Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով մարզպետ է նշանակվել 2018 թ. հունիսի 1-ին՝ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում, մինչ այդ շուրջ երկու տարի (2016 -2018 թթ.) զբաղեցրել է նույն մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավարի պաշտոնը:
Ընդունված է համարել, որ մարզպետի պատասխանատու աթոռին է նշանակվում իր գործունեության նախորդ շրջանում գրանցած հաջողություններով աչքի ընկած արժանավոր մեկը: Գարիկ Սարգսյանի պարագան չափազանց հետաքրքիր է. նա ոչ թե ինչ-որ բանով աչքի է ընկել Նոր Կյանք համայնքի ղեկավարի իր պաշտոնում, այլ, ճիշտ հակառակը, ուղղակիորեն աչքի չի ընկել:
Մեր այս պնդման ապացույցը հենց մարզպետարանի կայքում զետեղված համայնքների տարեկան կամ կիսամյակային հաշվետվությունների պատկերն է, որտեղ Նոր Կյանք համայնքի մասով հենց Գարիկ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում առկա է հաշվետվությունների զրո քանակ:
Այսպես, օրինակ, առկա են համայնքապետերի հաշվետվությունները՝ 2013, 2014, 2015 թվականների համար, ընդ որում՝ յուրաքանչյուր տարվա համար երկու հաշվետվություն (ըստ կիսամյակների): Հաշվետվությունների հրապարակման ընթացքն ուղղակի կանգնում է հենց Գարիկ Սարգսյանի մարզպետության շրջանում, և 2016, 2017, 2018 (առաջին կիսամյակ, երբ մինչ մայիս համայնքապետը հենց Գարիկ Սարգսյանն էր) թվականների համար հաշվետվություններ պարզապես չկան:
Փաստենք նաև, որ հաշվետվությունների հրապարակման ընթացքը նորից վերականգնվում է այն ժամանակ, երբ Գ. Սարգսյանին փոխարինում է մեկ ուրիշը: Ըստ այդմ՝ մարզպետարանի կայքում տևական ընդմիջումից հետո հաջորդ հաշվետվությունը կրկին զտեղվում է 2018 թ. երկրորդ կիսամյակի համար, երբ, ինչպես նշեցինք, Գարիկ Սարգսյանն այլևս համայնքի ղեկավար չէր:
Վերոբերյալը փաստում է՝ Գարիկ Սարգսյանի աշխատանքի արդյունավետությունը եղել է կամ այնքան ցածր, որ հնարավոր չի եղել կազմել և հրապարակել հաշվետվություն, կամ այս անձը պարզապես բան չի ունեցել ասելու համագյուղացիներին: Այլապես՝ անհնար է պատկերացնել որևէ մի պաշտոնյայի, ով կատարի ծով աշխատանք, ունենա փայլուն հաջողություններ, և այդ ամենը թաքցնի հանրությունից՝ չհամարձակվելով հրապարակել:
Հետևաբար՝ վարչապետ Փաշինյանը Գարիկ Սարգսյանին մարզպետ է նշանակել ոչ թե նրա տաղանդի կամ սեփական գյուղում կատարած աշխատանքների փայլուն հաշվետվությունների, այլ իր հետ քայլ անելու, փողոց փակելու և ասֆալտին պառկելու համար:
Իսկ թե ինչպե՞ս կարող է մարզ ղեկավարել մի անձ, ով ունի զրոյական հաշվետվությամբ գյուղապետական պաշտոնավարման շրջան, դա, կարծես, Փաշինյանին բնավ էլ չի հուզել:
Փոխարենը հասարակությունը պարզորոշ կերպով տեսնում է, թե իր զավեշտալի թվաբանություններով, ծիծաղաշարժ, հակասական և անհասկանալի փաստերով համեմված հայտարարություններով, կադրային քաղաքականության ոլորտում սկանդալներով հայտնի Գարիկ Սարգսյանն իրականում ինչպես է ղեկավարում հայրենի մարզը: Ճիշտ այնպես՝ ինչպես Նոր Կյանք գյուղը:
Վահե Սարգսյան