կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-01 12:26
Քաղաքական

ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը․ "Հրապարակ"

ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը․ "Հրապարակ"

"Հրապարակ"-ը գրում է․ "Ատելության խոսքի դեմ ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբը նախօրեին փակ քննարկում է արել՝ թվով 2-րդը, օրենսդրական բարեփոխումների նախագիծ պետք է մշակեն։ Նախօրեի քննարկմանը իշխանականների եւ ԲՀԿ-ական Շաքե Իսայանի ու Արման Աբովյանի միջեւ միջադեպ է ծագել, որից հետո ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը։ Ներկա են եղել նաեւ ՄԻՊ գրասենյակի, Գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության եւ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։ Դեռ դեկտեմբերի 9-ին աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով հայտեր ներկայացնել նաեւ ՀԿ-ներին ու փորձագետներին, պայմանով, որ առնվազն 5 տարվա գործունեության փորձ եւ 2015թ. դեկտեմբերից առայսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն։ ԲՀԿ-ականները տեղեկացրել են, որ իրենց են դիմել տասնյակ ՀԿ-ներ՝ դժգոհելով, որ հայտերի ընդունման հայտարարությունը պատշաճ  չի տարածվել, ժամկետը կարճ է եղել, չեն հասցրել դիմել, ուստի խնդրում են իրենց եւս ներգրավել, նաեւ՝ հանել ՀԿ-ների առաջ դրված պայմանները։ Սակայն իմքայլականները մերժել են այս առաջարկը եւ հաստատել իրենց դիմած ՀԿ-ների ցուցակը՝ 15 ՀԿ եւ 4 փորձագետ։ «Մենք, ծանոթանալով այդ ցուցակում ընդգրկված ՀԿ-ների կազմին, որոշեցինք բոյկոտել»,- ասաց Շաքե Իսայանը՝ չմանրամասնելով, թե որ ՀԿ-ներն են ընդգրկվել․ «Փակ քննարկում է՝ կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին»։ ԲՀԿ-ն որոշել է հարցը քննարկել խմբակցությունում, որպեսզի հասկանան հետագա քայլերը։ Նրանք առաջարկել են նաեւ քննարկումը բացել լրատվամիջոցների համար, պատասխանել են՝ դեռ այդ փուլը չէ։ Ի դեպ, ԼՀԿ-ն նիստին չի մասնակցել՝ զբաղվածության պատճառաբանությամբ"։