Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք խոշորացված համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Շիրակի մարզի խոշորացված` Մարմաշեն համայնքում ևս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է 4 թեկնածու:
Նշենք, որ Մարմաշեն խոշորացվող համայնքի կազմում ընդգրկված են 15 նախկին համայնքներ՝ Մարմաշեն, Մայիսյան, Կապս, Լեռնուտ, Վահրամաբերդ, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Փոքրաշեն, Քեթի:
Yerkir.am-ը զրուցեց Մարմաշենի համայնքապետի պաշտոնի թեկնածուներից ՀՅԴ-ական Կարեն Արշակյանի հետ: Նա նշեց, որ թեև ինքնաառաջադրվել է, բայց իրեն սատարում է հարազատ կուսակցությունը: Նա որոշել է առաջադրվել, քանի որ հստակ պատկերացնում է համայնքի խնդիրների լուծման ձևերը: «Ունեմ խնդիրների լուծման իմ տեսլականները: 15 համայնքների 90%-ում նույն խնդիրներն են` ճանապարհներ, լուսավորություն և այլն»,- ասաց թեկնածուն, ապա հավելեց, որ մյուս թեկնածուները նախկին գյուղապետեր են: «20 տարվա գյուղապետեր են, բնակչությունն արդեն չի վստահում նրանց»,- ասաց Արշակյանը:
Իսկ խնդիրների լուծման իր տեսլականը նա այսպես ներկայացրեց. «Եթե նախկինում և հիմա համայնքապետարանում ստանում էին աշխատավարձ` չաշխատելով, ապա ես ասում եմ` նման բան չի լինելու, աշխատավարձ ստանալու են միայն աշխատելու դիմաց»:
Արշակյանը նաև նշեց, որ համայնքը չունի անհրաժեշտ գյուղտեխնիկա: «Ես նախատեսում եմ գյուղտեխնիկայի նորացում, որ, օրինակ, ասֆալտապատումը կատարվի հենց համայնքի տեխնիկայով, ինչը կհանգեցնի նաև աշխատատեղերի բացման»,- բացատրեց նա:
Թեկնածուի նախընտրական կարգախոսն է` «Ուժեղ համայնք, հզոր երկիր»: Թե ինչո՞ւ է ընտրել հենց այս կարգախոսը, նա մեկնաբանեց. «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք անհրաժեշտ պահին կարողանում ենք համախմբվել և հասնել արդյունքի: Նույնն էլ այստեղ է, կարծում եմ` պետության հզորության գրավականը սկսվում է հենց համայնքներից: Համայնքները պետք է հզոր լինեն` նախևառաջ»:
Արշակյանը հավելեց, որ քարոզարշավի ընթացքում բոլոր 15 համայնքներում էլ լինում է, և որ մարդկանց տրամադրվածությունն իր հանդեպ շատ լավ է: