|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը եւ համայնքային խնդիրներին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Շրջաններում իրականացվող բերքահավաքի եւ ոռոգման աշխատանքների, ինչպես նաեւ տեղերում առկա խնդիրների մասին համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչակազմերի ղեկավարները: Հանրապետության նախագահին չեն գոհացրել հատկապես հացահատիկային մշակաբույսերից ստացված բերքի ցածր ցուցանիշները, ինչը նա համարել է ոչ թե եղանակային անբարենպաստ պայմանների, այլ մասնավոր եւ պետական հատվածների կողմից ցուցաբերված ոչ լիարժեք մոտեցումների արդյունք: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարածքային կառավարման արդիականացման եւ համայնքների համաչափ զարգացման համար անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան բարձրացնել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետությունը: Այս համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը վերանայելու եւ այն Նախագահի 2020-2025 թվականների ծրագրին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Նախագահն անդրադարձել է նաև ոռոգման ջրի խնդրին և ընդգծել, որ առաջիկա ժամանակահատվածում պետական միջոցներով նախատեսվում է մեծածավալ աշխատանքներ իրականացնել՝ միաժամանակ ընդլայնելով ոլորտը համակարգող ընկերությունների լիազորությունները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհաշինությանը, սոցիալական տարբեր խմբերի բնակարանային խնդրի լուծմանն առնչվող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը և տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: