Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եղել են դեպքեր, երբ դուք ճնշումներ եք գործադրել ԶԼՄ-ների վրա՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու համար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
«Վերջին ժամանակներում լինում են հայտարարություններ, որոնք կարող են ոտնահարել մարդու անմեղության կանխավարկածի իրավունքը, և դա դառնում է օրինաչափություն։ Ես երբևէ չեմ լսել, որ գործի բազմակողմ քննության շահերից ելնելով՝ դուք անդրադառնաք դրան»,-ասաց նա։
Գլխավոր դատախազը պատասխանեց, որ անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններին պետք է անդրադառնա դատարանը։
«ԶԼՄ-ների վերաբերյալ իմ կողմից երբևէ չի կարող ճնշում գործադրվել։ Մենք հարուցում և քննում ենք քրեական գործ՝ նախաքննության գաղտնիքը հրապարակելու վերաբերյալ: Նախաքննական գաղտնիքը օրենքով պաշտպանվող ինստիտուտ է, իսկ եթե լրագրողի կողմից այդ գաղտնիքը բացահայտվում է, այլ բան, քան այդ տեղեկատվությունը տրամադրող օղակը բացահայտելը, չի կարող արվել»,- ասաց Արթուր Դավթյանը։
Գլխավոր դատախազի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի՝ օրենքով սահմանված պարտականությունն է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցերը հանցանքը բացահայտելու համար, իսկ հանցանքը պետք է բացահայտվի. «Եթե ոչ նախաքննական գաղտնիք, պետական հույժ գաղտնի տեղեկությունը, եթե հրապարակվի լրագրողի կողմից, պետք է համարվի, որ այստեղ անելիք չունե՞նք, իսկ եթե մի պարզ քաղաքացի մի օր հրապարակի այդտեղ, պետք է ողջ գործիքակազմը կիրառե՞նք: Սա ընդունելի մոտեցում չէ»:
Անի Սամսոնյանը պնդեց, որ քննչական մարմինները դատավարության կողմերին չեն ներկայացնում իրենց ամբողջական իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվություն, կամ հրաժարվում են տրամադրել որոշ փաստաթղթեր։
Պատգամավորը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ դատախազությունը չի կարողանում արդյունավետ դատախազական վերահսկողություն իրականացնել այս հարցերի կապակցությամբ, և ինչո՞ւ քննիչներին ցուցումներ չեն տրվում։
Դավթյանը պատասխանեց, որ դատախազությունը նման յուրաքանչյուր դեպքում գործադրում է իր ունեցած ամբողջական գործիքակազմը։ Ըստ գլխավոր դատախազի՝ եթե բացահայտվում են ապօրինի որոշումներ, ապա դրանք վերացվում կամ ուժը կորցրած են հայտարարվում։
«Օրինակ, 2019 թվականի ընթացքում դատախազության կողմից հազարավոր ցուցումներ են տրվել նախաքննության կամ հետաքննության մարմիններին, անբարեխիղճ կամ խախտում թույլ տված մարմիններին պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել նրանց վերադասներին, ընդհուպ՝ հետաքննության ու նախաքննության մարմինների աշխատակիցների կողմից առերևույթ խախտումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ»,- մեկնաբանեց գլխավոր դատախազը։
Մանրամասն՝ տեսանյութում․