Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի եւ դրան հաջորդած հանրային քննարկումների վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։
-Պարոն Դանիելյան, երեկ ողբերգական դեպք տեղի ունեցավ, որին, ինչպես եւ սպասելի էր, անմիջապես հաջորդեցին տարաբնույթ քննարկումներ, իսկ այդ քննարկումները, ցավալի իրողություն ի ցույց դրեցին՝ երիտասարդ մարդու մահն անգամ ատելության մթնոլորտում ապրող հասարակությանը չսթափեցրեց։
-Ատելությունը, պատժելը այս իշխանության ռեսուրսն է։ Ցանկացած իշխանություն պետք է հիմնավորի իր՝ իշխելու իրավունքը, պետք է իր բանաձեւն ունենա։ Կան գաղափարախոսական երկրներ, ինչպիսին խորհրդային Սովետական Միությունն էր, ինչպիսին Իրանն է կամ այլ երկրներ, որոնք իշխելու իրավունքի համար դնում են իրենց գաղափարական հիմքը, որպեսզի իշխելու իրավունք ունենա եւ հանրության համար դա լինի հասկանալի։ Գործող իշխանությունը որեւէ գաղափարախոսական հիմնավորում չունի իր իշխելու իրավունքը հաստատելու եւ հասկանալի լինելու համար, ուստի նրա իշխելու իրավունքի հիմնական բանաձեւը պատժելն է, իսկ դրա համար շատ կարեւոր է ատելության մթնոլորտը։ Այսինքն, պոզիտիվ գաղափար չկա։ Ատելության մթնոլորտը միշտ իշխանությունը ավելի է սրում , որպեսզի ամրապնդի կամ երկարաձգի իր իշխանությունը եւ բնականաբար, հանրության մի զգալի հատված դրանով վարակվում է ու գործը հասել է այնտեղ, որ նույնիսկ մահերը մարդկանց մեծ բավականություն են պատճառում, իսկ երբ եղել է մահ, որի պատճառը դեռեւս ոչ ոքի համար հասկանալի չէ, յուրաքանչյուրն, ըստ իր ճաշակի, ըստ իր շահերի փորձում է ուղղորդել դա, դիվիդենտներ շահել , այսինքն, մարդը, մարդու կյանքը, մարդկային հարաբերությունները մեր հասարակության համար արդեն դառնում են խորթ։
-Երեւույթը , իհարկե, մտահոգիչ է, բայց չե՞ք կարծում, որ այն առավել վտանգավոր է այն տեսանկյունից, որ խոսքը սովորական քաղաքացու մասին չէ, դեպքը տեղի է ունեցել ԱԱԾ նախկին տնօրենի հետ եւ մարդու մահվան շահարկումը նրա զբաղեցրած պաշտոնով է պայմանավորված։
- Մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ որոշակի իշխանամերձ շրջանակներ, ընդհանրապես, ատելություն են տարածում պետական ինստիտուտների հանդեպ։ Միշտ կարելի է քննադատել, հատկապես ուժային կառույցներին, միշտ կարելի է առաջարկություններ անել նրանց գործունեությունը կատարելագործելու համար, սակայն պետական ինստիտուտների դեմ քարոզչությունը, ելույթները՝ ոչնչացնել, ցրել, փակել, բաժանել, մաքրել ոստիկանությունը, ԱԱԾ-ն , երբ մենք լսում ենք, որ բանակի բոլոր բարձրաստիճան զինվորականները հանցագործներ են, կոռուպցիոներներ են եւ այլն , մեզ մտահոգելու տեղիք է տալիս՝ արդյո՞ք դա պատահական է, թե այլ ծրագրեր կան, որոնք ուղղորդվում են դրսից, չեմ զարմանա, նաեւ՝ ոչ ուղղակի կերպով նաեւ մեր թշնամի երկրի կողմից։ Այս մտահոգությունները շարունակական բնույթ են կրում եւ դրա հետեւանքն է, որ րոպեներ անց լուրը տարածվելուց հետո, որ մարդը մահացել է, արդեն մենք լսում ենք ինչ-որ հայտարարություններ, որ գիտեին, զգուշացրել են, որ մյուսներին նույնպես սպանելու են եւ այլն։ Եվ դա անում են որոշակի պաշտոններ զբաղեցնող անձինք կամ իշխանամերձ շրջանակներ։ Ես չեմ հասկանում, թե սա ինչպես է կարելի գնահատել, սա պետության քայքայման ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում։
-Ձեր հիշատակած հայտարարությունների առնչությամբ իրավապահներն արդյո՞ք անելիք չունեն, փաստորեն, ըստ էության, խոսվում է նախազգուշացման մասին եւ տեղի ունեցածի սլաքներն ուղղվում են «սեւերին»։
-Եթե մենք ապրեինք օրինական երկրում, բնականաբար, ուժային կառույցները միանգամից այդ հայտարարությունների հետ կապված գործեր կհարուցեին, բայց քանի որ մենք տեսնում ենք, որ նախ, ուժային կառույցներն իրենք կաշկանդված են, երկրորդ, իրենք ինքնուրույն չեն եւ իրենց քայլերի համար իշխանության պատվերին կամ թույլատրությանն են սպասում, ես չեմ կարծում, որ առանց հրահանգի նման քրեական գործեր կհարուցվեն։
-Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը, փաստորեն, երրորդն է ուժային կառույցների նախկին ղեկավարների շրջանում եւ այս հանգամանքը հանրային գիտակցության մեջ խորհրդավոր մահերի ընկալում է ձեւավորվում։ Սա ինքնին վտանգավոր չէ՞։
-Նախ, այս առումով հանրությունը չի հասկանում մի պարզ բան՝ «նախկին իշխանություն» բառը չի կարելի օգտագործել ուժային կառույցների ղեկավարների նկատմամբ, այսինքն, նախկին եւ ներկա իշխանություն կարող է լինել քաղաքական ղեկավարությունը՝ իշխող քաղաքական ուժի անդամները, իսկ իրավապահ համակարգի ներկայացուցիչները պետական ծառայողներ են եւ այդ մարդկանց նկատմամբ չի կարելի օգտագործել «նախկին եւ ներկա իշխանություն» արտահայտությունը, նրանք ապաքաղաքական կառույցներ են եւ նրանց ղեկավարները կուսակցական մարդիկ չեն ու չեն կարող լինել նախկին, նրանք պետության կարեւոր ֆունկցիա իրականացնող մարդիկ են։ Քանի որ այդ պարզ բանը մեր հանրությանը չի բացատրվում, այլ հակառակն է բացատրվում իշխանության կողմից, դրա համար Հայաստանում այս աննորմալ մթնոլորտն է։