կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 13:25
Առանց Կատեգորիա

Շտապօգնության մեքենաները Էջմիածնից տեղափոխում են կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած մարդկանց. պարզաբանում

Շտապօգնության մեքենաները Էջմիածնից տեղափոխում են կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած մարդկանց. պարզաբանում

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում պարզաբանել է, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Կրկին հարկ եմ համարում նշել, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: Դա արվում է այդ անձանց մեկուսացման և թեստավորման նպատակով»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 12-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126.254 դեպք, որից 4.637-ը՝ մահվան, և 68.266-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում: