Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրեր առաջ, երբ Ադրբեջանը փակել էր Գորիս–Կապան ճանապարհը, որի մի հատվածը ՀՀ կապիտուլյացիոն ու դավաճան իշխանությունները դավադրաբար հանձնել էին թշնամուն, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանդես եկավ ադրբեջանասեր, պսևդոխաղաղասեր հայտարարություններով, որոնց գումարվեց նաև Սյունիքի Որոտան և Շուռնուխ գյուղերի հայկական անվանումների փոխարեն ադրբեջանական «Էյվազլի» և «Չայզամի» տեղանունների օգտագործումը՝ դրանով իսկ հայկական այդ տարածքները ճանաչելով որպես Ադրբեջանի տարածք։
ՀՀ տխրահռչակ վարչապետի դավաճանական հայտարարություններին առաջինը արձագանքողներից էր Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Ֆեյսբուք»-ում հրապարակած գրառման մեջ Սաղաթելյանը, դատապարտելով Փաշինյանի հակահայկական հայտարարությունները, նաև զգուշացրել էր Ալիևին ու Փաշինյանին․ «Հայ ժողովուրդը չի՛ հանդուրժել և չի՛ հանդուրժելու ևս մեկ կապիտուլյացիա, իսկ Ալիևի և Նիկոլի պայմանավորվածությունները մնալու են իբրև իրենց անձնական հարաբերությունների վերհուշ»։
Ադրբեջանական մերձիշխանական տիրույթին դուր չեն եկել հայ ազգային կուսակցության ղեկավարի հայտարարությունները։ Այսպես՝ Haqqin.az կայքում հրապարակվել է ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Էլհան Շահինօղլուի հոդվածը, որում նշվում է, թե «հայկական ընդդիմությունը շատ ծանր է տանում պատերազմում պարտությունը և չի ցանկանում ընդունել իրականությունը, և պետականությունը պահպանելու միակ հնարավորությունը Ադրբեջանի հետ սահմանազատման անցկացումն է և Զանգեզուրի միջացնքի բացումը»։
Ադրբեջանցի հոդվածագիրն այնուհետև սկսում է ադրբեջանամետ Փաշինյանի գովքը՝ նշելով, որ «Փաշինյանը հասկանում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը՝ որպես փակուղուց դուրս գալու միակ ելք», որում Հայաստանն իբր հայտնվել էր անկախության հռչակումից ի վեր։
«Նման իրավիճակում Փաշինյանն իրեն պահում է որպես պատասխանատու, ազգային առաջնորդ»,– Փաշինյանի գովքն է շարունակում Շահինօղլուն։
Ցավոք, Հայաստանի բարձրագույն ղեկավար կազմից միայն ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանն է, որ համահունչ և արժանի արձագանք է տալիս Ադրբեջանից հնչող հակահայկական կոչերին, իսկ ՀՀ իշխանությունները կա՛մ լռելյայն հետևում են Ադրբեջանի բարբաջանքներին, կա՛մ էլ, որն ավելի վատ է, պաշտպանում են և իրենք իրենց հերթին կրկնում այդ բարբաջանքները։
Փաստացի, Ադրբեջանը ծանր է տանում միայն Սաղաթելյանի գլխավորությամբ հայկական ընդդիմության գործողությունները, իսկ ՀՀ իշխանությունների դիրքորոշումները նրանց սրտով են։