կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-28 07:46
Հասարակություն

Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք. Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ժողովրդին

Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք. Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ժողովրդին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայ ժողորդին կոչ է արել համախմբել հայրենիքի պաշտպանության գործի շուրջ: Սինյանյանի տեսաուղերձը հրապարակվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, թշնամին դարձյալ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին` հարձակում գործելով մեր հայրենի Արցախի ուղղությամբ: Թշնամու նպատակը կար և մնում է մեզ զրկել մեզ բնօրրանից, մեզանից խլել պատմական հայրենիքի վերջին մասը, մեզ ոչնչացնել կամ դարձնել անհայրենիք ժողովուրդ: Թշնամին իր հայտնի հովանավոր և ցողասպան մեծ եղբոր հետ միասին կրկին թերագնահատել են մեր ուժը, մեր տոկունությունը և մեր սերն առ հայրենիք: Նրանք բախվելու են ողջ հայության, ողջ հայկական աշխարհի համառ դիմադրությանը և արդար ցասմանը»,- նշել է Սինանյանը:

Զարեհ Սինանյանը հավելել է, որ այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք, ամեն մեկս մեծ դեր ունենք, և եկել է այն պահը, երբ յուրաքանչյուրս իր ձևով, իր հնարավորությունների չափով պետք է պաշտպանի մեր ազգն ու հողը:

«Մեր զինված ուժերը հզոր են և ծանր մարտերում պաշտպանում են մեր հայրենի սահմանները, մեր ժողովրդին: Մենք էլ, համախմբվելով հայրենիքի պաշտպանության գործի շուրջ, պետք է մոտեցնենք հաղթանակի անխուսափելի պահը: Սիրելի՛ներ, կանգնենք մեր հայրենիքի, մեր բանակի, հայ զինվոր կողքին և հաղթենք միասին: Մեր դատն արդար է, միասին մենք հզոր ենք, Աստված մե՛ր կողմից է, և ոչինչ, ոչ ոք՝ ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ սիրիացի վարձկանները չեն կարողանա Ադրբեջանին և Ալիևին փրկել մեր կոշտ և անկասելի պատժից: Փառք մեր բանակին, փառք մեր պետությանը, փառք Հայաստանին և փառք հայ ժողովրդին»,- ասել է Զարեհ Սինանյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: