Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը զուգահեռ, վերաբացվել է նաև Պողոս Պողոսյանի սպանության գործը: Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամ, ջավախահայ ազգային-հասարակական գործիչ Պողոս Պողոսյանը սպանվել էր Երևանի «Առագաստ» սրճարանում 2001 թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը՝ երկրորդ նախագահի թիկնազորի կողմից դաժանաբար ծեծվելու արդյունքում:
Հասարակության մեջ ընդվզում առաջացրած այս ցավալի դեպքը, այնուհետ նաև դատավարության կողմնակալ ընթացքն ու արդյունքները մշտապես եղել են քննարկումների, շատ դեպքերում նաև շահարկումների առարկա: Որոշ ուժեր կամ անհատներ, ցանկանալով Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ և Պ. Պողոսյանի սպանությունը դատապարտելով՝ «հերոսանալ», երբեմն թիրախավորել են ՀՅԴ-ին և այժմ էլ շարունակում են այդ հողի վրա իրենց էժանագին վարքագիծը:
Բարեբախտաբար, ժամանակին խնամքով արված հրապարակումները խոսում են բոլորովին այլ իրողությունների մասին:
Հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ Վալերի Արաբյանը «Լեռնաշխարհ» թերթի 2002 թ. փետրվարի համարում հրապարակված «Դատարանը չբացահայտեց ճշմարտությունը» խորագրի տակ մանրամասնորեն անդրադարձել է դատավարությանը, հատկապես՝ փետրվարի 19-ին և 21-ին կայացած նախավերջին և վերջին նիստերին, որոնց ինքը ևս ներկա է գտնվել: Ներկայացնելով ականատեսների գրավոր վկայությունները, տուժողի իրավահաջորդի (Պողոս Պողոսյանի եղբայր, այժմ երջանկահիշատակ Անդրանիկ Պողոսյանի) շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանի մի շարք միջնորդությունները՝ Վ. Արաբյանն այնուհետև մեջբերում է ուշագրավ մի շարք դրվագներ դատավարության ընթացքից:
Ներկայացնենք վերոնշյալ դրվագներից մեկը. դատապարտելով պետական մեղադրող Էդ. Սարիկյանի և դատապաշտպան Գր. Յանիկյանի աչառու վարքագիծը՝ հոդվածագիրը մեջբերում է նաև ամբաստանյալի դժգոհությունը. «Սա ոչ թե դատ է, այլ դատական շոու, կուսակցական շոու (ամբաստանյալը դատապարտում է դատավարության ընթացքում Հ.Յ. Դաշնակցության կարծր դիրքորոշումները և անզիջում կեցվածքը - «Երկիր»): Փորձում են ձգձգել դատավարությունը»:
Ընդհանրացնելով՝ նշենք, որ Վ. Արաբյանի խոսքը յուրօրինակ ընդվզում է, բողոք՝ ընդդեմ անարդար դատավարության, մի ընթացք, որի կասեցման հարցում ընդգրկված էր ՀՅԴ կազմակերպական կառույցն` իր ողջ ներուժով: Հեղինակն իր խոսքն ամփոփում է՝ մեջբերելով լրագրողներից մեկի՝ պետական մեղադրողին ուղղված խոսքով. «Դուք այս հասարակության համար ավելի վտանգավոր եք, քան մարդասպանները»:
Ստորև ներկայացնում ենք Վ. Արաբյանի վերոնշյալ հոդվածի լուսապատճենված տարբերակը: