կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 15:23
Քաղաքական

Ստամբուլյան կոնվենցիան պաշտպանում է ոչ թե կնոջը, այլ կանացի վարքագիծ դրսևորողին. Ավետիք Չալաբյան

Ստամբուլյան կոնվենցիան պաշտպանում է ոչ թե կնոջը, այլ կանացի վարքագիծ դրսևորողին. Ավետիք Չալաբյան

Ստամբուլյան կոնվենցիան՝ պաշտոնական անվանումը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա», զարտուղի ճանապարհով 2 կարևոր գաղափար է ներմուծում, որոնք վտանգավոր են. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը՝ մեկնաբանելով այդ գաղափարները.

«Առաջին գաղափարը կանանց և տղամարդկանց ավանդական դերերի համահարթեցումն է, այսինքն՝ հասարակության մեջ կանանց և տղամարդկանց դերերի որևէ տարբերակում չպետք է լինի, և դա բռնության հետ կապված խնդիր չէ: Օրինակ՝ մեր հասարակության մեջ ընդունված է, որ տղամարդն է ծառայում բանակում, իսկ կինը երեխա է ունենում: Պատկերացրեք, որ տղամարդն ասում է՝ ինչո՞ւ պետք է ես ծառայեմ բանակում, թող բոլոր կանայք նույն ձևով ծառայեն բանակում, կամ ընդհակառակը՝ կանայք ասում են՝ ինչո՞ւ մենք պետք է երեխա ունենանք, թող տղամարդիկ էլ երեխա ունենան»,- հավելեց նա:

Ավետիք Չալաբյանի խոսքով՝ սա աբսուրդ է թվում, բայց իրականում սկսում է տեղի ունենալ, որովհետև կան տղամարդիկ, որ հրաժարվում են բանակում ծառայելուց, նաև կան այնպիսիք, որ սեռ են փոխում, որպեսզի երեխա ունենան, և կանայք կան, որ, ընդհակառակը, սեռ են փոխում, որ երեխա չունենան: «Իմ կարծիքով՝ սա վտանգավոր է մեր հասարկության համար, որովհետև մեր հասարակությունն ավանդապաշտ  է և որոշակի նորմերով է ապրում»:,- ասաց նա:

Yerkir.am-ի դիտարկմանը՝ գուցե կոնվենցիայում խնդրահարույց դրույթները  պարզապես ներառում են հասարակության այն պատկերացումները, որոնցով առանձնացվում է, օրինակ, կանանց և տղամարդկանց համար մասնագիտության ընտրությունը, Ավետիք Չալաբյանն արձագանքեց. «Կոնվենցիայում ոչ մի բան բացահայտ չի գրված: Երկու գաղափարախոսություն է ներմուծվում՝ սոցիալապես ընկալելի վարքագծի հիման վրա սեռի սահմանումը և կանանց ու տղամարդկանց վարքագծային համահարթեցումը: Կենսաբանական սեռ գաղափարն ամբողջ կոնվենցիայի տեքստում փոխարինված է սոցիալական վարքագծով՝ այսպես կոչված գենդերով: Ընդ որում՝ դրա վրա շատ հզոր շեշտադրում է արված ամբողջ կոնվենցիայում, այսինքն՝ կոնվենցիան պաշտպանում է ոչ թե կենսաբանական էակ կնոջը, այլ ցանկացած անձի՝ անկախ նրա կենսաբանական սեռից, որը կանացի վարքագիծ է դրսևորում: Եվ երկրորդ՝ կոնվենցիայի 12-րդ հոդվածը բավական կոպիտ տերմիններով նշում է, որ պետք է արմատախիլ անել, մասնավորապես՝ կրթական միջոցներով, օրենսդրական նորմերով, կանանց և տղամարդկանց վարքագծային ավանդույթներն ու նախապաշարումները»:

Կուսակցության համահիմնադիրը օրինակ բերեց հայկական այն ավանդույթը, ըստ որի՝ տղամարդն ընտանիքը պաշտպանում է, իսկ կինը երեխաներ է ունենում և դաստիարակում:  «Այդպես է մեր հասարակությունը գործում, և դա է մեր հասարակական ներդաշնակցության հիմքը: Եթե մենք այդ հիմքը խարխլում ենք, ի՞նչ ենք դիմացն ակնկալում: Եվ կոնվենցիայի ցավոտ հոդվածներից մեկը դա է»,- նշեց նա:

Հարցին՝ Ստամբուլյան կոնվենցիան պարունակո՞ւմ է այլ խնդրահարույց դրույթներ, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրը պատասխանեց.«Կոնվենցիայի վերջում կա նաև հոդված, որը հնարավորություն է տալիս միացող երկրներին՝ որոշակի վերապահումներ անել. հատուկ գնում ես այդ վերապահումների տեքստով և զարմանքով հայտնաբերում, որ այդ վերապահումները չեն վերաբերում այդ՝ իմ նշած կետերից որևէ մեկին: Օրինակ՝ կետ կա, որ բռնության զոհին պետությունը պետք է հատուցում տրամադրի, եթե բռնարարքն իրականացնողը չի կարող փոխհատուցում տրամադրել: Եվ կոնվենցիայի վերապահումը տարածվում է այդ կետի վրա: Պետությունները կոնվենցիային միանալիս կարող են այդ կետից հրաժարվել, որովհետև պետությունը չպետք է փոխհատուցում տրամադրի անձերի միջև բռնության համար, և դա նորմալ է: Սակայն բացարձակ չկա վերապահման հնարավորություն այդ  գենդերային փիլիսոփայության հետ կապված»:

Անդրադառնալով կոնվենցիայում առկա այլ խնդիրների՝ Ավետիք Չալաբյանը շեշտեց, որ դրանք երկրորդական բնույթի խնդիրներ են: «Օրինակ՝ դատական պրոցեսում բռնության զոհ կինն իրավունք ունի ցուցմունք տալու դատարանում՝ առանց մեղադրյալի ներկայության: Մեր դատական պրոցեսը ենթադրում է, որ մեղադրյալի և տուժածի միջև գոյություն ունեն մրցակցային հարաբերություններ, այսինքն՝ և՛ տուժողը, և՛ մեղադրյալը պետք է հիմնավորեն իրենց տեսակետը: Երբ առանց մեղադրյալի ներկայության է տուժողը դատարանում ցուցմունք տալիս, սխալ է, որովհետև ստելու հավանականությունն է մեծանում, քանի որ կան իրավիճակներ, որ որոշ կանայք բեմականացնում են, որ իրենց նկատմամբ տեղի է ունեցել սեռական ոտնձգություն, և այս իրավիճակում մեղադրյալը չի կարող արձագանքել, և դա անհավասար պայմաններ է ստեղծում»,- ասաց նա:

Ավետիք Չալաբյանը նշեց նաև, որ մեր երկրում թեև վերջին մեկ տարում նոր իշխանության ջանքերով խարխլվել է սոցիալական համերաշխությունը, այնուամենայնիվ, այն շատ ավելի բարձր մակարդակի վրա է՝ համեմատած ուրիշ հասարակությունների հետ: «Դա արտացոլվում է նրանով, որ Հայաստանում շատ ավելի ցածր է հանցագործությունների, հատկապես՝ ծանր հանցագործությունների մակարդակը, քան մեզ շրջապատող ցանկացած երկրում: Մենք պետք է հասկանանք, որ այդ սոցիալական համերաշխությունը կարող է խախտվել այս գործողությունների ընթացքում, և մենք կունենանք լրիվ այլ տեսակի հասարակություն, որը շատ ավելի ֆրագմենտացված է, շատ ավելի անդեմ է, շատ ավելի նյութապաշտ ու սպառողապաշտ է և, ընդհանրապես, շատ ավելի անհատապաշտ է»,- ասաց նա:

Ավետիք Չալաբյանն օրինակ է բերում քրիստոնեությանը փոխարինող կոմունիստական գաղափարախոսության անհաջող փորձն ու նշում՝ «Այն ժամանակ գոնե փոխարենը ինչ-որ բան էր առաջարկվում, իսկ հիմա փորձ է արվում քրիստոնեությունից հրաժարվել՝ փոխարենը բացարձակապես անհատապաշտություն առաջարկելով»:

 

Նարա Մարտիրոսյան