Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Բողոսի Յոսուփովիչին. հայտնում է Yerkir.am-ը:
«Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Այս պահից Դուք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի եք»,- նշել է վարչապետը:
Վարչապետը զրուցել է պարոն Յոսուփովիչի հետ, հետաքրքրվել նրա որպիսությամբ, մաղթել քաջառողջություն:
Նուրհան Յոսուփովիչը ծնվել է 1915 թվականին Թուրքիայում: Սկզբում ընտանիքով բնակվել են Ստամբուլում, այնուհետեւ տեղափոխվել Անկարա: Հայրը առեւտրական էր, գլխակագործ: Նյութերը բերում էր Իտալիայից եւ տեղում կարում գլխարկներ: Երեխաների լավ կրթություն ստանալու համար ապահովել է ամեն հնարավոր պայմանները: Նուրհան Յոսուփովիչը կրթություն է ստացել տեղի իտալական դպրոցում: Միշտ աչքի է ընկել առաջադիմությամբ, եւ պատահական չէ, որ իտալացի մասնագետների ուշադրության կենտրոնում է եղել: Կրթությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը: Սկզբում աշխատում էր որպես մշակույթի գծով քարտուղար: Այդպես սկսում է իր դիվանագիտական աշխատանքը: Հետագայում Նուրհան Յոսուփովիչն աշխատում է դեսպանատանը որպես ռազմական ատաշեի երրորդ, այնուհետեւ երկրորդ քարտուղար, իսկ դիվանագիտական գործունեությունն ավարտել է առաջին քարտուղարի պաշտոնում:
Կենսաթոշակային տարիքում արդեն մեկնել է Իտալիա, որտեղ եւ բնակվել է որոշ ժամանակ: Եվ ահա ամիսներ առաջ տեղափոխվել է Հայաստան: Նուրհան պապը զավակներ չունի, մայրն ու կինը մահացել են, եւ այժմ նա Հայաստանում բնակվում է քրոջ ու քրոջ տղայի ընտանիքի հետ: