Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ժողովրդագրական աճի, մանկաբուժության ձեռքբերումների ու հնարավոր զարգացումների մասին, ինչպես նաև փակվող ծննդատների թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Երևանի հենակետային բժշկական քոլեջի դասախոս, մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանի հետ:
-Պարոն Մարտիրոսյան, երևի առաջինը խոսենք ծննդատների փակման` արդեն ծեծված թեմայի մասին: Ո՞րն է Ձեր տեսակետը:
-Ես շատ բացասական եմ վերաբերվում ծննդատների փակմանը, քանի որ ցանկացած ծննդատուն ստրատեգիական օբյեկտ է մեր նման երկրի համար, բուժհաստատությունները մեր մոտ առանց այն էլ շատ կենտրոնացած են Երևանում, և, փակելով Մարալիկի, Եղվարդի Աչաջրի ծննդատները, նախարարությունը անուղղելի սխալ է գործում: Դա ոչ միայն հոգեբանորեն, այլ անմիջական ազգային անվտանգության հարցեր է շոշափում. Աստված չանի, երկրաշարժի կամ պատերազմական իրավիճակի դեպքում մենք պարտավոր ենք ունենալ ապակենտրոն, երկրի տարածքով մեկ ցրված առողջապահական ցանց, որը կնպաստի արդյունավետ աշխատանքի՝ նաև նման դեպքերում:
Բավական է այդ ծննդատներն ապահովել նվազագույն սարքավորումներով, օրինակ շուրջօրյա հսկողության մոնիտորներով (մեկ մոնիտորը 500 հզ. դրամ է, չենք ասում 3-րդ կարգի հզոր ծննդատների սարքավորումներ, որոնք ռեալ չեն), բուժանձնակազմի հետ Հայկական Նեոնատոլոգների ասոցիացիան պարբերաբար վերապատրաստման դասընթացներ կազմակերպի թեկուզ տեղում, որը բուժանձնակազմին էական օգնություն կլինի, նեղ մասնագետներին առաջարկվի եռակի բարձր աշխատավարձ, բնակարանով ապահովել կնքված պայմանագրով աշխատելու ժամանակահատվածում:
Համենայն դեպս, կարելի էր նախարարության մեծ պարգևավճարների և նախարարների տարեկան 10 պարգևավճարների կեսով անգամ այս խնդիրները լուծել: Բայց դե պրոբլեմի ամենահեշտ լուծման տարբերակն են ընտրել. փակել, դա խնդրի լուծում չի:
-Ստացվում է այնպես, որ խնդիրը լուծելու փոխարեն փորձում են շրջանցե՞լ այն:
-Այո, եթե նախարարը կամ նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցները գոնե մեկ անգամ Մարալիկի 17 համայնքերի ճանապարհներով անցած լինեին կամ այցելելով տեղում մյուս ծննդատների պրոբլեմների հետ ծանոթանային, մշակեին դրանք որոշակի ժամանակացույցով լուծելու հերթականությունը, քննարկեին բուժանձնակազմի վերապատրաստման հարցերը ոչ ստանդարտ լուծումներով, նորմալ աշխատավարձով հրավիրեին պայմանագրով աշխատելու նեղ մասնագետների, մարզերի առաջատար մանկաբարձների կարծիքն էլ հաշվի առնեին, պատկերը լրիվ այլ կլիներ, բայց բերվում է հիմնավորում, թե ռիսկային է, պետք է փակել ծննդկանի և երեխայի մահացություն թույլ չտալու համար: Բայց չէ՞ որ նման դեպքեր այդ ծննդատներում տասնամյակներով չեն եղել, իսկ անգամ 3-րդ կարգի ծննդատները նման իրավիճակներից ապահովագրված չեն:
-Այսօր Հայստանում ժողովրդագրական աճի խնդիր կա, ասել է, թե` ազգային անվտանգության խնդիր կա: Հաշվի առնելով այդ ամենը` ծննդատներ լուծարելն ինչի՞ մասին է խոսում:
-Եզրակացությունները թողնում եմ ընթերցողներին: Իմ կարծիքով, դա շատ վտանգավոր, ազգային անվտանգությանը հակասող գործողություն է և լավ է, որ համապատասխան մարզերի մարզպետները գոնե որոշել են չդադարեցնել ծննդատների աշխատանքը և սատարել նրանց, հաշվի առնելով հարցի կարևորությունը: Հանրության բնական արդարացի դժգոհությունն ու հակազդեցությունն էլ իր դերը խաղաց:
-Պետությունն (արդեն երեք տասնամյակ) անընդհատ խոսում է ծնելիության աճը խթանելու մասին, բայց տպավորություն է, որ խնդիրն ավելի շատ քննարկվում է, քան` լուծվում: Ձեր մոտեցմամբ` որո՞նք են լուծման ուղիները:
-Լուծման ուղիները 3-րդ և ավելի երեխայի ծննդի դեպքում ծնողին տրվող գումարի ավելացումն է, արտոնությունների ավելացումը 3 և ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտներում: Եղած որոշումները չեն բերել դեմոգրաֆիական խնդրի վրա որևէ դրական ազդեցության: Պետք է պատվով աշխատելու հնարավորություն ստեղծվի այդ ընտանիքներին:
-Ցավոք, շատ ենք ականատես լինեում դեպքերի, երբ մանկահասակ երեխան թանկարժեք բուժման (նաև արտերկրում) կարիք ունի, բայց ծնողները գումար չունեն, պետությունն էլ չի միջամտում կարծես: Այդ երևույթը աղերսներ ունի՞ ժողովրդագրական աճի խնդիր ունեցող պետության ռազմավարության հետ:
-Սովորաբար նման դեպքերի մեծ մասը կապված են արյան լեյկոզների հետ, որոնց ճնշող մեծամասնությունը այժմ կարողանում են գերմանական առաջատար կլինիկաների ստանդարտներով բուժում ստանալ Հայաստանում: Այդ երեխաների բուժման ծախսերը հոգում են հիմնականում այդ նպատակով ստեղծված բարեգործական ֆոնդերը: Արտասահմանում բուժման կարիք ունեցող երեխաների ծախսերը, որքան որ ինձ է հայտնի, լուծվում են բարեգործական ֆոնդերի ֆինանսական միջոցներով, գուցե կա նաև նախարարության կողմից աջակցություն, բայց դա կարելի է ճշտել նախարարությունից: Ես այս պահին չունեմ տեղեկատվություն այդ մասին:
-Մանկական հիվանդությունների, մահացությունների ու ծանր դեպքերի հաղթահարման ցուցանիշներով Հայաստանը ո՞ր երկրների շարքում է:
-Այդ տվյալները առկա են armstat.am կայքում, ես կարող եմ միայն ասել, որ մանկական առողջապահական հիմնարկների մանկաբույժներն ու բուժքույրերն աշխատում են նվիրումով, ծանրաբեռնվածությամբ և հաճախ նրանց աշխատանքը նման աշխատավարձերով կարելի է համեմատել միայն էնտուզիազմի հետ
-Մեր մանկաբուժությունն այսօր ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած, և որո՞նք են դրանց լուծման ուղիները:
-Հարցի պատասխանը բավականին ծավալուն կարող է լինել, բայց ես կփորձեմ հնարավորինս սեղմ ներկայացնել այն հիմնական խնդիրները, որոնք, իմ կարծիքով, առկա են այսօր, և դրանց մասին զրուցել եմ տասնյակից ավելի իմ գործընկերների հետ:
Առաջինը մանկաբույժը պոլիկլինիկայում ծանրաբեռնված է թղթարարությամբ, որը լրացնելու համար աշխատանքային ժամի ավարտից հետո էլ ստիպված է լինում մնալ լրացուցիչ, չնայած տեղադրվել է համակարգչային ցանց, որտեղ ծրագրի ինտերֆեյսը ծանրաբեռնված է, առկա է մուտքագրման բարդություններ, դանդաղ կապ համարյա բոլոր պոլիկլինիկաներում: Մանկաբույժների համար գրեթե անհնար է 15 րոպեում զննել երեխային, գրանցել երեխայի զարգացման քարտում, լրացնել 2 ձևը, տվյալները մուտքագրել համակարգիչ և դեռ փորձել նման ցայտնոտային վիճակում ժպիտով ու բարեհամբյուր դիմավորել երեխային, նրա ծնողին, հասցնել անգամ լսողության, տեսողության սկրինինգները այդ ընթացքում դառնում է անհավանական:
Բոլոր եվրոպական երկրներում, որտեղից այս փորձը ներառվել է, բժիշկը միայն զբաղվում է պացիենտով, մնացած հարցերը արվում է օպերատորի կամ ասիստենտի միջոցով, որը վճարվում է առանձին:
Երկրորդ խնդիրն այսօր խիստ սահմանափակ գործիքային հնարավորություններն են առաջնային օղակում, չկան անգամ ոչ սնդիկային ջերմաչափեր, առողջ երեխային, օրինակ հեմոգլոբինը որոշվում է միայն 9 ամսականում և …16 տարեկանում, իսկ սոնոգրաֆիկ հետազոտություն աղջիկների մոտ կատարվում է 15-16 տարեկանում, տղաներին՝ նախազորակոչային հետազոտությունների ընթացքում: Արդյունքում՝ հնարավոր չէ ընթացքում պարզել և կանխարգելել այն հիվանդությունները, որը կարող է զարգանալ այդ տարիների ընթացքում:
Մանկաբույժներն իրականացնում են տնային կանչերն իրենց միջոցով, ոտքով, հասարակական տրանսպորտով, ամառվա շոգին և ձմեռվա ցրտին, առանց որևէ դրամական կոմպենսացման, առանց պարգևավճարների, առանց 13-րդ աշխատավարձի, թերևս բացառություն են միայն «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ընտանեկան բժիշկները, որոնք սպասարկում են կանչերը տրամադրված մեքենայով:
Երրորդը ահագնանում է նեղ մանկական մասնագետների պահանջարկը, աշխատում են անգամ թոշակառու նեղ մասնագետները, իսկ, օրինակ ամբողջ Շիրակի մարզում կա մեկ մանկական նյարդաբան: Ծննդատների հարցն էլ մասամբ կապված է այն բանի հետ, որ չկան բավարար քանակի մանկական անեսթեզիոլոգներ և ռեանիմատոլոգներ:
Չորրորդը ցավալիորեն նկատվում է երեխաների ազգային օրացույցով սահմանված պատվաստումներից ծնողների հրաժարականների աճի միտում, որը մտածելու առիթ է տալիս, որ հանկարծ ռիսկեր չառաջանան կառավարվող ինֆկցիաների (դիֆթերիայի, կարմրուկի, կապույտ հազի և պոլիոմիելիտի) պատվաստման հարցերում: Առողջապահական կրթման կարիք է զգում ազգաբնակչության զգալի մասը:
Հինգերորդ. վերապատրաստումները ինչ-որ առումով կրում են ձևական բնույթ, չկա տարբերակված մոտեցում վերապատրաստվող մանկաբույժների նկատմամբ, միայն տեսականորեն չպետք է լինի վերապատրաստումը, գործնական, պրակտիկ ուսուցում գրեթե չի կատարվում: Այսքանի հետ մեկտեղ ամենակարևոր խնդիրը սակայն սերնդափոխությունն է:
Երբ փակվեց 2000 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը, հայտնի մանկաբույժ Ռոշալն ասաց, որ դրա համար շատ եք փոշմանելու հետագայում, բայց այլևս չեք կարողանալու այն վերականգնել: Այժմ հանրապետությունում աշխատում է 700-ից մի քիչ ավելի մանկաբույժ, որոնց մեկ քառորդն արդեն կենսաթոշակային տարիքի է, որոնք չունեն անգամ սոցիալական փաթեթ առողջական խնդիրների դեպքում, իսկ վերջին 10 տարում մանկաբույժի մասնագիտությունն ընտրել են երկու տասնյակից քիչ ավելի նվիրյալներ:
Քանի որ բժշկության մեջ մանկաբուժությունը ամենապատասխանատու գործն է, ամենաանշնորհակալն է և ամենաքիչ վարձատրվողն է, երիտասարդները պարզապես չեն ուզում ընկղմվել գլխացավանքների մեջ: Առաջիկա տարիներին մանկաբույժների կարիքն ավելի և ավելի է զգացվելու: 20 տարվա ընթացքում (2000 թվականից մինչև 2020 թվականը) մանկաբույժների թիվը 2000-ից դարձել է 700-ից քիչ ավելի:
Խնդիրների լուծման ուղիները նորից կապված են մանկաբուժության ոլորտի տեխնիկական հագեցվածության հետ: Թղթարարության հետ շփումը, ինչպես նշեցի, պետք է լինի նվազագույն, աշխատավարձը լինի բարձրերից բժշկական մասնագիտությունների մեջ, և գուցե հնարավոր լինի լրացնել մանկաբույժների նոսրացող բանակը: Ի դեպ, մանկաբույժի աշխատավարձը հաշվվում է երեխաների թվով. մեկ երեխայի համար` 235 դրամ, մաքուր աշխատվարձը մոտ 190 դրամ, տեղամասերը ընդգրկում են 300-ից մինչև 1000 երեխա, քանի որ նոր ընդունվող մանկաբույժներ գրեթե չկան, թոշակի գնացող բժշկուհու տեղամասը տալիս են մյուսներին: Երեխաների թվի մեծանալու հետ մեծանում է պատասխանատվությունը մանկաբույժի վրա՝ այն դեպքում, երբ 0-18 տարեկան ամեն երեխայի համար նա վճարվում է 190 դրամի չափով: Սա է պատճառներից մեկը, որ խուսափում են մանկաբույժի մասնագիտություն ընտրելուց:
Գևորգ Գյուլումյան