Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանն ինչ-որ չափով պետք է մի կողմ թողնի ավանդույթների պահպանումը...
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն, 10 մայիսի 2013թ.
Մրցանակի կարժանանա այն աղջիկը, ով լավագույնս կմարմնավորի տղամարդու կերպար: Սա հատված է շաբաթներ առաջ Գյումրիում «Վորդ Վիժն Ինթերնեյշնլ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպած ֆորում թատրոնից, որի դերասանները սոցիալական խնդիրներ ունեցող դեռահասներ են: Նրանց պարտականությունը փոքրիկ ներկայացումների միջոցով գենդերային հավասարություն քարոզելն է, սակայն դա ոչ թե տղամարդու և կնոջ իրավունքների հավասության քարոզ է, ինչպես շատերն են ընկալում, այլ մինչև վերջերս մեզ խորթ մի երևույթի, որի ամենապարզ սահմանումը տասնամյակներ առաջ տվել է Արևմուտքը:
Տեսնելով ֆորումի հաղթող, տղամարդու դերը լավագույնս «ստանձնած» 15-ամյա Նելլիի ոգևորությունը` փորձում եմ հաղորդակից դառնալ նրա ուրախությանը, սակայն...
Իրականում այս կազմակերպությունը մեկն է այն 3700 ՀԿ-ներից, որոնք վերջին տարիներին փորձում են արևմտյան այս յուրահատուկ մշակույթը «ներարկել» հայ հասարակությանը: «Գենդեր» բառը հայերենի բառացանկում ամրագրվեց վերջին տարիներին, երբ Արևմուտքը որոշեց, որ մինչ այդ կիրառվող «սեռ» բառը մեզ չի «բավականացնում», եւ այն բավարար չէ մեր մշակույթում, սոցիալական միջավայրում մարդկային էակների վարքագիծն արտահայտելը նկարագրելու համար: Դե մենք էլ հեշտությամբ ընդունեցինք, քանի որ, ինչ մեղքներս թաքցնենք, օտարամուտ բառերի նկատմամբ թուլություն ունենք:
«Գենդեր» տերմինը` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարքը, համաշխարհային բառաֆոնդ սողոսկեց 20-րդ դարի վերջին քառորդին: Գենդերը ստիպում է բոլորին դիտարկել որպես տղամարդ կամ կին: Այն հասկացնում է, որ մեր սոցիալական դերերը հավերժ չեն, և որ դրանք կարող են փոխվել: Ասել է, թե՝ մարդն ինքն է արդեն որոշում` ինչ հասարակական սեռ ունի:
Ինչպես ժամանակին ասել է Բեռնարդ Շոուն՝ «Կյանքի իմաստն ինքդ քեզ գտնելը չէ: Կյանքի իմաստն ինքդ քեզ կերտելն է»:
Սակայն ո՞վ կմտածեր, որ բրիտանացի դրամատուրգի այս հանճարեղ խոսքերը տասնամյակներ անց շատերի կողմից կընկալվեն հենց ուղիղ իմաստով:
Ինչևէ, նախ հասկանանք՝ ինչ ասել է գենդերային հավասարության քարոզչություն: Գոյություն ունեն որոշակի գենդերային կարծրատիպեր, ինչպիսիք են` «Տղամարդիկ ուժեղ սեռ են, կանայք` թույլ», «Տղամարդը ստեղծված է իշխելու համար», «Տղամարդիկ խելացի են, տրամաբանող, իսկ կանայք` զգացմունքային» և այլն: Այս և նմանօրինակ այլ կարծրատիպերը կոտրելու համար տարվող քարոզչությունն էլ հենց գենդերային հավասարության քարոզն է:
Մեր երկրում այսօր կան կազմակերպություներ, որոնք իսկապես մտահոգված են գենդերային խնդիրներով և զբաղվում են վերը նշված քարոզչությամբ: Դրանք երբեմն-երբեմն համագործակցում են նաև եկեղեցու հետ: Գենդերային կարծրատիպերը, սակայն, ժամանակի ընթացքում առանց որևէ միջամտության էլ վերանում են: Կանայք և տղամարդիկ հետզհետե ձեռք են բերում հավասար իրավունքներ: Այսինքն` պարզից էլ պարզ է, որ այսօր այդ անհավասարության դեմ պայքարը բազմաթիվ հիմնահարցեր ունեցող Հայաստանի համար գերխնդիր լինել չի կարող: Թվում է, թե այդ գործընթացի արագացման համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք հենց այդ կառույցներին, որոնք այդքան մեծ գումարներ են ներդնում, դասընթացներ կամ ֆորումներ կազմակերպում անվճար բուկլետների ու բրոշյուրների «կարոտ» հայաստանցիներիս համար: Սակայն իրականում այլասերվածության համը ճաշակած և այդ վարքագիծմ ընդունող շատ օտարերկրյա կառույցների գերնպատակը մեկն է` հայ ավանդապաշտ և օրինակելի ընտանիքի քայքայումը, մեզանում ևս սեռազուրկ հասարակության ձևավորումը:
Անդրադառնանք խնդրի կիզակետին, ինչի շուրջ վերջին շրջանում քննարկումները չեն դադարում:
Երբ ՕԵԿ-ը օրենք է գրում, կամ ՕԵԿ-ը` գենդերի կնքահայր
2013թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ` 108 կողմ, 1 դեմ և 8 ձեռնպահ քվեարկությամբ, ընդունեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից վավերացվեց հունիսի 11-ին: Այս օրենքի 3-րդ հոդվածը ամրագրում է գենդերի՝ տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք սահմանումը, ինչը իրավական ձևակերպում է տալիս սեռին՝ ձեռքբերովի վարք:
Ի դեպ, օրինագիծն առաջին ընթերցման ժամանակ նման կետ չի պարունակել: Այն ավելացվել է այն բանից հետո, երբ բազմաթիվ ՀԿ-ների ճնշման տակ օմբուդսմենի կողմից մշակված «Խտրականության դեմ» օրենքից հանվեցին «սեռական կողմնորոշում» և «գենդերային խտրականություն» հասկացությունները:
Փաստորեն, մինչ բոլորը սևեռված էին օմբուդսմենի առաջարկած օրինագծի վրա, Եվրախորհրդին այդքան անհրաժեշտ տերմինն իր «գեղեցիկ» սահմանումով պատգամավորների աչքի առաջ «խցկվում էր» նոր օրինագծի մեջ, որի հեղինակները ԱԺ պատգամավորներ` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանն են:
Նշենք նաև, որ օրենքի նախագծի հիմքը՝ այսպես ասած, կմախքը, տվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ պատվերը՝ բնականաբար, Եվրախորհուրդը:
Նախագծի համահեղինակ Հեղինե Բիշարյանի կարծիքով` այս օրինագծի ընդունումը առաջին կարևոր քայլն էր կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորություններ ապահովելու ճանապարհին: Սակայն, շատերի կարծիքով, օրենքի 3-րդ կետը սկիզբ է դնելու համասեռամոլության և այլ սեռական այլասերվածությունների օրինականացմանը:
Շեղում ավանդական արժեքներից
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ, կրոնագետ Վարդան Խաչատրյանի խոսքով` «սոցիալապես ամրագրված, ձեռքբերովի վարքագիծ» սահմանումը մարդկանց կբերի օրենքի պաշտպանության տակ: «Այսինքն` եթե դուրս գամ, ասեմ, որ ես կին եմ և այդ վարքագիծը դրսևորեմ, ոչ ոք իրավունք չունի ինձ որևէ բանակ տանել»,-yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա հավելեց, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար անընդունելի էր օրինագծում նման սահմանում ներառելը:
Ըստ նրա` այս կետի շնորհիվ մարդիկ կշեղվեն ավանդական արժեքներից և որոշակի արտոնություններից օգտվելու համար կընտրեն օրենքի պաշտպանությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, անդրադառնալով օրենքի այդ դրույթին, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով օրինագծին կողմ է քվեարկել, անընդունելի համարեց այն նման համատեքստում վերլուծելը: «Գենդերային հավասարություն նշանակում է, որ աշխատանքում, պաշտոն զբաղեցնելիս, իրենց իրավունքներն ու պարտականություններն իրականացնելիս կինը և տղամարդը պետք է ունենան հավասար իրավունքներ, այլ բան դա չի ենթադրում»:
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց լսել նման ենթատեքստ տեսնող ցանկացած կազմակերպության առաջարկությունները և հարկ եղած դեպքում այս կամ այն դրույթը շտկելու առաջարկներ ներկայացնել: Ըստ նրա՝ այս օրինագիծը դեկլարատիվ հայտարարությունների նախագիծ էր, որն ընդամենը մի քայլ էր ոլորտի կարգավորման գործում, որը, սակայն, բավարար չէ:
Հարցին` իսկ ինչպե՞ս է վերաբերվում գենդերային կեղծ քարոզչությանը, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Խայտառակ վատ եմ վերաբերվում: Մենք պետք է համակարգված պայքար մղենք այն գրանտակեր կազմակերպություների դեմ, որոնք կփորձեն այնպիսի երևույթներ քարոզել, որոնք հնարավոր է աղճատեն մեր ազգային նկարագիրը: Որևէ մեկի մտքի ծայրով չպետք է անցնի այսօր Հայաստանում նման բաներ քարոզել: Չնայած միջազգային գրեթե բոլոր վեհաժողովներում ներկայացնում եմ Հայաստանը, սակայն ինքս ցանկացած նմանատիպ երևույթի ամենակատաղի հակառակորդներից եմ»:
«Գենդեր» տերմինի սահմանման և դրանից բխող հետևանքների մասին yerkir.am-ը զրուցեց նաև տեր Շահե վարդապետ Անանյանի հետ: Մտահոգություն հայտնելով օրենքի հիշյալ դրույթի վերաբերյալ` նա նախ զարմանք հայտնեց, որ Հայաստանի նման փոքր երկրում գենդերային հիմնահարցն այդքան լուրջ է դրված, ապա խորհուրդ տվեց հետևել քրիստոնեական արժեքներին: Ըստ նրա` գենդերի` նմանատիպ սահմանումն առիթ կհանդիսանա, որպեսզի հետագայում որոշ անհատներ առաջ քաշեն սեռական փոքրամասնություններին առնչվող այլ օրինագծեր, ընդհուպ` մինչև միասեռ ամուսնությունների օրինականացումը և այլն:
Սակայն, որոշ վերլուծաբանների կարծիքով, օրենքը, բացի 3-րդ հոդվածից, այլ խնդրահարույց կետեր էլ է պարունակում: Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, աստվածաբանության դոկտոր Սամվել Նավոյանի խոսքով` 2010-ին Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված 1720 բանաձևի տակ, որում գենդերը սահմանվում է իբրև սեփական սեռի ներքին խոր ընկալում, և որում ամրագրված են սեռերի տեսակները, ստորագրել է նաև Հայաստանը:
Իսկ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին» օրենքի 4-րդ, 8-րդ և 18-րդ հոդվածներում խոսվում է միջազգային օրենքին համապատասխանեցման մասին, այսինքն` դեռ այդ ժամանակ է Հայաստանը պարտավորություններ ստանձնել, իսկ այժմ եկել է դրանք ի կատար ածելու ժամանակը:
«Փաստորեն, այս օրենքի շնորհիվ մենք թևակոխել ենք նոր ժամանակաշրջան` մարդու տեսակի վերացման, վերանայման, ընտանիքի ինստիտուտի քայքայման»,- ասաց Նավոյանը և հավելեց, որ խնդրահարույց են նաև օրենքում առկա` գենդերային ուսուցմանը, քարոզչությանը, ինչպես նաև հակառակ քարոզչության արգելմանը վերաբերող հոդվածները:
Արևմուտքի ծառաներ, կամ անգրագիտության պտուղները
Թեև օրինագծի հեղինակները հավաստիացնում են, որ նախագիծը քննարկվել է տարբեր ձևաչափերով, այդ թվում` խորհրդարանական լսումների ժամանակ, լրամշակվել բազմաթիվ առաջարկների հիման վրա, սակայն հարց է առաջանում` մի՞թե մեկուկես տարվա քննարկումից հետո մեր պետական այրերը չհասկացան, որ հայ հասարակության գիտակցության, ավելին` պատմական ավանդույթների մեջ սոցիալապես ամրագրված «սեռ» հասկացություն գոյություն չունի: Հնարավոր է նաև, որ մեր պատգամավորները պարզապես ժամանակ չեն ունեցել խորամուխ լինելու և պատշաճ կերպով ուսումնասիրելու օրինագիծը, ինչպես դա պատահում է շատ հաճախ` հերթական օրինագիծն ընդունելիս: Սակայն անգամ այդ պարագայում անհնար էր չնկատել առաջին էջում «պատահականորեն» հայտնված այդքան ակնառու 3-րդ կետը:
Լավ, ընդունենք, որ իրենց ընդունած օրենքում ամեն ինչ կարգին է, և մեր հասարակությունն է այն սխալ ընկալում: Նման պարագայում ի՞նչն է խանգարում պատգամավորներին այսքան աղմուկից հետո այդ կետը մեկնաբանելու խնդրանքով դիմել Սահմանադրական դատարան:
Սակայն կա մեկ այլ, առավել հավանական տարբերակ ևս` իրականում բոլորն էլ քաջ գիտակցում են այդ փոքրիկ տողի աղետալի հետևանքները, սակայն վախենում են խոստովանել, որ իրենք պարտավոր են այն ընդունել, քանի որ Արևմուտքն է այդպես ուզում: Իսկ իրենք չեն կարող չենթարկվել, քանի որ Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորություններ ունեն, որոնք ձեռք են բերել դրանց ստորագրման պահից: Իսկ Եվրոպայի, ավելի շուտ Արևմուտքի նպատակը, ըստ Վարդան Խաչատրյանի, մեկն է՝ ձևավորել հոմոմորֆ զանգված: Այսինքն` հասնել այն բանին, որ հասարակության բոլոր անդամները բարոյապես քայքայված լինեն: Այդ դեպքում միայն Արևմուտքը կկարողանա գերիշխող և տիրապետող դիրք ունենալ աշխարհում: Իսկ մարդկանց բարոյազրկման ապացույցը արևմտյան երկրներում է՝ ԱՄՆ բանակում անասնապղծություն, Շվեյցարիայում ինցեստի օրինականացման գործընթաց...
Ընտանիքի քայքայման ջատագովներից մեկը՝ հայտնի ԳԲԼՏ ակտիվիստ, «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության նախկին տնօրեն Մաշա Գեսենը ամիսներ առաջ ներկայացրեց ողջ ճշմարտությունը: Նա հայտարարեց, որ փոքրամասնություններին վերաբերող օրինագծերը, օրինակ` միասեռ ամուսնությունների օրինականացումը, ոչ թե նպատակ ունի պաշտպանելու մարդկանց իրավունքների հավասարությունը, այլ քայքայելու ընտանիքը: Ավելին, ըստ նրա, ընտանիքի ինստիտուտն ընդհանրապես պետք է դադարի գոյություն ունենալ:
Ժամանակին Րաֆֆին ասել է. «Հայ ժողովուրդը մյուս ժողովուրդներից տարբերվում է նրանով, որ ումից ինչ վերցնում է, աղավաղում է այնպես, որ դառնում է նրա համար անճանաչելի»: Ժամանակները փոխվել են, մենք այլևս չենք վերցնում, մեզ պարզապես պարտադրում են, պարտադրում են իրենց ցանկությամբ, իրենց ճաշակով, որը ժամանակ առ ժամանակ փոխվում է` կախված տրամադրությունից և ցանկությունից, երբեմն նաև չեն պարտադրում, այլ պարզապես «հագցնում են»: Իսկ մեր ազգային տարազը մեզ ավելի է սազում, քան օտարի հագուստը, թեկուզ` մոդայիկ:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