կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 11:48
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ստորագրել եմ ընդամենը հանրաքվեի օրը նշանակելու համար․ Արմեն Սարգսյան

Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում, որովհետև Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ես ստորագրել եմ ընդամենը հանրաքվեի օրը նշանակելու համար և եթե չստորագրեի, միևնույն է՝ նշանակվելու էր․ Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Եռաբլուրում՝ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի նշանակման փաստաթուղթն ստորագրելու համար ստացած քննադատություններին անդրադառնալով։

Նա ասաց, որ երբ քննադատողները Սահմանադրությունը խորապես կարդան, ընկալեն, մտածեն օրվա իրավիճակի մասին, երկրի զարգացման մասին ընդհանրապես, դրանից հետո ինքը պատրաստ է քննարկել այդ հարցը։

«Ընդ որում, ձեր ասած՝ քննադատողների մի մեծ խմբի հրավիրեցի նախագահական, չեկան»,-արձանագրեց Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը փետրվարի 9-ին ստորագրեց հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք՝ Այո, Ազատությանը ասում ենք՝ Այո, Ապագային ասում ենք՝ Այո և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»: Մինչդեռ ՀՀ նախագահի աշխատակազմը ներկայացրեց պարզաբանումներ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ նախագահի գործառույթների մասին, որոնց համաձայն՝ նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումն է։

«Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով: Ընդ որում, համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը: Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ», - ասված էր պարզաբանման մեջ:

Մանրամասն՝ տեսանյութում․