Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ է, որ անհամաչափ ուժի կիրառում է տեղի ունենում․ ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, մեկնաբանելով ԿԳՄՍ նախարարության դիմացից ՀՅԴ ՀԵՄ ցուցարարներին բռնի ուժ գործադրելով բերման ենթարկելու փաստը։
«Երիտասարդության պահանջը՝ հանդիպելու սեփական երկրի, սեփական կառավարության անդամի հետ, այսպիսի վերաբերմունքի է արժանանում»,-ասաց նա:
Եթե երիտասարդների նկատմամբ նման վարքագիծ է կիրառվում, սա, նրա խոսքով, նշանակում է, որ այս իշխանության տվյալ ներկայացուցիչը այլևս անելիք չունի այս երկրում:
«Դատելով տեղեկատվությունից, որը ես ստացել եմ, սադրանքը հրահրվել է նույն ոստիկանության կողմից․ համենայն դեպս, իմ նախնական գնահատումը դա է»,-նկատեց Արծվիկ Մինասյանը:
Նա արձանագրեց, որ երիտասարդները պահանջել են հանդիպում և, նախարարության կողմից արձագանք չլինելու պարագայում, փորձել են մտնել նախարարություն և նախարարության ներսում ունենալ հանդիպում․ արդյունքում՝ ուժ է գործադրվել:
«Սրա պատասխանը պետք է տան թե՛ իրավապահ մարմինները, թե՛ այն պատասխանատու անձինք, ովքեր այսօր զբաղեցնում են այդ հանրային պաշտոնները և ցուցաբերում նման վերաբերմունք հայ երիտասարդի նկատմամբ»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Երիտասարդների գործողությունները, այդ թվում՝ նախարարության մուտքը փակելը, նրա համոզմամբ, չեն եղել անօրինական:
«Եվ, եթե կարող են այսօրվա իշխանության այն ժամանակվա գործողությունները և ոչ միայն այն ժամանակվա, նաև ներկայիս գործողությունները իրենց համար հաճելի զանգվածի կողմից համարվեն օրինական, ինչու՞ պետք է ընդդիմախոսների նման գործողությունները անօրինական լինեն: Սա արդեն քաղաքական ենթատեքստ պարունակող հստակ վարքագիծ է, և սրա պատասխանը պետք է տան»,-ասաց նա:
Իսկ այսօրվա գործողություններից հետո, Արծվիկ Մինասյանի խոսքով, նախարար անունը չպետք է դրվի նման վարքագիծ ցուցաբերող անձի վրա:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել ԿԳՄՍ նախարարության դիմաց անհնազանդության խաղաղ գործողություն իրականացնող ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստների նկատմամբ․ 24 խաղաղ ցուցարար բերման էր ենթարկվել ․ 19 հոգու տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոնի բաժին, ևս 5 հոգու՝ Էրեբունու բաժին։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց և ակնկալում էին նախարարի հետ հանդիպում։ Նախարարությունից, սակայն, հայտնեցին, որ հանդիպման համար կա հատուկ ընթացակարգ, որից հետո երիտասարդները՝ ճեղքելով ոստիկանական պատը, հավաքվեցին դռան դիմաց, ինչի ժամանակ էլ ոստիկանությունը՝ բիրտ մեթոդներ կիրառելով, հեռացրեց ցուցարարներին։