Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայկական մամուլը բազմիցս է անդրադարձել կազինոների՝ ջավախահայության համար կործանարար հետևանքներին: Այդ «օջախները» պարզապես չարիք են դարձել արտագնա աշխատանքից ձմռանը վերադարձող մարդկանց ընտանիքների համար: Վերջին շրջանում մեկը մյուսի հետևից բացվող խաղատների թիվը Ախալքալաք փոքրիկ քաղաքում, օրինակ, հասնում է արդեն 7-ի:
Ըստ ջավախքյան լրատվամիջոցների հաղորդումների՝ Ախալքալաքի յուրաքանչյուր խաղատուն օրական ունենում է 500 և ավելի հաճախորդ: Կստացվի, որ մոտ 3,500-4,000 մարդ Ախալքալաքում օրական հաճախում է կազինո: Ուսումնասիրությունները պարզել են՝ հաճախորդների ծանրակշիռ մասը Ախալքալաքի և նույնանուն շրջանի բնակիչներն են՝ սեզոնային աշխատանքից վերադարձած և ձմռանը ժամանակ սպանող խոպանչիները: Քանի որ 2007 թ. ի վեր հարևան Թուրքիայում արգելված են խաղատները, ապա Ախալքալաքի խաղատներ այցելում են նաև այս երկրից:
2014 թ. մարդահամարի տվյալներով Ախալքալաքի շրջանի բնակչության պաշտոնական թիվը կազմում է 45,070 մարդ, և, եթե կազինոներ հաճախող անձանց վերոնշյալ թիվը կրճատենք 1,000-ով՝ համարելով դա թուրքերի և այլոց թիվը, իսկ 45,070 թվից, ըստ Վրաստանի պաշտոնական վիճակագրության, վերցնենք 15-54 տարեկան տղամարդկանց 12,200 թիվը, ապա ստացվում է որ Ախալքալաքի շրջանի աշխատունակ տղամարդկանց 4-ից մեկը օրական պարտադիր այցելում է խաղատուն:
Կրկնում ենք՝ ամեն օր Ախալքալաքի շրջանի յուրաքանչյուր չորրորդ աշխատունակ տղամարդն այցելում է կազինո:
Դեպքերը, երբ դեռ տուն չմտած և տնեցիներին չտեսած՝ խոպանչին մոլեգին տենդով վարակված առաջինն այցելել է խաղատուն, տանուլ տվել ամբողջ տարվա վաստակը և մի բան էլ ավելին՝ տուն մտնելով պարտքերի մեջ խրված, խայտառակված ու թալանված, կամ, Ամանորի գնումների, հարսանիքի, վարկի մարման, հարևան-բարեկամի պարտքերի վերադարձման գումարները նպատակին ծառայելու փոխարեն ժամերի ընթացքում քամուն են տրվել կազինոներում՝ դարձել են ջավախքցու առօրյայի մասը:
Բազմիցս քննարկվել է Ջավախքում հայկական դրամական կապիտալի ներթափանցման անհրաժեշտությունը՝ որպես թյուրքական տնտեսական էքսպանսիային ու թուրք-ադրբեջանական տնտեսական, տարանցիկ և ժողովրդագրական շրջափակմանը հակակշռող ներկայություն: Արդեն Ախալքալաքում արևածաղիկ վաճառող տատիների համար էլ է պարզորոշ՝ Մեղրիի միջանցքով ցամաքային միացումը չհաջողելով՝ Թուրքիան և Ադրբեջանն այսօր Վրաստանի հարավով (Ջավախքի վրայով) «փափուկ ուժի» քաղաքականությամբ արդեն միանում են:
ՀՀ քաղաքական և բիզնես էլիտան (որը շատ դեպքերում և պարագաներում սերտաճած է) այդպես էլ լուրջ չվերաբերվեց Ջավախքում խոշոր ներդրումներ իրականցնելուն ուղղված ծրագրերին: Քաղաքական կամքը բացակայեց, իսկ բիզնեսի ներկայացուցիչներն առաջնորդվեցին չոր տնտեսական հաշվարկներով՝ դրամական կապիտալն ուղղելով այնտեղ (Բաթում, Թբիլիսի և այլն), որտեղ գլխացավանքը նվազ է (Ջավախքի նուրբ խնդրի հետ կապված՝ շատ չեն առնչվի Վրաստանի դիմադրությանը), իսկ շահույթի ծավալները՝ խոշոր:
Արդյունքում՝ Ախալցխայի, Ասպինձայի, Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ծալկայի հայահոծ շրջանների տնտեսական հզոր պոտենցիալի ծանրակշիռ մասը նվաճվեց և մեծ թափով շարունակում է յուրացվել թյուրքական տանդեմի կողմից:
Այս քաոտիկ պայմաններում՝ պարզվում է, որ ՀՀ նոր իշխանությունների օրոք հայկական դրամական կապիտալն, այնուամենայնիվ, ներթափանցել է Ջավախք. խորհրդային տարիներին Ախալքալաքում հայտնի «Կինոյի տան» շենքը ամիսներ առաջ վերանորոգվեց հիմնվեց Ջավախքում օրավուր սնկի նման աճող խաղատներից հերթականը: Ինչպես մեզ տեղեկացրին Ախալքալաքից՝ սեփականատիրոջից շենքը վարձակալած, նորոգած, հսկայական գումարներով (շրջանառվում է 1 մլն լարի թիվը) շքեղ կազինոյի վերածած ներդրողը Հայաստանի Հանրապետությունից է: Թեև հաստատված տվյալներ չկան մեր ձեռքի տակ, այդուհանդերձ՝ Ախալքալաքում, որպես ներդրող, շրջանառվում է Սամվել Ալեքսանյանի անունը:
2019 թ. տարեմուտին՝ դեկտեմբերի 24-ին, Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ութերորդ հանդիպումը, որտեղ, Վրաստանի բարձր ղեկավարության հովանու ներքո քննարկվեցին եռակողմ համագործակցության բազմաթիվ հարցեր: Տնտեսական, ռազմավարական թեմաները քննարկելուց հետո Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Թբիլիսիում մասնակցեց Maarif հիմնադրամի կողմից կառուցված թուրքական դպրոցի բացմանը՝ նշելով, որ նմանատիպ դպրոցներ կբացվեն ոչ միայն Թբիլիսիում, այլև Վրաստանի այլ քաղաքներում:
Ստացվում է՝ Թուրքիան ռազմավարական նշանակության հազարավոր տնտեսական և այլ նախագծերի կողքին Վրաստանում բացում է նաև դպրոցներ, և դա իրականացվում է պետական բարձրագույն ներկայացուցիչների ձեռամբ, իսկ ՀՀ ռազմավարական նախագծերի զրոյական առկայության պայմաններում՝ հայկական դրամական կապիտալն ուղղվում է Ջավախքի տնտեսության, սոցիալական վիճակի, ընտանիքների բարոյահոգեբանական վիճակի քայքայմանը:
Փաստորեն,՝ հայ գործարարների կողմից ջավախահայության տնտեսական վիճակի բարելավման փոխարեն այդ նույն գործարարներից ոմանք ստեղծել են հայ ընտանիքների քայքայման, թշվառացման ու բարոյազրկման լավագույն հարթակը:
Այսպիսով՝ կարելի է փաստել, որ հայկական դրամական կապիտալի այսպիսի ուղղորդումը Ջավախք՝ ուղղակիորեն նպաստում է թուրանական ծրագրերին, այն է՝ ջլատել և որպես գործոն իսպառ բնաջնջել ջավախահայությանը, որը ներկայումս, որպես լրջագույն սեպ, ամենամեծ խոչընդոտն է Վրաստանի նվաճմանն ուղղված թուրք-ադրբեջանական կործանարար ծրագրի:
ՀԱԵ Վրաստանի թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են խնդրի մասին՝ տխրահռչակ խաղատները համարելով Ջավախքի սրտում բացված չարիքի օջախներ: Հայկական դրամական կապիտալի ուղղորդման խնդրում իր մեծ դերակատարությունը կարող են և պետք է ունենան ինչպես հայ-վրացական միջպետական հանձնաժողովները, այնպես էլ Վրաստանում ՀՀ դեսպանությունը, որոնք, սակայն, պետական ռազմավարության բացակայության և ՀՀ-ում տիրող քաոսի պայմաններում հիմնականում սահմանափակվում են ավանդական բաժակաճառերով:
Ի դեպ, պատկան մարմիններից՝ Սփյուռքի նախարարության կազմաքանդմամբ ստեղծված «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ» անվամբ անհասկանալի կառույցում ևս այն նույն քաոտիկ վիճակն է, ինչ պետական մյուս օղակներում: Եվ սպասել, որ այս կառույցը, նոր օրենսդրության համաձայն, վարչապետին կներկայացնի լուրջ ծրագրեր, վարչապետն էլ իր հերթին դրանք կմակագրի պատկան նախարարություններ, նախարարություններն էլ իրենց հերթին գոյություն ունեցող և չունեցող վարչություններ, վարչությունները՝ բաժիններ, բաժինները՝ աշխատակիցներին, աշխատակիցներն էլ նվնվալով և անընդհատ ժամացույցին նայելով կսկսեն ինչ – որ բան տեղից շարժել Ջավախքում՝ ընդդեմ թյուրքական լայնածավալ արշավանքների՝ պարզապես զավեշտ է:
Արդյունքում՝ մինչ օրս, բոլոր այն նախարարությունները և ՊՈԱԿ-ները, որոնք նոր փոփոխություններով լիազորված են իրականացնելու հումանիտար և այլ ծրագրեր Վրաստանի հայության շրջանում, անցյալ տարեվերջին ներկայացրել են զրոյական արդյունքներ: Օրինակ՝ դասագրքերը, որոնք սեպտեմբերից պետք է տրամադրվեին Ջավախքի հայկական դպրոցներին, մինչ օրս դեռ չեն հասցվել: Նույն խայտառակ պատկերն է նաև այլ հումանիտար ծրագրերի պարագայում: