությունը, շարժառիթները, նաև հեղինակի ով լինելը։ Հասմիկ Ինճէճիկեանը նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ է սովորեցրել կանադացիներին, օրինակ՝ Ազատ Մանուկյանի երգերը, Արմեն Տիգրանյանի օպերաներից արիաներ։ Հայկականը, համաշխարհային երաժշտարվեստին զուգընթաց,  միշտ եղել է նրա դասավանդման ծրագրում։

Ամեն երգ մի պատմություն է

  «Լավ երաժիշտը ցանկացած երաժշտություն լավ կնվագի, լավ կմեկնաբանի, բայց երգի պարագան ուրիշ է։ Երգիչը պետք է երգի պատմությունը լավ իմանա, հեղինակին քաջ ծանոթ լինի, որպեսզի խոսքերի իմաստը հասկանա ու կարողանա երգը ճիշտ, զգացական մատուցել։ Ցանկացած երգ, որ սովորեցրել եմ իմ սաներին՝ կլինի հայերեն, գերմաներեն, թե ֆրանսերեն, մատուցել եմ նաև երգի պատմությունը, որպեսզի երգիչն այն ճիշտ ընկալի ու մեկնաբանի»,- դասավանդման իր մեթոդը բացատրում է Հասմիկ Ինճէճիկեանը։  

  Պատմում է, որ տարբեր նախասիրություններով իր աշակերտների ցանկությունները հաշվի առնելով՝ մեկին պատրաստել է քոլեջի, համալսարանի երաժշտական բաժիններ ընդունվելու, մյուսին՝ մեծ ու փոքր բեմերում երգելու, հատկապես ԱՄՆ-ում երաժշտական կարիերա ստեղծելու, երրորդին՝ իր երաժշտական ունակությունները բացահայտելու համար։ Ոմանք էլ սկզբում  նախընտրել են փոփ երաժշտությունը, ուզել են Սելին Դիոն դառնալ, բայց տիկին Հասմիկի դասերից հետո հետաքրքրություն են դրսևորել դասականի նկատմամբ։

Հզոր ձայնը միշտ չէ որ հզոր բեմերի է ձգտում

«Հրաշալի ձայներ են հանդիպել ինձ, որոնք այդպես էլ մեծ բեմեր չեն բարձրացել, բայց եղել են փոքր ձայներ, որոնք նպատակասլաց առաջ են մղվել ու մեծ կարիերա ստեղծել։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ նպատակ է դրել մարդն իր առջև, ինչ չափով է աշխատում ու որքանով է հետևում կարգուկանոնին։ Միայն  լավ ձայն ու լավ ականջ ունենալը քիչ է, պետք է երգելու կիրք ու ձգտում լինի, եթե այն չկա,  ամենալավ ձայնն անգամ  լավ ապագա չի ունենա»,- իր փորձից պատմում է Հասմիկ Ինճէճիկեանը։

   Նաև կանադահայ սաներ է ունեցել։ Նրանք ավելի շատ ինչ-որ միջոցառումներին, խնջույքներին երգելու, ինչպես սփյուռքահայերն են ասում՝ «փարթիներու համար»  են վոկալ սովորել. նրանց նպատակը մեծ բեմերը չեն եղել: 

Մոռացված հայկական երգի երկրորդ կյանքն ու ռաբիսի հաղթանակը

 Դասավանդման 42 տարիների ընթացքում Հասմիկ Ինճէճիկեանը  հայերեն տարբեր երգերի հետ է գործ ունեցել։ «Շատերը մոռացության են մատնված, մի մասը սփյուռքահայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են։ Վստահ եմ, որ Հայաստանում էլ կան 50-60 տարի առաջ գրված երգեր, որոնք այսօր մոռացության են մատնված։ Իմ, ինձանից առաջվա սերունդն այս երգերով է մեծացել։ Կանաչյանը, Բերբերյանը, Ալեմշահը  մեզ համար նշանավոր կոմպոզիտորներն են, որոնք հրաշալի ժառանգություն են թողել։ Կանադա գալուս առաջին տարիներին տարբեր առիթներով նրանց երգերեը կատարել եմ,  ու շատերն էին հարցնում՝ սա նո՞ր երգ է։ Պարզ է՝ ինչու էին զարմանում, որովհետև այդ երգերը նրանց առօրյայում չկային, այդ երգերի հետ նրանք չէին ապրում»,- պատմեց տիկին Հասմիկը։

  1980-ականերից սկսած՝  այդ երեգերն այլևս չերգվեցին, որովհետև ազգագրական, նաև ազատագրական պայքարի մասին  երգերն ասպարեզ դուրս եկան, որոնք մեծ ժողովրդականություն վայելեցին։ Այդ երգերը ևս երկար տարիներ մոռացության մատնված են եղել, ու հայությունը կարծես նոր-նոր սկսեց բացահայտել դրանք։

«Ազատագրական երգերը  Սփյուռքի առօրյայի մասը դարձան, հատկապես դաշնակցականները տարբեր առիթներով դրանք կատարում էին, տարածում։ Այդ երգերը դաշնակցականներին անծանոթ չէին, բայց Հայաստանում անծանոթ էին։ Նորություն էին ազգագրական երգերը, որոնք ևս սիրվեցին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Էստրադային երգերը Սփյուքում արմատներ չգցեցին, փոխարենը ռաբիսը  գրավեց հայկական գաղթօջախներն ու խոր արմատներ գցեց»,- 1980-90-ականների հայության երաժշտական հետաքրքրությունների ամբողջական պատկերը հմառոտ ներկայացրեց Հասմիկ Ինճեճիկեանը։

Հայկական երգերի ժողովածու ստեղծելու գաղափարը

Եկավ Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Սփյուքում ևս զանազան նախաձեռնություններ ու ծրագրեր իրականացվեցին այդ առիթով։ «Նկատեցի, որ ինչ-որ բան պակաս է։ Դիմեցի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամին, որի օգնությամբ հայ և օտարազգի երգիչների մասնակցությամբ համերգ կազմակերպեցի՝ ներկայացնելով Մեծ եղեռնը վերապրած հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի երգերը»,- պատմեց տիկին Ինճէճիկեանը։

   Համերգից հետո բոլորին նույն հարցն է հուզել՝ հետո՞ ինչ անել։ Այս երգերը պետք է հավաքել, ի մի բերել ու տարածել։ Հայկական երգացանկն  մեծ է, հարուստ ու բազմազան։

   Այսպես, 42 տարվա մանկավարժական ճանապարհ անցնելուց, հայ երգարվեստն ուսումնասիրելուց հետո 2016 թվականին Հասմիկ Ինճեճիկեանը հավաքել ու կազմել է հայ կոմպոզիտորների երգերի առաջին ժողովածուն, որը ներառում է Հայոց ցեղասպանությունը վերապրած կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հաջորդ գիրքը հրատարակել է մեկ տարի հետո՝ ռոմանսներ։ Իսկ 3-րդ ժաղովածուի թեման այլ է՝ ոչ թե ցեղասպանությունը վերապրածների, այլ պանդխտության երգեր։ Հիմքում պանդխտության խորհրդանիշ թռչուններն են՝ կռունկը, արագիլը, ծիծեռնակը. նրանց նվիրված շատ երգեր են գրել մեր կոմպոզիտորները։

Հայկական երգերի ժողովածուները՝ իրականություն

  Երեք ժողովածուներն էլ անգլերեն են.  հայերեն բնօրինակները  Հասմիկ Ինճեճիկեանը թարգամանել է, ներկայացրել նաև երգերի նոտաները։ Ստեղծագործությունները ներկայացված են IPA համակարգով, որին երգիչները շատ լավ ծանոթ են։ Երգերն ու նոտաները տարիների ընթացքում է հավաքել, իսկ այն ստեղծագործությունները, որոնք ևս ցանկացել է ընդգրկել ժողովածուներում, գտել է տարբեր արխիվներում։ Անհրաժեշտ նյութերը փնտրել է Երևանի երաժշտագիտական գրադարանում, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

   «Տարբեր կոմպոզիտորներից ծաղկաքաղ եմ արել, մինչդեռ շատ կուզեի, որ յուրաքանչյուր ստեղծագործողի  բոլոր երգերեը հրատարակվեին։ Հուսամ, որ մի օր որևէ մեկը հանձն կառնի այդ գրոծը։ Հիմա երեք ժողովածուներում մոտ 70 երգ է ընդգրկված։ Դրանց մի մասը ծանոթ է հանրությանը, մյուսներն անծանոթ են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Փորձել եմ հավասարակշռությունը պահել ու հավասարապես ընտրել թե՛ հանրահայտ, թե՛ անծանոթ երգեր»,-ներկայացրեց Հասմիկ Ինճէճիկեանը։

Հայ կոմպոզիտորների երեգերի երեք ժողովածուները հրատարակվել են, բայց պետք է դրանք նաև տարածել, հանրայնացնել, որպեզի դուրս գան գրքերի էջերից ու բեմեր բարձրանան։ Ամերիկյան «Թեոդոր Ֆրոնթ» ընկերության հրատարակած կատալոգներում ժողովածուն ներառված է։  Հասմիկ Ինճէճիկեանն էլ իր հերթին է տարբեր երկրների երաժշտագիտական գրադարաններին տրամադրում եռահատորյակը։ Շատերն են ցանկություն հայտնել ժողովածուներն ունենալ իրենց հավաքածուներում։ Գերմանական «Հարասովիչ» ընկերության հետ ևս Հասմիկ Ինճեճիկեանը համագործակցում է իր կազմած գրքերը տարածելու նպատակով։

4-րդ հատորն է ուրվագծվում

   Կանադահայ երաժիշտը հաճախ է Հայաստան գալիս. այս անգամվա այցելության նպատակը հայ կոմպոզիտորական արվեստը ներկայացնող երգերի եռահատորյակը նաև մեր կրթամշակութային հաստատություններին ներկայացնելն է։ Բացի այդ, Հասմիկ Ինճէճիկեանը պատրաստվում է ևս մի ժողովածու հրատարակել՝ այս անգամ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների հավաքածու։

Նաիր Յան

Մանրամսաները՝ տեսանյութում.