Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին ծեծի են ենթարկել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի պատվերով։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
2020 թվականի փետրվարի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, քրեական աստիճանակարգության մեջ որոշակի դիրք զբաղեցնող Վ.Ա-ն գլխի ձախակողմյան հատվածում վնասվածք, աջ բազկի շրջանում ցավեր, գլխապտույտ, գլխացավեր եւ սրտխառնոց գանգատներով տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն՝ համապատասխան հետազոտություն անցնելու եւ բժշկական օգնություն ստանալու նպատակով։
Հայտնաբերված վնասվածքների կապակցությամբ կալանավորված անձը հայտարարել էր, թե դրանք առաջացել են փետրվարի լույս 25-ի գիշերը իր խցի սանհանգույցից դուրս գալու ընթացքում անզգուշությամբ սայթաքելու եւ վայր ընկնելու հետեւանքով:
Դեպքի առթիվ քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվել են նյութեր, որոնցով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Վ.Ա-ի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնում եւս անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, որոնց ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ կալանավորված անձը մարմնական վնասվածքներն իրականում ստացել է մեկ այլ խցում քրեական աստիճանակարգության մեջ դարձյալ որոշակի դիրք զբաղեցնող ուրիշ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով: Ընդ որում, հիշյալ ծեծն ուղղորդված եւ կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից։
Նկատի ունենալով, որ դեպքի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել անհետաձգելի մի շարք գործողություններ, այդ թվում` քննության առարկա դարձնել նաեւ հիշյալ քրեակատարողական հիմնարկի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու հանգամանքը, նախապատրաստվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը լուծելու համար։
Քրեական աստիճանակարգության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը եւ ծագած տարաձայնությունների պատճառները պարզելու, միաժամանակ միմյանց նկատմամբ հնարավոր հաշվեհարդարը կանխելու նպատակով Քրեակատարողական ծառայությունը ձեռնարկել է նաեւ կազմակերպչական բնույթի այլ միջոցառումներ. Վ.Ա-ի պահպանության գործառույթների իրականացմանը ներգրավվել են ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի ծառայողները, իսկ կալանավորված անձի նկատմամբ բռնություն գործադրած դատապարտյալները տեղաբաշխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանց նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն։