Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարգևավճարների առյուծի բաժինը ճաշակում եմ փորները ցցած, ոչնչով չզբաղված նախարարները, որոնք ընդհանրապես ոլորտային զարգացում չեն ապահովել, բայց սիրահոժար օգտվում են իրենց ծառայողական ավտոմեքենաներից, շքեղ առանձնասենյակներից, բարձր աշխատավարձերից և պարգևավճարներից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Իրենք իրենց համոզել են, որ լուրջ պաշտոնյաներ են, պարգևատրվում են, իսկ շարքային անձնակազմը էլի սովի ճիրաններում է։ Ա՛յ, սրա մասին պետք է մտածել»,- ասաց նա։
Պատգամավորի դիտարկմամբ՝ այսօր աննախադեպ գրոհ կա դատական համակարգի վրա․ «Երբեք արդարադատության համակարգն այսքան ապիկար չի եղել․ թեկուզ՝ կոնկերտ հեռախոսազանգով գործ չեն կարգավորում, բայց ընդհանուր դատական համակարգն այսօր վախեցած վիճակում է»։
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որին ներկայացուցչներ են ուղարկելու նաև խորհրդարանական քաղաքական ուժերը, բայց ԲՀԿ պատգամավորի համար անհասկանալի է՝ ի՞նչ են փոխելու Սահմանադրության մեջ և ո՞րն է նախաձեռնության նպատակը։
«Այդ փոփոխությունների նախաձեռնողները ոչ մի բան չեն ասել այդ մասին։ Ընդհանրապես, Սահմանադրությունը համարվում է հիմնական օրենք, իսկ հիմնական օրենքը չի կարելի փոփոխել այդպես անորոշ կողմնորոշումներով, անորոշ թիրախներով։ Նախ՝ իրենք պարտավոր են ներկայացնել հայեցակարգ՝ ինչին են ուղղված փոփոխությունները։ Եթե իսկապես գլոբալ խնդիրներ կան չլուծված, ուրեմն հասկանանք՝ ինչի համար է և հասկանանք նաև մեր անելիքները, թե չէ՝ ընդամենը ձևականորեն դառնան հանձնաժողովի անդամ, գնան այնտեղ գլխաքանակ ապահովեն, մենք դրան պատրաստ չենք»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։
Հանրության շրջանում հնչող մտահոգություններին, թե Սահմանադրությունը փոխվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու համար, Գևորգ Պետրոսյանն արձագանքեց․ «Դա կլինի Հայաստանի իրավագիտության և պետականաշինության պատմության ամենախայտառակ էջը՝ եթե մենք Սահմանադրական փոփոխություններ պիտի անենք կոնկրետ անձանցից ազատվելու համար։ Ծիծաղի առարկա ենք դառնում ամբողջ աշխարհում։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Եվրոպայում այս խոսակցությունը դրվի շրջանառության մեջ և իրենք իմանան, որ մեր երկրում սահմանադրական փոփոխություններ են արվում կոնկրետ անձանցից ազատվելու համար»։
Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը հայտնում է հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու մասին։ Գերատեսչությունը մանրամասն ներկայացնում է հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտերի ներկայացման կարգը։
Վարչապետի որոշման համաձայն՝ ստեղծվելիք հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 թեկնածու պետք է ներկայացնի, կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Հանձնաժողովի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, արդարադատության նախարարի ներկայացմամբ կարող են աշխատել նաև միջազգային երկու փորձագետներ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում․