կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-21 15:26
Հասարակություն

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ընթանում են քննարկումներ տնտեսական մրցակցության խնդրահարույց հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:

Մրցակցության մի շարք խնդիրներ բացահայտվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում։  Հանձնաժողովի կողմից բարձրաձայնված հարցերին համապարփակ լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Աշխատանքային խմբում ներգրավված են մի շարք նախարարությունների և պետական այլ կառույցների ներկայացուցիչներ։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում արդեն իսկ կայացել է աշխատանքային խմբի 3 հանդիպում-քննարկում։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից բացահայտված մրցակցային խնդիրներից են, օրինակ՝ որոշ դեպքերում լիցենզիաների և թույլտվությունների ոչ մրցակցային պայմաններով տրամադրումը, դեղերի զուգահեռ ներմուծման սահմանափակումները, սեղմված բնական և հեղուկ գազի իրացման ոլորտում ստվերային շրջանառությունը և հնարավոր թերլցումները, բենզինի շուկայում բարձր կենտրոնացվածության հարցը՝ ինչը պայմանավորված է անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու խնդիրներով, սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում առկա պետական տուրքի դրույքաչափը, գազի ներտնային սպասարկման ոլորտում սահմանափակ մրցակցության հարցը և այլն։

Քննարկումների արդյունքում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կայացվում է խնդրի լուծման փոխհամաձայնեցված նախնական որոշում և արձանագրվում են հետագա գործողությունները, որոնք պետք է միտված լինեն տվյալ ոլորտի մրցակցության սահմանափակման վերացմանը։

Քննարկումների ընթացքը մեկնաբանելով, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է․ «Այս քննարկումների շարքը նախաձեռնել ենք, որպեսզի լսենք բոլոր կողմերի կարծիքը և առաջարկությունները։ Արդյունքում այն կարգավորումները, որոնք ակնհայտ անհրաժեշտ են, կձևավորվեն աշխատանքային մթնոլորտում՝ միմյանց լսելով։ Այնուհետև աշխատանքային խմբի առաջարկությունները կներկայացվեն կառավարության քննարկմանը և հաստատմանը։ Կներկայացնենք այն առարկայական կարգավորումները, որոնք տրամաբանորեն պետք է հաջորդեն մրցակցային դաշտն ավելի կատարյալ և ավելի պարզ ու հասկանալի դարձնելու համար»։

Օրակարգում ներառված հարցերը դեռևս չեն սպառվել և քննարկումները շարունակվում են։