Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնությունը դատարկություն չի սիրում: Արիստոտելի այս խոսքերն ակներևաբար հաստատում են Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունների էությունը: Ամերիկյան վերահսկողության նվազելուն զուգընթաց՝ տարածաշրջանում ձևավորվել է ուժերի դասական վակուում. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է Regnum գործակալությունը:
«Ամենահնարավոր միջազգային մեխանիզմները, օրինակ՝ ՄԱԿ-ը, դեռևս շարունակում են պահպանել արտաքին ատրիբուտները, սակայն գործնականում որևէ առաջնորդ պաշտոնապես չի ստանձնել հստակ կարգուկանոն հաստատելու պատասխանատվություն: ԱՄՆ-ն արդեն չունի ո՛չ բավարար ռազմական և տնտեսական ռեսուրս, ոչ՛ էլ անհրաժեշտ քաղաքական կամք: Չինաստանը պատրաստ չէ ուղղակիորեն փոխարինել նրան: Նմանապես՝ ռուսական հնարավորությունները չեն համապատասխանում խնդրի մասշտաբներին»,- գրում է գործակալության վերլուծաբանը՝ հավելելով, որ յնտեղ, որտեղ կա խելամիտ ու օրինական կառավարություն, Մոսկվան ընդամենը իրական օգնություն է ցուցաբերում, բայց Լիբիայի նման երկրներում, որը գործնական ավերակների է վերածվել արևմտյան «ժողովրդավարական» միջամտության հետևանքով, սիրիական սցենարը կրկնել չի ստացվի:
Առաջացած դատարկությունից օգտվում է Թուրքիան: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է թուրքական զորք ուղարկել Լիբիա՝ պայմանով, որ երկրի կառավարությունը կդիմի համապատասխան խնդրանքով, ընդ որում՝ Թուրքիայի խորհրդարանն արդեն երկրի ղեկավարին տվել է համապատասխան լիազորությունները:
Սակայն Լիբիայում միասնական կառավարություն չկա: Տվյալ պահին երկրում իշխանության համար պայքարում է, ընդ որում՝ զենքը ձեռքին, երկու ուժ՝ Ազգային համաձայնության կառավարությունը՝ վարչապետ Ֆայիզ Սարաջի ղեկավարությամբ, տեղակայված է Տրիպոլիում, և Արևելյան կառավարությունը՝ Աբդալլահ Աբդուրահման ատ Թանի ղեկավարությամբ, տեղակայված է Թոբրուկում:
Ազգային համաձայնության կառավարությունն իբր ստեղծվել է ՄԱԿ-ի օգնությամբ, իսկ իրականում արևմտյան երկրների վերահսկողությունը Լիբիայում հաստատելու փորձ է, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, սակայն Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի զգալի մասնակցությամբ: Արևելյան կառավարությունը ներկայացնում են ավելի վաղ իշխած լիբիական վերնախավի մի շարք խմբավորումներ, որոնք դիմակայում են արևմտյան էքսպանսիային:
Թեև Ռուսաստանը շփումներ ունի երկու կողմի հետ էլ, վերջին երեք տարիներին Մոսկվան առավել սերտորեն աշխատում է Լիբիական ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆա Հաֆթարի հետ, որը հանդես է գալիս Արևելյան կառավարության անունից:
Իսկ Թուրքիան աջակցում է Ազգային համաձայնության կառավարությանը, ընդ որում՝ ոչ միայն խորհրդատվական ու ռազմա-տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, այլ նաև անմիջական ռազմական: Հայտնի է որ Սարաջի կառավարության անվտանգության ապահովման նպատակով Տրիպոլի է ուղարկվել թուրքական հատուկջոկատայինների ստորաբաժանում:
Այսպիսով՝ լիբիական հակամարտությունում սպասվում է Ռուսաստանի և Թուրքիայի շահերի ու նպատակների բախում՝ համարյա «սիրիական» սխեմայով, սակայն առանց մեկ պետական լեգիտիմ ինստիտուտի, ինչը Էրդողանին որոշակի մարտավարական առավելություն է տալիս: Անշուշտ, Թուրքիան գիտակցում է իրադրության բարդությունը, այդ պատճառով փորձում է նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել: Վաշինգտոնի հետ լիբիական թեմայով շփվելն արդեն անիմաստ է: Եվրոպան զբաղված է ներքին խնդիրներով: Չինաստանը ցուցադրաբար հեռու է մնում հակամարտությունից: Մնում է Մոսկվան, որտեղ 2020-ի հունվարին պետք է անցկացվեն բանակցություններ լիբիական հարցով: Թուրքական պատվիրակության կազմում ընդգրկված են արտաքին գործերի և պաշտպանության փոխնախարարները, նաև՝ հետախուզական ծառայության ներկայացուցիչներ:
Թե ինչո՞վ կավարտվի հանդիպումը, վաղ է ասել, սակայն ամբողջությամբ արգելափակել թուրքական էքսպանսիան տարածաշրջանում Ռուսաստանին դժվար թե հաջողվի: Անկարան ռազմավարական խնդիր է դրել՝ կտրուկ ուժեղացնել իր ազդեցությունը Միջերկրական ծովում, և վճռականորեն իրականացնում է դա, առավել ևս, որ գործընթացը խթանում է Մերձավոր Արևելքում ստեղծված՝ ուժերի վակուումը: Այդ վակուումն էլ, ի դեպ, ստիպում է Ռուսաստանին՝ ընդլայնել իր ներկայությունը տարածաշրջանում, որովհետև պարզապես այլ երկիր չկա: