կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-16 18:31
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմի դեպքում սահմանամերձ համայնքներում հիվանդանոցի խնդիր կունենանք․ Անի Սամսոնյանը՝ ծննդատների փակման մասին

Ծննդատների փակումը կարող է ազգային անվտանգության հարց առաջացնել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այսպիսի ահազանգ հնչեցրեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Մենք գիտենք, թե որքան անհրաժեշտություն են հիվանդանոցային ենթակառուցվածքները․ եթե, օրինակ, լինեն ակտիվ ռազմական գործողություններ, մենք պետք է կարողանանք սպասարկել և՛ քաղաքացիական բնակչությանը, և՛ զինվորականներին»,-ընգծեց նա։

Սահմանամերձ համայնքներում առողջության կենտրոնները փակելն, իսկապես, լուրջ խնդիր է՝ ասում է պատգամավորը։ Բանն այն է, որ համայնքների հիվանդանոցային ենթակառուցվածքները հիմնականում կարողանում են գոյությունը պահել ծննդատնային բաժանմունքներին հատկացված ֆինանսական միջոցներով, եթե դրանք դադարեցվեն, կփակվի ամբողջ հիվանդանոցը՝ վերածվելով ամբուլատոր բուժկետի։

Ծննդատները փակելու՝ նախարարության պատրվակը ոչ միայն քիչ ծնունդներն են, այլև սարքավորումների պակասը։  Դրանք՝ սարքավորումներով հագեցնելու փոխարեն փակելը Անի Սամսոնյանը անտրամաբանական է համարում։

«Կառավարությունը որդեգրել է հետևյալ ձեռագիրը՝ այնտեղ, որտեղ կա խնդիր, ավելի լավ է դա փակել։ Այսինքն, եթե այս պահին միջոցներ չունենք և աննպատակահարմար ենք համարում դա վերազինել, ուրեմն մենք դա պիտի փակենք։ Նույնն էլ, օրինակ, ինչ-որ ոլորտ չեն կարողանում կարգավորել, որոշում են, որ դա պիտի արգելեն»,-ընդգծեց նա։

Քիչ ծնունդների պատրվակը ևս Անի Սամսոնյանի համար համոզիչ չէ․ «Նախարարն ասաց, որ առողջապահության ոլորտում շատ կարևոր է, որպեսզի լինի ծավալ, որպեսզի նաև ապահովենք որակ։ Ես սա չեմ ընդունում, որովհետև կա նաև հակառակ դիտանկյունը՝ որ պետք է լինի որակ, որպեսզի ապահովենք ծավալ։ Եթե նախարարը սա չի դիտարկում, նշանակում է նա անհաջող մենեջեր է»։

Այս ծրագիրը պատգամավորը «բարեփոխում» չի համարում, քանի որ բարեփոխում կլիներ, եթե մտածեին՝ ինչպես վերազինեն, որպեսզի այն պահպանվի և շարունակի ծառայել բնակչությանը։ Այս ծրագիրը Անի Սամսոնյանը պարզ օպտիմալացում է որակում։

Կառավարությունում «աջ ձեռքը չգիտի ձախն ինչ է անում»՝ արձանագրում է պատգամավորը՝ դատելով մարզպետների արձագանքից նախարարի մտադրությանը։

«Պարզվում է՝ նախարարը համայնքներում ծննդատներ է փակում, բայց մարզպետները չգիտեն դրա մասին։ Այն դեպքում, որ մարզպետը կառավարության քաղաքականության որոշումների իրականացնողն է մարզերում։ Բայց այսօր ստացվում է հակառակը՝ մարզպետները կանոններ են թելադրում մարզերում և նախարարին ասում են՝ դու չպիտի փակես առողջության կենտրոնը։ Սա խնդիր է»,-ասաց նա։  

Սա, նրա համոզմամբ, նշանակում է, որ քայլերը սինքրոնացված չեն, չկա համախոհություն և նույնիսկ դիտարկում է այն հարցը, որ նախարարը զբաղվում է ինքնագործունեությամբ։

Ի վերջո, ծննդատների փակումը խորացնում է Հայաստանի, առանց էլ ահագնացող, ծնելիության խնդիրը։ Այնպես որ, Անի Սամսոնյանի համոզմամբ, այս քայլերը չեն տանում դեպի Նիկոլ Փաշինյանի խոստման իրականացումը՝ 2050 թվականին ունենալ 5 միլիոն ՀՀ բնակչություն։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է դադարեցնել Մարալիկ, Աչաջուր, Արտենի, Ծաղկահովիտ, Արծվաբերդ, Քաջարան, Նաիրի (Եղվարդ) համայնքների առողջության կենտրոնների ֆինսանսավորումը։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․