Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի գիտական գործունեության կարևորագույն և կիրառական արդյունքները, անդրադարձել հաշվետու տարում միջազգային համագործակցության ուղղությամբ ակադեմիայի կողմից իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ միջազգային գիտական կառույցներում ակադեմիայի ներգրավվածությանը և միջազգային գիտաժողովներին մասնակցությանը, գիտահետազոտական աշխատանքներին: Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է նաև գիտությունների ազգային ակադեմիայի գիտական աշխատանքների տարեկան ֆինանսավորման վերաբերյալ ցուցանիշները, խոսել նաև ԳԱԱ կողմից երիտասարդ գիտական կադրերի պատրաստման ու գիտությունների ազգային ակադեմիայի և բուհական համակարգի համագործակցության արդյունքների մասին: Գիտությունների ազգային ակադեմիայի 2017թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցել է ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Տարեկան ժողովում ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը ներկայացրել է «Քաղաքակրթությունների և ժամանակների խաչմերուկում. Հայաստանն ըստ նորահայտ հնագիտական տվյալների» գիտական զեկուցումը:
Հանրապետության Նախագահը ողջունել է ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին և ընդգծել, որ գիտնականների հետ իր հանդիպումներն ու ակադեմիայի տարեկան ժողովներին ավանդաբար մասնակցությունը ոչ միայն հարգանքի դրսևորում է գիտնականների նկատմամբ, այլև գիտական հանրույթի խնդիրներին, գործունեությանը, գիտության վիճակին ծանոթանալու ևս մեկ և շատ լավ հնարավորություն: Սերժ Սարգսյանը նշել է, որ գիտնականների հետ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները, իր կարծիքով, նույնկերպ շարունակվելու են, որովհետև պետության պահանջներն ու ակնկալիքները հայ գիտնականներից շատ մեծ են:
Հանրապետության Նախագահը ուրախությամբ է փաստել, որ Հայաստանում գիտության զարգացման նոր մոտեցում է տեսնում: Ըստ նրա՝ ի տարբերություն տարիներ առաջ և հատկապես 2008-2009թթ. գիտնականների ելույթների, որոնք բոլորը հանգում էին ընդամենը մեկ խնդրի՝ ֆինանսների բացակայությանը, այսօր գիտնականներն իրենք են իրենց աշխատանքի գնահատման արդյունքում եկել այն եզրակացության, որ անհրաժեշտ է օպտիմալացնել և եղած միջոցներն արդյունավետ օգտագործել, ինչի մասին խոսվում էր դեռևս 6-7 տարի առաջ: «Այս մոտեցումն ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար»,-նշել է Նախագահ Սարգսյանը և ընդգծել, որ պետությունը շարունակում է մնալ նույն համոզման՝ եղած միջոցներով պետք է կարողանալ հասնել առավելագույն արդյունքի: Ցանկալի արդյունքին հասնելուց հետո, պետական եկամուտների մեծացմանը զուգահեռ, ըստ Նախագահի, կտրամադրվեն հավելյալ միջոցներ: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ցանկացած իրատեսական, հիմնավորված ծրագրի համար պետությունը մշտապես պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է միջոցներ գտնելու: Հանրապետության Նախագահի խոսքով՝ պետության ներկայիս հնարավորությունների պայմաններում եղած միջոցների արդյունավետ օգտագործմամբ առավելագույն արդյունքի հասնելու մոտեցումը վերաբերում է անխտիր բոլոր ոլորտներին, այդ թվում՝ բանակին, անվտանգությանը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ պարբերաբար արծարծվող՝ տեսական և կիրառական նշանակություն ունեցող գիտության հարցերը միայն Հայաստանին չէ, որ մտահոգում են: Դա հավերժական հարց է, որը քննարկվում է բոլոր երկրներում, և դրա համար, ըստ Հանրապետության Նախագահի, պետք է գտնել հավասարակշռված մի մոտեցում, որը թույլ կտա արդարացնել պետության և հասարակության ակնկալիքները: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել գիտության զարգացման և հեռանկարային ծրագրերի հետ կապված խնդիրներով մտահոգ գիտնականների հետ առանձին հանդիպել և քննարկել հնարավոր լուծումները:
Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև գիտության ասպարեզում սերնդափոխության խնդրի լուծումը:
Հանրապետության Նախագահը գիտնականներին մաղթել է հաջողություն՝ նշելով, որ մեկ բան ակնհայտ է՝ մեր ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության նկատմամբ, և գիտությունը Հայաստանում մշտապես պահանջված է: «Ուրեմն և՛ դուք, և՛ ձեզնից հետո եկողները շատ մեծ գործ ունեն անելու: Փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը: