Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ երիտասարդներն իրենց դժգոհության ձայնն են բարձրացնում, Արայիկ Հարությունյանի նման նախարար Հայաստանում չպետք է լինի. նման կարծիք այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց հրապարակախոս Էդիկ Անդրեասյանն՝ անդրադառնալով ԿԳՄՍ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:
Հրապարակախոսի պնդմամբ՝ ունենք իշխանություններ, որոնք խոստացել էին, որ երկրում պիտի լինի համերաշխություն, հարցերը պետք է քննարկվեն այլ հարթակներում, սակայն եթե իշխանությունները շարունակեն միևնույն ոճով և նախընտրեն պայքարի այլ մեթոդներ, ապա ՀՅԴ–ը միշտ էլ պատրաստ է դիմագրավել և հակահարված տալ:
«Այնպես չէ, որ դաշնակցական երիտասարդներն են առաջինը կարդացել ԿԳՄՍՆ-ում մշակված «Հայոց լեզվի» և «Հայոց պատմության» դասավանդման մասին օրինագիծը: Շատերն են տեղյակ եղել, հարցն արդեն քննարկվում էր, դժգոհությունը կար, և մեր երիտասարդների հետ այդ դժգոհող մարդիկ իրենց ձայնն են բարձրացնում»,- նշեց նա։
Անդրեասյանի կարծիքով՝ դաշնակցական երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիան, ավագ ՀՅԴ–ականների հրահրմամբ չի եղել և դա հեռու է իրականություն լինելուց. Ավելին՝ նա մանրամասնեց, որ շարժումը դաշնակցության քաղաքականության հետ կապ չունի, քանի որ երիտասարդների սկսած պայքարը կոնկրետ հարց ունի։
«Նիկոլ Փաշինյանն էլ Արայիկ Հարությունյանի հրաժարական պահանջելը դաշնակցության գերնպատակը համարեց։ Դա չէր գերնպատակը, բայց գերնպատակներ շատ կան։ Այդպիսի նախարար իրականում Հայաստանում չպետք է լինի»,- շեշտեց նա:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել ԿԳՄՍ նախարարության դիմաց անհնազանդության խաղաղ գործողություն իրականացնող ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստների նկատմամբ․ 24 խաղաղ ցուցարար բերման էր ենթարկվել ․ 19 հոգու տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոնի բաժին, ևս 5 հոգու՝ Էրեբունու բաժին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին, ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց և ակնկալում էին նախարարի հետ հանդիպում։ Նախարարությունից, սակայն, հայտնեցին, որ հանդիպման համար կա հատուկ ընթացակարգ, որից հետո երիտասարդները՝ ճեղքելով ոստիկանական պատը, հավաքվեցին դռան դիմաց, ինչի ժամանակ էլ ոստիկանությունը՝ բիրտ մեթոդներ կիրառելով, հեռացրեց ցուցարարներին: