կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-02 18:31
Աշխարհ

Արևելյան Եվրոպան՝ ԼԳԲՏ-ի դեմ. գաղափարական նոր դիմակայություն

Արևելյան Եվրոպան՝ ԼԳԲՏ-ի դեմ. գաղափարական նոր դիմակայություն

Արևմտյան ԶԼՄ-ները փաստում են, որ Եվրոպայի արևելքում աճում է դիմադրությունը նեոլիբերալ և բազմամշակութային արժեքների դեմ. տեղեկացնում yerkir.am-ը՝ inosmi.ru կայքին հղումով:

Դա դրսևորվում է  ինչպես Ասիայից ու Աֆրիկայից փախստականներին ընդունել հրաժարվելով, այնպես էլ հոմոֆոբ տրամադրություններով: Այդ թեմայով բազմաթիվ հոդվածներում նշվում է, որ ԼԳԲՏ համայնքի դեմ պայքարը դարձել է Արևելյան Եվրոպայի քաղաքական գործիչների հիմնական նախընտրական թեման, և մայրցամաքում գործնականում ստեղծում է գաղափարական նոր դիմակայություն:

Եվրամիության, ինչպես նաև արևմտաեվրոպական բազմաթիվ երկրների ղեկավարության կարծիքով՝  ԼԳԲՏ-ի դեմ ուղղված քաղաքական նոր դաշինքները ձևավորվում են նեոլիբերալ գաղափարախոսության ընդդիմախոսների, կաթոլիկ շարժումների և աջ ծայրահեղական կազմակերպությունների կողմից: Որպես օրինակ՝ բերվում է Լեհաստանի արևելքում գտնվող ոչ մեծ Սվիդնիկ քաղաքը, որն իրեն հռչակել է «ԼԳԲՏ-ից ազատ քաղաք»: Սվիդնիկը Լեհաստանում իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության գաղափարական հենարանն է: Սվիդնիկի քաղաքային իշխանությունների որոշումը վրդովեցրել է Եվրախորհրդարանի պատգամավորներին, որոնք Եվրահանձնաժողովից պահանջել են անհապաղ միջոցներ ձեռնարկել «հոմոֆոբների» նկատմամբ:

Պրահայում անցկացված՝ ԼԳԲՏ եվրոպական համայնքի համագումարում հռչակագիր է ընդունվել, ըստ որի՝ նոր «երկաթե վարագույր» է կիսում Եվրոպան, նաև ընդգծվում է, որ կոմունիզմի անկումից 30 տարի անց մայրցամաքի արևելք են ներխուժել հոմոֆոբիան, գենդերային ատելությունն ու խտրականությունը:

Ի դեպ, Լեհաստանում Սվիդնիկը միայնակ չէ. տասնյակ մունիցիպալիտետներ՝ հիմնականում երկրի հարավ-արևելքում, համապատասխան հռչակագրեր են ընդունել: Նրանց աջակցում է կաթոլիկ եկեղեցին:

Հատկանշական է, որ ԼԳԲՏ-ի հանդեպ վերաբերմունքը յուրատեսակ թեստ է դարձել նեոլիբերալ արժեքների ընկալման համար, որոնք քարոզում են արևմտյան ԶԼՄ-ները, ԵՄ ղեկավարությունն ու քաղաքական գործիչները: Վերջերս անցկացված հարցումների համաձայն՝ երիտասարդ լեհերը 21-րդ դարի հիմնական սպառնալիք են համարել «ԼԳԲՏ-ին աջակցող շարժումը և գենդերային գաղափարախոսությունը»:

Ինչո՞ւ է հենց ԼԳԲՏ հիմնախնդրին այդքան նշանակություն տրվում Եվրոպայի արևելքում: Ակնհայտ է, որ թեման անմիջականորեն կապված է ազգային ինքնագիտակցության, ավանդական արժեքների, կացութաձևի և  սերունդ տալու կենսաբանական բնազդի հետ:

Լեհաստանում իշխող «Իրավունք և արդարություն» աջ կուսակցությունը ԼԳԲՏ գաղափարախոսությունը խորհրդային տիպի կոմունիզմին համարժեք վտանգ է համարում: Հենց ավանդական արժեքների պաշտպանությունն  է եղել նախընտրական քարոզարշավի գլխավոր թեման և հնարավորություն տվել ազգայնական-պահպանողականներին հաղթելու ընտրություններում: Կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ  դրսից Լեհաստանի վզին փաթաթվող նեոլիբերալ գաղափարախոսությունը վտանգ է լեհ ազգի ու պետականության համար: Իր հերթին, Կրակովի արքեպիսկոպոս Մարեկ Եդրաշևսկին է «ծիածանագույն ժանտախտը» համեմատել նացիզմի ու խորհրդային կոմունիզմի հետ:

Հունգարիայում նույնպես, որտեղ քաղաքական մեյնսթրիմը ներկայացնում են աջ պոպուլիստները, վերջին ամիսներին «հակագեյ» թրենդն է շրջանառվում: Իշխող «Ֆիդես» կուսակցությունը և անձամբ վարչապետ Վիկտոր Օրբանը համակարգված հոմոֆոբ արշավ են իրականացնում: Այսպես՝ «Ֆիդես»-ի պատգամավորները բոյկոտել են ամերիկյան «Կոկա կոլա» ընկերության արտադրանքը, քանի որ դրա գովազդներում նույնասեռական զույգեր կան: Հունգարական խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերն ասել է, որ նույնասեռականների կողմից երեխաների որդեգրումը հավասարազոր է  «մանկապղծության՝ բարոյական իմաստով»: Հունգարիան հրաժարվել է Ամստերդամում անցկացվելիք «Եվրատեսիլ»-ին մասնակցությունից, քանի որ այդ մրցույթը «չափազանց երկնագույն» է համարում:

Վերլուծաբանների կարծիքով՝ «հակագեյ հռետորաբանությունը» շահավետ է Արևելյան Եվրոպայի աջ պոպուլիստներին, քանի որ ապօրինի միգրանտների թեման արդեն սպառել է իրեն: Չեխիայում, որտեղ հասարակությունն ավելի հանդուրժող է ԼԳԲՏ-ի նկատմամբ (վերջին հարցման համաձայն՝ չեխերի 61 տոկոսը պատրաստ է հավանություն տալ միասեռ ամուսնությունների օրինականացման օրենքին), պահպանողական քաղաքական գործիչներն իրենց ելույթներում սկսել են կիրառել հոմոֆոբ հռետորաբանությունը ձայներ հավաքելու համար: Արդյունքում՝ միասեռ ամուսնություններն օրինականացնելու մասին օրինագիծը մնացել է խորհրդարանի ստորին պալատում՝ առաջին ընթերցման մակարդակում: Ըստ որոշ տեղեկությունների՝ օրինագծի առաջընթացը կասեցնում է վարչապետ Անդրեյ Բաբիշը, որն իր կուսակցության պատգամավորներին թույլ չի տալիս քվեարկել հօգուտ այդ օրինագծի: Վերջերս Բաբիշը հանդիպել է  պահպանողական «Շարժում հանուն կյանքի» կուսակցության ներկայացուցիչների հետ, որը հոմոֆոբ դիրքորոշում ունի և հանդես է գալիս ծնելիության բարձրացման ու ընտանիքների իրավունքների ավելացման օգտին:

Չեխիայում նաև ձայներ է հավաքում նախաձեռնությունը, ըստ որի՝ սահմանադրորեն պետք է սահմանվի (ինչպես արել են Հունգարիան ու Սլովակիան), որ ամուսնությունը բացառապես տղամարդու ու կնոջ միությունն է: Այդ նախաձեռնությանն աջակցում են եկեղեցին ու երկրի նախագահ Միլոշ Զեմանը:

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Եվրոպայի արևմուտքում ու արևելքում միասեռ ամուսնությունների գնահատականը սկզբունքորեն տարբերվում է: Այսպես՝ Նիդերլանդներում միասեռ ամուսնություններին դրական է վերաբերվում հարցվածների  82 տոկոսը, Շվեդիայում ՝ 71, Դանիայում՝ 69, Բելգիայում՝ 62, Իսպանիայում՝ 56, Գերմանիայում՝ 52, մինչդեռ Ռումինիայում՝ 11 տոկոսը, Լատվիայում ՝ 12, Հունաստանում՝ 15, Լեհաստանում՝ 17, Հունգարիայում ՝ 18: Միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրմանը հավանություն է տալիս հոլանդացիների 69 տոկոսը, շվեդների՝ 51, լեհերի՝ ընդամենը 7 տոկոսը:

Առանձնահատուկ բացասական վերաբերմունք կա միասեռ ամուսնությունների նկատմամբ Ռուսաստանում, որտեղ ընդունվել է օրենք միասեռականության քարոզի անթույլատրելիության մասին: Սպասվում է, որ ՌԴ սահմանադրության նոր տարբերակում ամուսնությունը կորակվի որպես բացառապես տղամարդու և կնոջ միություն, իսկ նույնասեռ ամուսնությունը կարգելվի: Ռուսաստանի մի շարք շրջաններում, օրինակ՝ Չեչնիայում միասեռականներին հետապնդում են, ինչը Արևմուտքում դատապարտվում է և համարվում մարդու իրավունքների խախտում:

Եվրահանձնաժողովը փաստում է՝ վերջին երկու տասնամյակում Արևմտյան Եվրոպայում դրական էվոլյուցիա կա նույնասեռականության և այլ գենդերային խնդիրների ընկալման հարցում, և ընդհակառակը՝ Արևելյան  Եվրոպայում իշխում է «հոմոնեգատիվիզմը»: Արևմտաեվրոպական վերլուծաբանները դա համարում են արևելաեվրոպացիների տնտեսական ու կրթական հետամնացության, նաև ծայրահեղ կրոնականության հետևանք: Նրանց կարծիքով՝ արևելաեվրոպացիների արագ անցումը կոմունիզմից ժողովրդավարությանը ուղեկցվում է մշակութային շոկով, նաև ժողովրդավարական արժեքներից հիասթափությամբ: Բացի դրանից՝ քաղաքական գործիչները հմտորեն կիրառում են բնակչության նախապաշարմունքները իշխանության գալու համար:

Արևմտյան հետազոտողները ԼԳԲՏ համայնքի շուրջ ստեղծված իրավիճակը տագնապալի են համարում, նշում, որ այն պառակտում է Եվրոպան: Նրանք մտավախություն ունենք, որ արևելաեվրոպացիները ժամանակի ընթացքում կարող են մերժել արևմտյան մշակութային արժեքները ոչ միայն սեռական բարոյականության, այլև այլ ոլորտներում:

Այսպիսով՝  խնդիրը, որը թվում էր առաջնային նշանակություն չունի՝ գործազրկության, կենսամակարդակի անկման, ապօրինի միգրացիայի համեմատությամբ, դարձել է սկզբունքային և կարևոր Արևելյան Եվրոպայի ժողովուրդների՝ իրենց ազգային ինքնագիտակցության, ավանդական արժեքների ու ընտանիքի պաշտպանության պայքարում ընդդեմ նույնասեռականների, միգրանտների, աղանդների և, ընդհանուր առմամբ, պոստմոդեռնիստական անհատականության: Խոսքը լրջագույն գաղափարախոսական ճգնաժամի մասին է, որի մեջ է ներքաշվել ամբողջ Եվրոպան:

Ընդ որում՝ նեոլիբերալ գաղափարախոսությունն իր լավ օրերը չի ապրում, դրա դեմ պայքարի են դուրս եկել քրիստոնյաները, մուսուլմանները, ազգայնականներ ու բոլոր տեսակի պահպանողականները: