կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-14 15:45
Քաղաքական

Ինչ-որ հակահայկական ղեկավարներ կան, որոնք չեն ուզում երկիրը զարգանա. ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ դիմաց

Ինչ-որ հակահայկական ղեկավարներ կան, որոնք չեն ուզում երկիրը զարգանա. ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ դիմաց

Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց: Ցուցարարները բողոքում են, որ մաքսատների վատ աշխատանքի հետևանքով բազմաթիվ ավտոներկրողներ չեն կարողացել մինչև 2019 թ. դեկտեմբերի 30-ը մաքսազերծել ավտոմեքենաները և այժմ ստիպված են մի քանի անգամ ավել վճարել:

Ցուցարարներից մեկը նշեց, որ դեկտեմբերի 26-ին ավտոմքենա հայտարարագրել է 20 հազար դրամով, իսկ ահա արդեն ամսի 30-ին նրանից պահանջել են 160 հազար դրամ:

«Մարդիկ պրոֆեսիոնալ չեն: Որ ասում են դեղնակտուց, իրականում փորձ չունեն: Այս դժգոհությունը դրա վառ ապացույցն է» , - նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Ցուցարարները նաև բողոքում են ՊԵԿ-ի, մասնավորապես, կառույցի ղեկավարի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի աշխատանքից: «86 թվականին ծնված Շուշանիկ Ներսիսյանը դարձել է գնդապետ: Էդ ի՞նչ ծառայություններ ես դու մատուցել պետության համար, ո՞վ է քեզ նվեր տվել», - հավելեց ցուցարարը:

Ցուցարարներից մեկը նշեց, որ սա պետության կողմից դավաճանություն է, որովհետև մարդիկ ստիպված տանելու են Վրաստան և «ձևակերպելու են վրացիների անունով» և գույքահարկը գնալու է Վրաստան: «Ինչ-որ հակահայկական ղեկավարներ կան, որոնք չեն ուզում երկիրը զարգանա: Ի հեճուկս իրենց՝ զարգանալու է», - եզրափակեց ցուցարարը:

Ավտոներկրողները նաև պահանջում են թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան՝ այստեղ վերասարքավորելու համար և բողոքում մաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշումը: