կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 16:04
Մշակույթ

Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը. Հայկ Մարությանը մեջբերել է Երվանդ Մանարյանի խոսքը

Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը. Հայկ Մարությանը մեջբերել է Երվանդ Մանարյանի խոսքը

Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա նաև նշել է. «Երվանդ Մանարյանը 1940-ականներին Հայրենիք վերադարձած հայերի սերնդից էր, ոսկե սերնդի ամենապայծառ աստղերից մեկը, մեկը նրանցից, ովքեր 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծեցին մշակութային Երեւանի կերպարը: Մարդ, որն արդեն մեր ժամանակներում քաղաքացիական գիտակցության բարձր նշաձող սահմանեց բոլորիս, եւ հատկապես արվեստի մարդկանց համար:

Մանարյանի տիկնիկային թատրոնը ոչ միայն հեքիաթային աշխարհ էր, այլեւ անկախ երկրի վաղվա ազատ քաղաքացու դարբնոց: «Ավելի լավ է պետությունը միջոց ծախսի զարգացող երեխայի վրա, քան թե հետո նրա վատ դաստիարակության հետեւանքով գումարներ ծախսի՝ բանտերում պահելու համար», - ասում էր նա:

Իսկական ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի անունն ու գործը դեռ երկար կմնան մեզ հետ՝ որպես բարության, ազնվության ու ազատ մտքի ուղեցույց:

Հանգչիր խաղաղությամբ, Վարպետ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը: