Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, «Թրենդ» ադրբեջանական գործակալությանը հայտնել է վրացական MTAVARI մեդիա կենտրոնի հիմնադիր և տնօրեն Էկա Գուլուան:
«Առավոտյան ութից ես այցելել եմ 7-8 ընտրատեղամաս: Ժողովուրդը հանգիստ քվեարկել է, բոլորը ուրախ էին: Բոլորն ասում են, որ գոհ են կառավարությունից»,- ասել է նա:
Ըստ նրա՝ նա երբևէ չի տեսել այդպիսի ժողովրդավարական ընտրական միջավայր:
Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրեսի (ԳԱՄԿ) նախագահ Ալի Բաբաևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի կադրային քաղաքականությունը վերջերս էականորեն փոխվել է, երիտասարդները կառավարման մեջ ավելի ակտիվ մասնակցություն են ունենում և անհրաժեշտ էր փոփոխություններ կատարել խորհրդարանի կազմում:
«Առայժմ որևէ ընտրախախտում տեղի չի ունեցել ո՛չ նախընտրական քարոզչության, ո՛չ էլ ընտրությունների ժամանակ: Այսօր մենք այցելել ենք մոտ 10 ընտրատեղամաս և շարունակում ենք մեր դիտարկումները», - ասել է նա:
Նրա խոսքով՝ առավոտյան, ցուրտ եղանակի պատճառով, ավելի քիչ ընտրող է եղել, բայց կեսօրից հետո նրանց թիվն ավելացել է:
«Մոտ 15 լրագրողներ ներկա են Վրաստանից, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի անդամներ, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ: Ադրբեջանի համար նման ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ անցկացնելը մեծ հաղթանակ է, այն կնպաստի երկրի ավելի մեծ բարեկեցությանը», - ասել է Բաբաևը:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 9-ին, Ադրբեջանում անցկացվել է Միլի Մեջլիսի (խորհրդարանի) վեցերորդ գումարման արտահերթ ընտրությունները:
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 1314 թեկնածու:
246 մարդ առաջադրվել է 19 քաղաքական կուսակցությունների կողմից, 1057-ը`անհատապես, 11-ը` նախաձեռնող խմբերի կողմից: Կանայք կազմում են թեկնածուների 21 տոկոսը, տղամարդիկ ՝ 79:
Երկրի 125 ընտրատարածքներում գործում է 5573 մշտական ընտրատեղամաս:
Որպես ընտրող գրանցված է 5 329 460 մարդ:
883 միջազգային և 77.790 տեղական դիտորդներ հետևում են քվեարկության գործընթացին: Տեղական դիտորդներից 35152-ը քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ են: Միջազգային դիտորդները ներկայացնում են 58 երկիր և 59 կազմակերպություններ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններում գրանցված ակնհայտ խախտումների ու բռնությունների մասին: