Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը պատմեց Սուրբ Էջմիածին եկեղեցում իրականացված հիմնանորոգությունների և հոգևոր-մշակութային գործունեության մասին: Այնուհետ հանձնակատարը այցելեց «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն, շրջայց կատարեց: Կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը հյուրերին ներկայացրեց այստեղ գործող նախակրթարանը, մայրենիի ուսուցման մեկօրյա վարժարանները, երգի, պարի, վոկալի, դհոլի, դուդուկի, շախմատի խմբակները:
Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց կենտրոնի հայապահպան գործունեությունը և համագործակցությունն ավելի սերտացնելու պատրաստակամություն հայտնեց:
Այնուհետ «Հայարտանը» Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Թբիլիսիի համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը խոսեց Հայաստան-սփյուռք գործակցության ուղղությունների և առաջնահերթությունների մասին, նշեց, որ այսօր կերտվում է մարդակենտրոն Հայաստանի Հանրապետություն, որը պիտք է ծառայի իր քաղաքացիներին, հիմնված լինի արդարության, հավասարության, ճշմարտության գաղափարների վրա: Անդրադարձ կատարելով վիրահայ համայնքին՝ հանձնակատարը շեշտեց, որ տարաբնույթ դժվարություններով հանդերձ՝ համայնքն ամեն ինչ անում է հայ ինքնությունը պահպանելու համար, հայերը Վրաստանի լավ քաղաքացիներ լինելով՝ նաև շարունակում են լավ հայ մարդ մնալ: Զարեհ Սինանյանը խոսեց նաև համայնքային մի շարք խնդիրների և դրանց լուծման կարևորության մասին:
2 ժամից ավելի տևած հանդիպման ընթացքում մասնակիցները Գլխավոր հանձնակատարին բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնց գերակշիռ մեծամասնությունը վերաբերում էին հայապահպանությանը, հայոց լեզվի դասավանդմանը, մշակութային նախաձեռնություններին և ծրագրերին, համայնքային կառույցների հետ աշխատանքի առանձնահատկություններին, հայրենադարձությանը, գրասենյակի 2020 թվականի ծրագրերին, փոխայցելություններին, հայ-վրացական միջպետական հարաբերություններում հայ համայնքի դերին:
Այսօր արդեն Զարեհ Սինանյանը կուղևորվի Ախալցխա, որտեղ հանդիպում կունենա տեղի հայ համայնքի և Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ, կայցելի թիվ 3-րդ հայկական դպրոց, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Ծուղրութ գյուղ: Փետրվարի 5-ին՝ այցի վերջին օրը, հանձնակատարը առանձին հանդիպումներ կունենա Ախալքալաքի և Նինոծմինդայի հայության հետ, կայցելի Սուրբ Խաչ եկեղեցի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, Նինոծմինդայի մշակույթի տուն, Գանձա գյուղ: