Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին տարիներին տարբեր անհատների կողմից զինուժին պարբերաբար մեծ քանակի նյութատեխնիկական օգնություններ տրամադրելն արդեն հասարակական մեծ մասսայականություն է վայելում: Բանակի՝ վերջին տարիների անճանաչելիորեն փոփոփոխման գործում շոշափելի ավանդ ունեն նաև այդ անհատները: Այս անգամ Yerkir.am-ը զրուցել է նրանցից մեկի՝ «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության հիմնադիր- նախագահ Դավիթ Թորոսյանի հետ:
-Դավի'թ, բավականին երկար ժամանակ է, որ Դուք հնարավոր բոլոր միջոցներով օժանդակում եք բանակին. ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը:
-Գաղափարը առաջացել է Ապրիլյան պատերազմից հետո, երբ ակնհայտ երևացին թե' բացթողումները, թե' դրական միտումները մեր հասարակությունում, մեր բանակում, ըստ այդմ` նաև ուրվագծվեցին մեր պլանները, ծրագրերը, որոնք ցանկացանք իրականցնել։ Իսկ հանարավոր բոլոր միջոցներով, ցավոք, դեռևս չենք օժանդակում, բայց հստակ շարժվում ենք այդ ուղղությամբ, միայն վերջին 3 ամիսներին օժանդակության ծավալների կայուն մեծացումը դրա մասին է փաստում։
-Մենք պատերազմական վիճակում գտնվող պետություն ենք, այս պահին զինվորին ամենաշատն ի՞նչ է պետք:
-Բավականին բարդ և բազմաշերտ հարց է, քանի որ կարելի է սկսել ներհասարակական համերաշխությունից և հասնել ռազմավարական նշանակություն ունեցող զինատեսակների։ Կարծում եմ, մեր հայրենիքը առավելապես պետական մտածողության կրող և պետականամետ քաղաքացու կարիք ունի։
-Ներքաղաքական իրավիճակը, մեղմ ասած, լարված է, դա վատ չի՞ անդրադառնում զինվորի վրա։
-Կարծում եմ, որ «Facebook»-յան իրականությունը, «իրական» իրականությունը և իրականությունը Արցախում, մանավանդ առաջնագծում, բավականին տարբեր են։ Ի ուրախություն մեզ, խոսակցությունների ու թեմաների մեծ մասը չի էլ հասնում առաջնագծի զինվորներին, իսկ տեղեկատվական հոսքերը և տեղեկատվական աղբն ու աղմուկը առհասարակ նման ծավալի չեն, որքան «այստեղ»։ Սեպարատիստական և պսեվդոխաղաղասիրական խոսակցությունները, երբ հասնում են առաջնագիծ, հիմնականում ծիծաղ են առաջացնում, սակայն միևնույն ժամանակ չեմ կարող չնշել, որ որոշ շրջանակների կողմից ինֆորմացիոն հոսքեր են ուղղվում պետության ողնաշար հանդիսացող ինստիտուտների դեմ, հատկապես ուժային կառույցների դեմ, այդ թվում՝ բանակի։
-Այսօր շատ է խոսվում Ադրբեջանի հետ խաղաղության ու, իրենց ձևակերպմամբ` բարեկամության մասին: Դուք, որպես սահմանի հետ անմիջական առնչություն ունեցող մարդ, ի՞նչ կասեք այդ խոսակցությունների մասին:
-Միայն հիմար և անմիտ մարդը կարող է չցանկանալ խաղաղություն, սակայն չափազանց կարևոր է այդ խաղաղության գինը, հնարավոր ռիսկերն ու վտանգները, հետևանքները, ապահովման երաշխիքները, միջոցները և գործիքակազմը։ Այն ինչ նկատի ունեք ձեր հարցի տողատակում, ինձ համար, գործնականում ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Խաղաղություն եղել է, կա և հնարավոր է լինի միայն հզոր, մարտունակ և պատերազմի պատրաստ բանակ, զինված ուժեր և հասարակություն ունենալու դեպքում։ Խաղաղության գործոններից մեկն էլ հակառակորդի կողմից հնարավոր ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում սեփական պարտության գիտակցումն է, սակայն ինչպես ցույց է տվել դառը փորձը, մեր հակառակորդը նաև արկածախնդիր է, դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով։
-Իշխանափոխությունից հետո Ձեր գործունեության հնարավորություններն ընդարձակվե՞լ են, թե՞ հակառակը:
-Մենք մեր գործունեությունը հիմնադրման պահից մինչ օրս երբեք չեն պայմանավորել կամ պատճառավորել օրվա իշխանությամբ։ Մենք արդեն հասցրել ենք աշխատել 3 նախարարի հետ, որոնց ժամանակ եղել են իհարկե տարբերություններ, սակայն ուրախությամբ կարող եմ նշել, որ մեր գործունեության շրջանակներն ու ծավալները գրանցել են կայուն աճ։ Այս իշխանության ժամանակ իհարկե եղել են համագործակցային ձևաչափերի փոփոխություններ, սակայն քանի որ իշխանությունը որպես գործոն բացակայում է մեր գործունեության վրա ազդող գործոնների շարքից, չեմ կարող գնահատել ընդարձակման կամ նվազման ինդեքսը։
-Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
-Այս տարի դեռևս երկու այց կլինի Արցախ, առաջնագիծ, բայց նյութական աջակցության նոր ծրագիր հավանաբար կունենանք հունվարի 28-ին ընդառաջ, իսկ այժմ երևի թե ծրագրերում 2-3 օր լավ հանգիստն է, քանի որ այս տարի շուրջ 15 ավելի այց ենք ունեցել։
Գևորգ Գյուլումյան