Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես գիտեք ՀՅԴ-ն «բացառել Այո»-յի կողմնակիցն է, իսկ դա ավելի լայն է քան «Ոչ»-ը: Բացառել «Այո»-ն, նշանակում է առաջին հերթին բոյկոտել հանրաքվեն, որովհետև ինքը հակաօրինական ճանապարհով նշանակված հանրաքվե է: Երկրորդ՝ եթե մարդիկ ինչ-ինչ պատճառներով ստիպված են գնալու, ապա հարկ է գնալ և «Ոչ» ասել հանրաքվեին դրված հարցին կամ ընդհանրապես անվավեր դարձնել թերթիկը. այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով ՍԴ փոփոխությունների քարոզարշավին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կոչերին ու հայտարարություններին:
Կյուրեղյանը նշեց, որ բնակիչների հետ զրույցների ընթացքում պարզվում է, որ քաղաքացիները տեղյակ չեն թե ինչ է դրված հանրաքվեի: ««Այո»-ն այսօր դուրս է եկել քարոզարշավի «Այո ասենք հեղափոխությանը» գրությամբ պաստառներով: Հետաքրքիր է՝ ի՞նչ երկար հեղափոխության մեջ ենք, որ 2 տարի հետո նորից «Այո»-յի կարիք ունեն», - ասաց ՀՅԴ ԳՄ անդամը:
«Մեր ժողովուրդն իսկապես ունի ազգապահպանության հետ կապված լավ իմունիտետ և երբեք թույլ չի տա որևէ իշխանության՝ կործանման տանել Հայ առաքելական եկեղեցին, ազգային բանակը: Հայ ժողովուրդը դա երբեք թույլ չի տա», - նշեց Կյուրեղյանը:
Ըստ ՀՅԴ-ական գործչի՝ մենք ոչ թե տեղում ենք դոփում, այլ անկում ենք ապրում. «Մենք 2 տարվա ընթացքում 30 տարվա մեր երկրի ունեցած ձեռբերումները կամաց-կամաց կորցնում ենք, կորցնում ենք մեր տնտեսական, քաղաքական, առողջապահական իմունիտետը: Ես էլ էի մի ժամանակ ասում, որ թիմ չկա (իշխանության շրջանում՝ խմբ.), ծրագիր չկա և չգիտենք ուր ենք գնում: Հիմա վախենում եմ խոստովանել, որ թիմը ունի ազգի, երկրի կործանման հստակ ծրագիր»:
Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ այսօրվա իշխանությունները փաստի առաջ են կանգնած տարածվող համաճարակի պատճառով և եթե մի քիչ խելոք լինեին՝ կչեղարկեին հանրաքվեն: Կյուրեղյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե իշխանությունները նույնիսկ «ծայը ծայրին հասցնելով» հավաքեն այդ 650.000 ձայնը, որ կազմում է ընտրողների ընդամենը 1/4-րդը, միևնույն է դա պարտություն կլինի, և եթե իշխանությունները վստահ լինեին իրենց հաղթանակին՝ չէին դիմի արտերկրում ապրող մեր համաքաղաքացիներին:
Անդրադառնալով օրեր առաջ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպմանը՝ Կյուրեղյանը դարձյալ հաստատեց այն հայտարարությունները, որ քննարկվել են բացառապես Հայ դատի հետ կապված հարցերը, և ոչ մի ներքաղաքական հարցադրում չի եղել, ուստի ոչ մի փոփոխություն չի կարող լինել կուսակցության դիրքորոշման մեջ՝ կապված հանրաքվեի հետ:
Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա. հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու մի քանի անդամների լիազորությունների դադարեցման հարցը։