կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 14:45
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսով վարակված 6 մարդուց 5-ն իրենց լավ են զգում և լուրջ սիմպտոմներ չունեն, մեկ անձի մոտ առկա է թոքաբորբ

Կորոնավիրուսով վարակված 6 մարդուց 5-ն իրենց լավ են զգում և լուրջ սիմպտոմներ չունեն, մեկ անձի մոտ առկա է թոքաբորբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների ընթացքը. Yerkir.am-ին հայտնում են կառավարությունից:

Նշվում է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաեւ աշխարհում եւ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: Նրա խոսքով՝ մեր երկրում կորոնավիրուսով վարակվել է 6 մարդ, նրանցից 5-ն իրենց լավ են զգում եւ լուրջ սիմպտոմներ չունեն, մեկ անձի մոտ առկա է թոքաբորբ, սակայն առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել: Նախարարը նշել է, որ երեկվանից համապատասխան քայլեր են իրականացվել կորոնավիրուսով վարակվածների հետ շփված անձանց շրջանակը պարզելու եւ մեկուսացնելու ուղղությամբ: 

Նա նաև հավելել է, որ դեղորայքի եւ բժշկական պարագաների դեֆիցիտ պետությունը չունի, առկա է նաեւ դիմակների պահուստավորված անհրաժեշտ խմբաքանակ, որի միջոցով էլ բժշկական հաստատությունները համալրվում են: Միաժամանակ, նշվել է, որ քայլեր են ձեռնարկվում դիմակների նոր խմբաքանակ ներկրելու ուղղությամբ: Նախարարն ընդգծել է, որ փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, դա անելու անհրաժեշտություն ունի այն մարդը, ով ունի հիվանդության ախտանշաններ եւ նա, ով շփվում է հիվանդի հետ:  

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այսօր կհետազոտվեն դեռեւս մարտի 1-ին մեկուսացված մեր հայրենակիցները եւ մեծ է հավանականությունը, որ արդյունքները կլինեն բացասական, այսինքն` նրանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվի:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող ոլորտային աշխատանքները եւ հետագա քայլերը: Որոշում է կայացվել մինչեւ մարտի 23-ը դադարեցնել նախակրթարանների, դպրոցների, եւ բուհերի գործունեությունը: «Մարտի 18-19-ին մենք եւս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, եւ եթե լինի անհրաժեշտություն, ժամկետը կրկին կհետաձգենք: Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել եւս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որեւէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել: Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է, այսօր էլ նիստ տեղի կունենա: Ամենժամյա ռեժիմով հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը: Որեւէ որոշման վերանայման անհրաժեշտություն եթե լինի, թեկուզ կես, մեկ կամ երկու ժամ հետո, մենք դա կանենք: Մեզ համար մեծագույն խնդիրը ոչ միայն որոշում կայացնելն է, այլ որ այդ որոշումները լինեն մաքսիմալ արդյունավետ»,- նշել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու լավագույն միջոցը յուրաքանչյուրի անհատական գիտակցումն է եւ պատասխանատվությունը: Վարչապետը հորդորել է քաղաքացիներին հետեւել պաշտոնական տեղեկատվությանը եւ չվստահել սոցցանցերում շրջանառվող չստուգված եւ կեղծ լուրերին: