Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետեկամուտների կոմիտեն որոշել է փոխել բյուջեի հարկային եկամուտների կատարողականի մատուցման ձևը՝ գրում է 168․am-ը։ Հարկային եկամուտների կատարողականը ներկայացնելիս ՊԵԿ նախագահը առաջնորդվում է ոչ թե կառավարության կողմից ճշգրտված պլանով, այլ պետական բյուջեով հաստատված ցուցանիշներով։
Ամեն տարի պետական բյուջեն հաստատելիս, հաստատվում են նաև հարկային եկամուտները։ Կառավարության որոշումներով դրանք տարվա ընթացքում ճշգրտվում են։
Ստացվել է այնպես, որ բյուջեի հարկային եկամուտները ճշգրտվում են հիմնականում աճի ուղղությամբ, ինչը նշանակում է, որ ավելացվում են եկամուտները։ Դրանց ապահովումը դրված է Պետեկամուտների կոմիտեի վրա, և ոչ մի նշանակություն չունի, որ բյուջեով այլ ցուցանիշներ են հաստատված։
Բյուջեի եկամուտների կատարողականի մասին խոսելիս սովորաբար հիմք են ընդունվում ճշգրտված ցուցանիշները։ Բայց ՊԵԿ-ը որոշել է շրջանցել դրանք` մոռանալով, որ խոսքը կառավարության որոշումներով հաստատված ցուցանիշների մասին է։
Թե ինչո՞ւ է ընտրվել այդ ճանապարհը, ինքնըստինքյան հասկանալի է. ճշգրտված պլանը շատ ավելի մեծ է լինում, քան բյուջեով հաստատվածը։ Ու եթե բյուջեով հաստատվածի համեմատ եկամուտները կարող են գերակատարվել, ապա ճշգրտվածի պլանի համեմատ՝ հիմնականում թերակատարվում են։ Այնպես, ինչպես եղավ 2018թ., երբ բյուջեով ի սկզբանե նախատեսված ցուցանիշները գերակատարվեցին, բայց ճշգրտված պլանը թերակատարվեց։ Դա էլ հավանաբար ստիպել է վերանայել մատուցման ձևը։
Հիմա արդեն Պետեկամուտների կոմիտեի նախագահը հայտարարում է, որ իրենց համար հարկային եկամուտների ճշգրտված ցուցանիշը կարևոր չէ։ «Դա մեզ չի հետաքրքրում։ Մենք համեմատում ենք օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշները»,- ասում է Դավիթ Անանյանը։
Այդ սկզբունքով առաջնորդվելու դեպքում` ստացվում է, որ անցած տարի ՊԵԿ-ին հաջողվել է բյուջեի հարկային եկամուտները գերակատարել 62,4 մլրդ դրամով։ Սա մի փոքր քիչ է այն ցուցանիշից, որը տարվա սկզբին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ վարչապետը խոսում էր 63 մլրդ դրամ գերակատարման մասին։ Իհարկե, դա պիտի լիներ ՀՆԱ 4,9 տոկոս աճի պարագայում, ու այդ մասին ՊԵԿ նախագահը նախկինում բազմիցս հայտարարել է։ Սակայն ստացվել է այնպես, որ տարվա արդյունքներով ՀՆԱ աճը շատ ավելին է։ Ու դա ենթադրում է, որ գերակատարումն էլ ավելի բարձր պիտի լիներ։
2019թ. բյուջեով նախատեսված է եղել ապահովել շուրջ 1 տրիլիոն 402 մլրդ դրամի հարկային եկամուտ. փաստացի կատարողականը տարեվերջին կազմել է 1 տրիլիոն 464 միլիարդ։
Ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ Դավիթ Անանյանը հայտարարում էր, թե ակնկալվում է 1 տրիլիոն 461 մլրդ դրամի հարկային եկամուտ։ Բայց հետո հավանաբար հասկացել են, որ այդ դեպքում վարչապետի ասած 63 մլրդ դրամ գերակատարումը թերակատարվելու է ու իրենց հայտնի ձևերով աշխատել են համալրել եկամտային ցուցանիշները։ Թեև էլի չեն կարողացել խուսափել 63 մլրդ դրամ գերակատարման թերակատարումից։
Բայց դա դեռ ամենը չէ։ Հարկային եկամուտների ճշգրտված պլանի թերակատարումը շատ ավելի մեծ է։
Տարվա ընթացքում, առկա տնտեսական իրավիճակով պայմանավորված` կառավարության որոշումներով հարկային եկամուտների ցուցանիշը ճշգրտվել է ոչ թե 63 միլիարդ, այլ, նախնական տվյալներով, 80-85 մլրդ դրամի չափով։
