կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 15:50
Տարածաշրջան

Թուրքիան նոր զրահատեխնիկա և հատուկջոկատայինների է տեղափոխում Սիրիա

Թուրքիան նոր զրահատեխնիկա և հատուկջոկատայինների է տեղափոխում Սիրիա

Թուրքիան Իդլիբի ապաէսկալացիայի գոտում գտնվող թուրքական դիտորդական կետեր է ուղարկում հատուկջոկատայիններին. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«150 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որը հատուկջոկատայինների հետ միասին տեղափոխում է նաև ռազմական տեխնիկա և սպառազինություն, արդեն հասել է Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլի շրջան», գրում է գործակալությունը:

Թուրքական ԶԼՄ-ներ երեկ տեղեկացրել էին, որ օրեր առաջ սիրիական բանակի կողմից թուրքական զինուժին հրետանային հարվածներ հասցնելուց և դրանից հետո Իդլիբում սիրիական կառավարական բանակի առաջխաղացումից հետո Թուրքիան զրահատեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկում Սիրիա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ կոչ է անում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի հարձակումը և դուրս գա Իդլիբում գտնվող թուրքական դիտակետերից, հակառակ դեպքում պատասխան կտա:

Թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ները ծաղրանքով գրում էին, որ «Էրդողանը պահանջում է Սիրիայից դուրս գալ սիրիական հողերից»:

2017 թ. Աստանայում Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան համաձայնության էին եկել՝ Սիրիայում ստեղծել 4 ապաէսկալացիոն գոտի: Դրանցից 3-ն արդեն գտնվում է Ասադի օրինական իշխանության զորքերի վերահսկողության տակ, իսկ 4-րդը՝ Իդլիբը, որն իր մեջ ընդգրկում է նաև Լաթաքիայի, Համայի և Հակեպի որոշ շրջաններ, դեռևս գտնվում են ահաբեկիչների ձեռքում:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Իդլիբի շուրջ ստեղծված լարվածությունը քննարկելու համար ռուսական պատվիրակություն կժամանի Թուրքիա: