կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-03 14:14
Առանց Կատեգորիա

Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայություն. ինչպես պետք է վարվի Հայաստանը

Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայություն. ինչպես պետք է վարվի Հայաստանը

Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայության` վերընթաց կորագծով զարգացումը որոշակի բարդություններ է ստեղծել կողմերի հետ հարաբերություններ պահպանող երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար:

Անկախացումից ի վեր Հայաստանը մշտապես փորձել է խորացնել Իրանի հետ բարեկամական, գործընկերային հարաբերությունները, որոնք ձգտում են ռազմավարականի: Զուգահեռաբար, Հայաստանը փորձել է սերտ, ինչ-որ տեղ գործընկերային հարաբերություններ ձեւավորել եւ ընդլայնել նաեւ ԱՄՆ-ի հետ:

Գաղտնիք չէ, որ աշխարհաքաղաքական այնպիսի պայմաններում, որոնցում գտնվում է Հայաստանը, Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն երկրի համար: Ըստ էության, Իրանի հետ հարաբերություններն այլընտրանք չեն կարող ունենալ: Երեւանում բոլորն են գիտակցում այդ հարաբերությունների պահպանման, շարունակականության եւ զարգացման անհրաժեշտությունը: Այդ պատճառով էլ այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանն իրավացիորեն փորձել է խուսափել Իրանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների երկընտրանքից: Սա ամբողջովին արդարացված քաղաքականություն է, քանի որ որեւէ պետություն առաջին հերթին առաջնորդվում է սեփական շահերով, այլ ոչ թե այլոց շահերի հակադրման ճանապարհով:

Տարիներ շարունակ Հայաստանի այս քաղաքականությունը միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար ընդունելի եւ ընկալելի է եղել: Նախկինում, հատկապես՝ Բարաք Օբամայի նախագահության շրջանում, Վաշինգտոնը հաշվի է առել Հայաստանի բացառիկ աշխարհաքաղաքական պայմանները եւ, ինչպես ընդունված է ասել, մատների արանքով է նայել Երեւան-Թեհրան հարաբերություններին:

Իրավիճակը, սակայն, կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ նախագահ Թրամփի վարչակազմը որոշեց դուրս գալ Իրանի հետ Միջուկային համաձայնագրից: Իրան-ԱՄՆ շահերի բեւեռացման ֆոնին` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկաս տարածաշրջանում Իրանին մեկուսացնելու՝ ԱՄՆ վարչակազմի առաջին ակնհայտ փորձն էր:

Հայաստանի կտրվածքով Վաշինգտոնին մտահոգում են հատկապես Իրանի հետ ֆինանսաբանկային եւ սահմանային առեւտրատնտեսական հարաբերությունները, որոնք կարող են մարտահրավերի վերածվել ԱՄՆ-ի ամենախիստ պատժամիջոցների միջոցով` Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականության համար: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը փորձում է Երեւանին  «կա՛մ, կա՛մ» ընտրության առջեւ կանգնեցնել, որը միանշանակ հակասում է Հայաստանի անմիջական շահերին:

Այս բարդ պայմաններում  Հայաստանը դեռեւս խուսափում է հստակ կողմնորոշումից: Ներկա դրությամբ սա, իհարկե, ինչ-որ տեղ կարող է արդարացված քաղաքականություն թվալ: Բայց, միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ դա ցավազրկող դեղամիջոցների բնույթ կրող, իրավիճակային լուծում է, որը, սակայն, պարզ չէ, թե ինչքանով է կարող պահպանել իր արդյունավետությունը, եւ ինչ ժամանակով է հնարավոր այն շարունակել:

Չպետք է մոռանալ, որ Իրանի հետ առնչվող աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված որեւէ խնդիր ուղղակիորեն ազդում է նաեւ Հայաստանի վրա: Այլ խոսքով՝ դրանք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար` հաշվի առնելով մանավանդ դրանց բաղադրիչները, որոնց հիմնական մասն անվտանգության բնույթի են եւ անմիջականորեն ազդում են Հայաստանի անվտանգային մթնոլորտի վրա: Հետեւաբար, ոչ միայն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն ակնդետ հետեւի Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայության զարգացման ամբողջ ընթացքին եւ տրամաբանությանը, այլ նաեւ պետք է հստակ հասկացնի, որ չի պատրաստվում ակտիվ դեր ստանձնել հնարավոր հակամարտության դեպքում,  կողմերից մեկի շահերից ելնելով` չի պատրաստվում մեկուսացնել մյուսին: Աշխարհաքաղաքական առումով, սա բխում է Հայաստանի անմիջական եւ կենսական շահերից:

Երեւի անհրաժեշտություն չկա հուշելու, որ Իրան-ԱՄՆ հնարավոր ռազմական առճակատումն ինչպիսի բարձր ռիսկային իրավիճակ եւ մարտահրավերներ կարող է ստեղծել Հարավային Կովկասի համար՝ ընդհանրապես, իսկ Հայաստանի համար՝ հատկապես: Նման պայմաններում իրավիճակը միանշանակորեն կարող է առավել աղետալի հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, եթե, իհարկե, Երեւանը թույլ տա աններելի սայթաքում, տրվի սադրանքին եւ ուղղակի կամ անուղղակի ներքաշվի հակամարտությունում կողմերից մեկի դիրքերից:

Վստահ եմ, որ բոլորը կռահում են, թե խոսքը հատկապես որ կողմի մասին է: Մեր հիշողության մեջ դեռեւս թարմ են 2008 թվականի ռուս-վրացական հակամարտության հետեւանքները Վրաստանի համար, որոնք այն օրերի վրացական իշխանությունների` վերացական խոստումներին հավատալու եւ սադրանքին տրվելու՝ աշխարհաքաղաքական սխալ հաշվարկի արդյունքն էին:

Արամ Շահնազարյան

Alikonline-ի պատասխանատու-խմբագիր

հատուկ ԵՐԿԻՐ-ի համար