Այնպես որ, երբ խոսվում է բյուջեի հարկային եկամուտների կատարողականի մասին, ճիշտ կլինի հաշվի առնել ճշգրտված պլանով հաստատված ցուցանիշները։ Ի վերջո, ճշգրտումը օդից չի վերցվում։ Դրա վրա ազդում են տարբեր գործոններ, այդ թվում` տնտեսական աճը։ Երբ պետական բյուջեով հարկային եկամուտները հաշվարկված են տնտեսական աճի մի ցուցանիշի համար, բայց ստացվում է մեկ այլ ցուցանիշ, պարզ չէ՞, որ դրան համապատասխան՝ պետք է փոխվեն նաև հարկային եկամուտները։ Առավել ևս, որ այս դեպքում ունենք բավական մեծ շեղում։
Ինչպես հայտնի է, 2019թ. պետական բյուջեով պլանավորվել էր ապահովել 4,9 տոկոս տնտեսական աճ, ինչի արդյունքում ՀՆԱ-ն պիտի հասներ 6,7 տրիլիոն դրամի։ Դրա հիման վրա էլ հաշվարկվել են հարկային եկամուտները, որոնք կազմել են շուրջ 1 տրիլիոն 402 մլրդ դրամ։
Բայց, ինչպես հայտնի է, նախորդ տարվա տնտեսական գործունեության արդյունքներով սպասվում է շատ ավելի բարձր տնտեսական աճ։ Վերջնական ցուցանիշները դեռևս հայտնի չեն, բայց այն կարող է կազմել 7,1-7,5 տոկոս, ինչը նշանակում է, որ ՀՆԱ-ն կլինի ոչ թե 6,7 տրիլիոն, այլ, ասենք` 7 տրիլիոն դրամ։
Տրամաբանական է, որ դրան համապատասխան էլ պիտի ճշգրտվեն բյուջեի հարկային եկամուտները, որովհետև այդ գործընթացում կարևոր է ոչ միայն փաստացի կատարողականը, այլև հարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ։ Դրանով է որոշվում, թե հարկային մարմիններին որքանով է հաջողվել արդյունավետ հավաքել տնտեսության մեջ ձևավորված հարկերը։
Հակառակ պարագայում կարող է ստացվել, որ փաստացի մուտքերը գերակատարվել են, բայց ստվերը խորացել է։ Այսինքն`ՀՆԱ-ի մեջ հարկերի կշիռը պակասել է։
Պետեկամուտների կոմիտեն անցած տարի բյուջեով հաստատված ցուցանիշի նկատմամբ հարկային եկամուտները փաստացի 62,4 մլրդ դրամով գերակատարել է։ Բայց ճշգրտված պլանի համեմատ՝ մուտքերը թերակատարվել են։ Պակաս է ստացվել առնվազն 17-20 մլրդ դրամ։ Ու հավանաբար, որպեսզի դա չերևա` ՊԵԿ նախագահը որոշել է հայտարարել, որ ճշգրտված պլանը իրենց չի հետաքրքրում։ Բայց մոռանում է, որ այդ պլանը հաստատել է կառավարությունը։ Եվ դա արել է ոչ թե ձևի, այլ կատարման համար։ Իսկ կատարման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է։ Եթե կառավարության հաստատած եկամուտների ճշգրտած պլանը ամբողջությամբ չի ապահովվել, ապա նշանակում է, որ այն թերակատարվել է` անկախ նրանից, թե դա ինչով է պայմանավորվել։
Հարկ է նշել, որ նախորդ տարվա պետական բյուջեով կառավարությունը հարկային եկամուտների համար չափազանց փոքր նշաձող էր սահմանել։ Նախատեսվել էր հարկերի տեսքով հավաքել ՀՆԱ ընդամենը 20,7 տոկոսը, ինչը ցածր էր անգամ 2018թ. փաստացի կատարողականից։
Զարմանալի չէ, որ բյուջեով ամրագրված ցուցանիշների համեմատ մուտքերը գերակատարվել են։ Առավել ևս, որ կառավարության կամքից անկախ՝ դրա համար բավական լավ պայմաններ էին ստեղծվել` կապված տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալների ավելացման հետ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Հ.Գ. Հարկային եկամուտների փաստացի ցուցանիշներում, անշուշտ, չի երևում ԱԱՀ գծով ձևավորված հին պարտքերի վերադարձը։ Անցած տարվա վերջին կառավարությունը շտապեց շուրջ 43 մլրդ դրամ վերադարձնել տնտեսվարողներին` փորձելով այդ ճանապարհով դուրս գալ իր փորած փոսից։ Խոսքը բյուջեի ծախսերի թերակատարման տնտեսական հետևանքների մեղմացման մասին է։ Թեև դեռ հարց է, թե այդ նախաձեռնությունը որքանով ծառայեց իր նպատակին։