Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Երկուստեք կարևորվեցին հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, զարգացման հեռանկարները: Զարեհ Սինանյանը նշեց, որ Վրաստանի հայ համայնքի հետ աշխատանքում իր գրասենյակը կարևորում է ինքնության պահպանումն ու երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներին հայ բնակչության լիարժեք ինտեգրումը, հանրային ակտիվության մակարդակի բարձրացումը: Հանդիպման ավարտին քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները:
Հաջորդ հանդիպումը Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլու հետ էր: Պետնախարարը հանձնակտարին ներկայացրեց քաղաքացիական ինտեգրման ուղղությամբ Վրաստանի կառավարության ռազմավարությունն ու առաջնահերթությունները, իրականացվող նախագծերն ու հանձնառությունները: Քեթևան Ցիխելաշվիլին նկատեց, որ ազգային փոքրամասնություններին հանրային-հասարակական տարաբնույթ ոլորտներում ներգրավման առումով առկա է զգալի առաջընթաց: Նա նշեց, որ հայ-վրացական սերտ հարաբերությունները ոչ միայն աշխարհագրությամբ են պայմանավորված, այլև պատմական, մշակութային բազմաթիվ առանձնահատկություններով, ընդգծեց, որ հայերն ու վրացիները մեկ հողի վրա ապրում են խաղաղ համակեցությամբ: Ըստ պետնախարարի՝ Վրաստանի կառավարության համար կարևոր է ինչպես այլ ազգությունների լիարժեք ինտեգրումը, այնպես էլ ազգային ինքնության պահպանման խրախուսումը: Այս համատեքստում հատկապես կարևորվեց էթնիկ լեզվի ուսուցման շարունակականության ապահովումը, ինչպես նաև պետական լեզվի իմացության մակարդակի բարելավումը: Պետնախարարը շեշտեց, որ հայերի շրջանում ազգային լեզվի պահպանմանը մեծապես նպաստում է նաև Վրաստանում գործող հայալեզու մեդիան:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Վրաստանի հայ համայնքը յուրահատուկ է և մյուս համայնքներից առանձնանում է իր պատմական հետագծով: Հանձնակատարն ընդգծեց, որ մեզ համար կարևոր է հայերի լիակատար ներգրավվածությունը բնակության երկրների հասարակություններին և հանրային կյանքի տարբեր բնագավառներին՝ միևնույն ժամանակ պահպանելով հայ ինքնությունն ու մշակույթը: Զարեհ Սինանյանը պետնախարարին ներկայացրեց նաև գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը Հայաստան-սփյուռք գործակցության համատեքստում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, պատրաստակամություն հնչեց շարունակել համագործակցությունը նաև հետագայում:
Այնուհետև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելեց Թբիլիսիի 104 հանրային հայկական դպրոց: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը հանձնակտարին ներկայացրեց դպրոցի գործունեությունն ու առօրյան: Աշակերտները հյուրերին ողջունեցին գեղեցիկ ներկայացմամբ և ազգային երգ ու պարով: Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ ուսուցչական կազմի հետ, քննարկվեցին առկա կրթական խնդիները, կարևորվեցին ուսուցիչների վերապատրաստման, աշակերտների մասնակցությամբ Հայաստան պարբերաբար այցելությունների հնարավորությունները:
Այնուհետև Գլխավոր հանձնակատարը եղավ «Վրաստան» թերթի խմբագրությունում: Թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը հանձնակատարին ներկայացրեց թերթի գործունեությունը, որն այս տարի կնշի իր հիմնադրման 100-ամյակը: Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց թերթի առաքելությունն ու գործունեությունը:
Հանձնակատարի հաջորդ այցը 103 վրացական դպրոց էր, որում առկա է հայկական բաժին: Դպրոցի տնօրեն Արչիլ Չխեիձեի և փոխտնօրեն, հայկական բաժնի ղեկավար Հասմիկ Պապիկյանի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանը շրջայց կատարեց դպրոցում: Այցի ընթացքում քննարկվեցին կրթական ոլորտին, հայերենի դասաժամերի հնարավոր ավելացմանը, ուսուցիչների ներգրավմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: