Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2019 թ-ի նոյեմբերի 27-ին Թուրքիան եւ Լիբիան Ստամբուլում ստորագրեցին ծովային համաձայնագիր, որը պաշտոնապես կոչվում է «փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ Միջերկրական ծովում իրավասության ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ»: Փաստաթուղթը սահմանեց երկու երկրների միջեւ ծովային սահմանները՝ հիմք ստեղծելով միջազգային իրավունքին համապատասխան ինքնիշխանության, ինքնիշխան իրավունքների եւ իրավասության իրականացման համար: Սա երկու երկրների ռազմավարական քայլ էր՝ ուղղված իրենց շահերի պաշտպանությանը Միջերկրական ծովի ռեսուրսներով հարուստ եւ աշխարհաքաղաքական կարեւոր տարածաշրջանում: Համաձայնագիրը ներկայացվել է որպես կարեւոր քայլ Թուրքիայի եւ «տրիպոլիտանական» կառավարության միջեւ հարաբերությունների ամրապնդման ճանապարհին։ Հստակեցնելով ծովային գոտիների սահմանները՝ հուշագիրը նպատակ ուներ վերացնել տարաձյնությունները եւ խթանել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռեսուրսների հետախուզումը եւ տնտեսական զարգացումը: Թուրքիան եւ Լիբիան համաձայնագիրը ներկայացրել են որպես արդար լուծում, որը ոչ միայն օգուտ կբերի երու երկրներին քաղաքական եւ տնտեսական առումով, այլեւ նախադեպ կստեղծի երկկողմ բանակցությունների միջոցով ծովային տարաձայնությունները կարգավորելու համար: Սակայն համաձայնագիրն անմիջապես հակասություններ առաջացրեց Միջերկրածովյան տարածաշրջանում։ Հարեւան երկրները, այդ թվում՝ Եգիպտոսը, Հունաստանը եւ Կիպրոսը, վճռականորեն դեմ են արտահայտվել գործարքին՝ հայտարարելով, որ այն խախտում է միջազգային նորմերը եւ ոտնահարում սեփական ծովային շահերը: Վեճերը բացահայտեցին ավելի լայն լարվածություն Միջերկրան ծովում համընկնող տարածքային պահանջների շուրջ՝ համաձայնագիրը վերածելով տարածաշրջանային դիվանագիտության լարվածության կետի եւ միջազգային ֆորումներում շարունակվող քննարկումների առարկայի։
Չնայած համաձայնագրի սկզբնական նշանակությանը՝ 2020 թ-ից Թուրքիան որոշել է դրան հատուկ ուշադրություն չդարձնել իր դիվանագիտական շփումներում, հատկապես Հունաստանի եւ Եգիպտոսի հետ հարաբերությունները բարելավելու ձգտումներում: Այս տեղաշարժն արտացոլում է Անկարայի պրագմատիկ մոտեցումը՝ ուղղված Արեւելյան Միջերկրականում լարվածության նվազեցմանը եւ տարածաշրջանային ավելի կառուցողական երկխոսության խթանմանը: Այնուամենայնիվ, համաձայնագիրը շարունակում է մնալ Թուրքիայի ծովային քաղաքականության հիմնաքարը եւ Թուրքիայի կառավարության կողմից դիտարկվում է որպես ապագա երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի մոդել: Համաձայնագիրը դիտարկելով որպես բանակցությունների եւ համագործակցության միջոցով ծովային բարդ հարցերի լուծման նախադեպ՝ Թուրքիան ցույց տվեց իր մտադրությունը՝ ակտիվ եւ ռազմավարական դեր պահպանելու Միջերկրական ծովի աշխարհաքաղաքական լանդշաֆտի ձեւավորման գործում: Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ կնքված ծովային համաձայնագիրը նույնպես լուրջ խնդիրների առաջ է կանգնել՝ կապված դրա լեգիտիմության հետ, ինչը ճանաչում են նույնիսկ թուրք պաշտոնյաները: Քննադատները պնդում են՝ 2019 թ-ի նոյեմբերի 27-ին Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ կնքված համաձայնագիրը չունի ամուր իրավական հիմք՝ կապված լիբիական կառավարության լիազորությունների եւ նման միջազգային համաձայնագրեր կնքելու իրավունքի հետ կապված հարցերի հետ:
Միեւնույն ժամանակ, Թուրքիան դիտարկում է նաեւ Սիրիայի գործող անցումային կառավարության հետ արագ համաձայնագիր կնքելու հնարավորությունը՝ օրինականացնելու իր զորքերի ներկայությունը սիրիական տարածքում: Դրան կհաջորդի ռազմական պատրաստության եւ պաշտպանական համագործակցության համապարփակ համաձայնագիրը, որը թույլ կտա Թուրքիային օգնել սիրիական նոր բանակ ձեւավորելու հարցում: Դեկտեմբերի 15-ին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտնել է՝ նման համաձայնագրեր արդեն մշակվում են։
Սիրիայում ընդդիմադիր խմբավորումները՝ հայաթ թահրիր աշ շամ-ի գլխավորությամբ, նոյեմբերի 27-ին Իդլիբից հարձակում են սկսել երկրի հյուսիս-արեւմուտքում: Նրանք գրավեցին Սիրիայի մի քանի քաղաքներ եւ դեկտեմբերի 8-ին գրավեցին Դամասկոսը՝ ստիպելով նախագահ Բաշար Ասադին հրաժարական տալ եւ լքել երկիրը։ Ավելի վաղ Nordic Monitor-ը պատմել էր Սիրիայում զուգահեռ ստվերային կառավարություն ստեղծելու թուրքերի նախաձեռնած գաղտնի ծրգրի մասին, որպեսզի Ասադի իշխանությունից հնարավոր հեռացումից հետո իրավիճակը վերահսկողության տակ առնեն: Այս ծրագիրը, որն աջակցվում է թուրքական հետախուզության ռազմական հարձակմամբ՝ ապստամբ եւ ջիհադական խմբավորումների մասնակցությամբ, նպատակ ունի փոխել Սիրիայի կառավարման համակարգը, որի գործընթացում Թուրքիան կենտրոնական դեր է խաղում: Ծրագիրը փորձարկվել է թուրքական բանակի վերահսկողության տակ գտնվող շրջաններում առնվազն 2016 թ-ից եւ մշակվել է ամբողջ Սիրիայում տարածելու համար, եթե ապստամբների ուժերը վերահսկողություն ստանան ամբողջ երկրի վրա, ինչը, ըստ էության, տեղի է ունեցել: Այս ծրագրի շրջանակներում թուրք պաշտոնյաները պատվիրակվում են սիրիական իշխանությունների ստվերային խորհրդականների կողմից՝ օգնելով կառավարել պետական եւ տեղական կառավարումը՝ առանց ուղղակիորեն միջամտելու: Թուրքիան ծրագրում է այդ նախաձեռնությունը ներկայացնել որպես Սիրիայի ինստիտուտների վերականգնման եւ կառավարման բարելավման միջոց՝ միաժամանակ խուսափելով հարեւան պետության ներքին գործերին ցուցադրական միջամտությունից (թեեւ հազիվ թե ինչ-որ ցուցադրական բան լինի, քան ուղղակի օկուպացիան, թեկուզեւ հարմար պատրվակներով)։
Ծրագրի կարեւոր մասն է սիրիական բանակի զորքերի ինտեգրումն «ապստամբների» ուժերին, այդ թվում՝ «սիրիական ազգային բանակի» թուրքամետ զինյալներին, ՀԹՇ խմբավորմանը եւ այլն: Այս մոտեցումն ուղղված է կայունության պահպնմանը՝ խուսափելով Իրաք ներխուժումից հետո նկատվող քաոսից, որի բանակը կազմալուծվել է, իսկ նրա փորձառու կադրերից ոմանք կարեւոր դեր են խաղացել իսլամական պետոիթյուն ահաբեկչական խմբավորման ստեղծման եւ ընդլայնման գործում: Թուրքիայի վերջնական նպատակն է կանխել նոր աշխարհազորայինների ի հայտ գալը, լուծել անվտանգության խնդիրները եւ նպաստել Սիրիայի տարբեր համայնքների, այդ թվում քրդերի եւ ալեւիների միջեւ միասնությանը: Միեւնույն ժամանակ, Թուրքիան ձգտում է աջակցել սիրիացի փախստականների արտաքսմանը եւ կենտրոնանալ քրդական հարցի լուծման վրա, որը շարունակում է մնալ Թուրքիայի տարածաշրջանային ռազմավարության եւ ներքին քաղաքականության գլխավոր խնդիրը: Ինչ վերաբերում է քաղաքացիական անձանց, Անկարան նախատեսում է ներգրավել սիրիացի բարձրաստիճան գործիչների, որոնք 2011 թ-ին Էրդողանի կառավարության եւ նրա հետախուզական ծառայության աջակցությամբ եւ առաջնորդությամբ Ստամբուլում տեղակայված ընդդիմության մի մասն էին:
Թուրքիայի տրանսպորտի նախարարի խոսքով՝ «ծովային» համաձայնագիրն Անկարայի գործողությունների ավելի լայն ծրագրի մի մասն է, որն ուղղված է Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիայի հետ կապերի վերականգնմանն ու զարգացմանը: «Մենք ծովային իրավասության մասին համաձայնագիր կկնքենք Սիրիայի վարչակազմի հետ: Մենք աշխատում ենք արտակարգ գործողությունների ծրագրի վրա, որը ներառում է Սիրիայում ավիացիոն, երկաթուղային, ավտոմոբիլային եւ կապի ծառայություններ»:
Սակայն մնում են հարցեր նման հավակնոտ նախաձեռնության նպատակհարմարության եւ երկարաժամկետ հաջողության մասին, որը Թուրքիայի շատ հարեւանների կողմից ակնհայտորեն հիացմունքով չի ընկալվի։ Օրինակ՝ առարկությունների ծովային սահմանազատման մասով ակնհայտորեն պետք է առարկություններ սպասել առնվազն Եգիպտոսից եւ հատկապես Հունաստանից, որտեղ կարծում են՝ Սիրիան անցումային վիճակում է, եւ որ ոչ ոք չունի համաձայնագրեր ստորագրելու օրինական լիազորություն. «Դրանք եվրոպական սահմաններ են» Մենք արդեն բարձրացրել ենք այդ հարցը Եվրամիության հետ Ավստրիայի եւ Կիպրոսի հետ համատեղ հայտարարությունում»։ Ներկայիս անցումային իրավիճակը «ոչ մեկին իրավունք չի տալիս նման համաձայնագիր կնքել»,- նշում են Աթենքի դիվանագիտական աղբյուրները, սակայն պետք չէ կասկածել, որ Ակ-Սարայում այդ հարցի վերաբերյալ գոյություն ունի սեփական կարծիք։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի